«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊ ընկերությունը 2023 թվականի փետրվարի 13-ին դիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարության՝ ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Իսկ գործի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից:
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1528-Ն որոշմամբ (նախկինում նաեւ 2002 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1151-Ն եւ հետագայում ընդունված որոշումներով) Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ, եւ տարածքների ձեռքբերող է ճանաչվել «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն: ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1528-Ն որոշմամբ օտարման գործընթացի վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի դեկտեմբերի 28-ը, որը թիվ 1785-Ն որոշմամբ երկարացվել է եւս 1 տարով:
ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի «ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին թիվ 1785-Ն որոշման» ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1528-Ն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված՝ Երեւան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքը ներկայումս կառուցապատված է հին եւ խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով եւ շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին եւ կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների: Տարածքի անմիջական հարեւանությամբ գտնվող հողամասերի համար նախագծվել եւ մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, մասնակիորեն կառուցապատվել է Գլխավոր պողոտան: Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքներում առկա է եղել մոտ 150 գույք (շենք, շինություններ): («Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կողմից ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1528-Ն որոշման հիման վրա կազմվել է թվով 49 գույքի նկարագրության արձանագրություն: Ըստ այդմ, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1528-Ն որոշման կայացման պահին առկա է եղել արդեն 49 միավոր գույք: Տարածքում առկա է եւս 2 գույքային միավոր, որոնց նկատմամբ իրավունքների պետական գրանցում չի կատարվել: 3 գույքային միավորի նկատմամբ կնքվել են օտարման պայմանագրեր: Դատական գործընթացը սկսվելու պահին օտարման ենթակա էր թվով 48 գույքային միավոր:
Կարդացեք նաև
Կառավարությունը դատարան ներկայացրած իր պատասխան խոսքում հայտնել էր. «Նկատի ունենալով, որ «Հին Երեւան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է, թե քաղաքաշինական եւ թե պատմամշակութային արժեքների պահպանման եւ նորովի մատուցման տեսանկյունից, առկա խնդիրներին պետական մակարդակով լուծումներ տալու նպատակով ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 13-ի թիվ 384-Ա որոշմամբ ստեղծվել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհուրդ: Նկատի ունենալով «FRANCK MULLER GENEVE» շվեյցարական կազմակերպության գույքային միավորների նկատմամբ հավակնություններ ունեցող անձանց շրջանակի եւ իրավական կարգավիճակի առավել մեծ անորոշությունը, ինչպես նաեւ տարածքում դեռեւս չիրացված գույքերի սեփականատերերին հատուցում տրամադրելու համար ձեռք բերող ընկերության նախնական բյուջեի կանխատեսված ծավալներից շեշտակի բարձր գները՝ ընկերությունը դեռեւս չի կարողացել տարածքում առկա գույքային միավորների սեփականատերերի եւ գույքային իրավունքներ ունեցողների մի մասի հետ կնքել օտարման (փոխհատուցման) պայմանագրեր: Այդ ընկերությունը միաժամանակ հայտնել է պատրաստակամություն՝ ծրագիրը կենսագործելու նպատակով շարունակել իրացման գործընթացը եւ արդեն իսկ ազատված հատվածներում մեկնարկել առանձին շենքերի կառուցապատման աշխատանքներ, ինչի կապակցությամբ ընկերության հետ ձեռք են բերվել կոնկրետ համաձայնություններ»:
Դատական գործընթացի ժամանակ պարզվել էր նաեւ, որ «FRANCK MULLER GENEVE» շվեյցարական կազմակերպությունը խնդրել է ՀՀ կառավարությանը սահմանված սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը երկարացնել եւս 1 տարով: Ապա ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1785-Ն որոշմամբ թիվ 1528-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «4 տարի» բառերը փոխարինվել են «5 տարի» բառերով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերության կողմից տարածքում կատարվել է մասնակի օտարման գործընթաց, իսկ Երեւան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքի մի հատվածում ձեռքբերողներ «Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագույան» եւ «Սթարլայն» ՍՊԸ-ների կողմից քաղաքաշինական ծրագիրը մեծամասամբ ավարտական փուլում է:
Վարչական դատարանի 2023 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ այս գործով «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն ներգրավվել էր՝ որպես երրորդ անձ:
Դատարանի մեկ այլ որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից պահանջվել է տեղեկություններ՝ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված հասցեի վերաբերյալ:
Պատասխանող ՀՀ կառավարությունը 2023 թվականի մարտի 27-ին ներկայացնում է դիմումի պատասխան, իսկ երրորդ անձը 2023 թվականի հունիսի 29-ին է ներկայացնում պատասխանը:
Վարչական դատարանը 2023 թվականի նոյեմբերի 20-ին «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի դիմումն ընդդեմ ՀՀ կառավարության, երրորդ անձ՝ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ՝ ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժում է:
ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշումը ճանաչում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին (ակտերին) համապատասխանող:
Ութ հատորանոց գործն այս տարվա հունվարին հայտնվում է Վերաքննիչ վարչական դատարանում, որի որոշմամբ նույնպես գրավոր ընթացակարգով է քննվում բողոքը: Թուֆենկյանների (իրավահաջորդ «ՋԵՅ ԷՖ ԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն) ներկայացուցիչներ Միքայել Դանիելյանի, Վարդան Վարդանյանի եւ Արգիշտի Մեսրոպյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը հոկտեմբերի 10-ի որոշմամբ ամբողջությամբ մերժվեց` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի որոշումը թողնվեց անփոփոխ:
Վերաքննիչ վարչական դատարանի գնահատմամբ. «Անհիմն է դիմողի պնդումն այն մասին, որ ՀՀ կառավարությունը, 2022 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1785-Ն որոշմամբ փոփոխություն կատարելով 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1528-Ն որոշման մեջ, մասնավորապես, փոփոխելով թիվ 1528-Ն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված գույքերի օտարման գործընթացը սկսելու համար ի սկզբանե սահմանված վերջնական ժամկետը («4 տարի» բառերը փոխարինվել են «5 տարի» բառերով), խախտել է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով ամրագրված պահանջը, որից ելնելով՝ վիճարկվող որոշումը հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետին:
Ինչ վերաբերում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին, ապա դրանով սահմանված յոթամյա ժամկետը վերաբերում է բացառապես օտարման նպատակի իրագործման սկսվելուն, իսկ նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը՝ սեփականության օտարման գործընթացը սկսելու հնգամյա վերջնական ժամկետին»:
Վճռաբեկ դատարանում գործն արդեն 9 հատոր էր՝ գումարած 3 հավելվածներ:
2024 թվականի դեկտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանը բողոքը (դիմումը) բավարարել է։ Դատարանը որոշեց՝ նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 2023 թվականի սեպտեմբերի 20-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, թուֆենկյանների վճռաբեկ բողոքը բավարարել եւ վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2023 թվականի հուլիսի 17-ի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
Նոր երեւան եկած հանգամանքը ընկերության դիմումի հիման վրա կայացրած Սահմանադրական դատարանի որոշումն էր, որի մասին «Առավոտն» անդրադարձել էր: ՀՀ սահմանադրական դատարանը, ընկերության անհատական դիմումի հիման վրա քննության առնելով «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի եւ 195-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2024 թվականի ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1725 որոշմամբ որոշել է. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 195-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին եւ 75-րդ հոդվածին հակասող եւ անվավեր: Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով»։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1725 որոշումը հանդիսանում է նոր հանգամանք՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով։
ՀՀ սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1725 որոշմամբ, մասնավորապես, արտահայտել է հետեւյալ իրավական դիրքորոշումները. «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակներում օրենսդրի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցման միջնորդությունը մերժելու մասին միջանկյալ դատական ակտը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման օրենսդրական հնարավորություն չնախատեսելը համահունչ չէ Սահմանադրությամբ երաշխավորված անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին։ … Անհրաժեշտ է սահմանել կազմակերպական այնպիսի կառուցակարգեր եւ ընթացակարգեր, որոնք կապահովեն նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակներում վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորությունը՝ ապահովելով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ կենսագործումը»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.12.2024