Թուրք-ադրբեջանական ինտենսիվ շփումներն ընթանում են վտանգավոր փուլում եւ մթնոլորտում
Մինչ պաշտոնական Երեւանից շարունակ պնդում են, թե շատ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը, Բաքվից անցյալ շաբաթ նախապայմանների ու պահանջների շարան ներկայացրեցին Հայաստանին: Բաքվի պահանջները` Հայաստանի սահմանից Եվրամիության դիտորդների դուրսբերումից մինչեւ Սահմանադրության փոփոխություն, գրեթե ամենօրյա ռեժիմով են հնչում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս Սահմանադրական դատարանի որոշումը վկայաբերելով` վստահեցրել էր, որ Հայաստանի Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջ չի պարունակում հարեւան երկրների նկատմամբ: Այդուհանդերձ, նա ամիսներ առաջ նոր Սահմանադրություն գրելու հանձնարարություն տվել էր, բայց թե երբ այն պատրաստ կլինի, եւ կհանվի՞ արդյոք Ադրբեջանի համար խնդրահարույց համարվող հղումն Անկախության հռչակագրին, դեռ պարզ չէ:
«Այն փաստարկները, որ մենք վերջերս լսում ենք Հայաստանից, չեն կարող բավարարել մեզ։ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջերս ընդունած որոշումը սրել է խնդիրը, որովհետեւ հենց Հայաստանի Սահմանադրության նախաբանում է հղում արված փաստաթղթին, որն ընդունվել է Հայաստանի անկախացումից հետո, եւ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այդ որոշումն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը», նշել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Միեւնույն ժամանակ նա նշել էր, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծի 17 կետից 15-ն արդեն համաձայնեցված են, բայց չէր հստակեցրել՝ արդյոք չհամաձայնեցված կետերից է Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը:
Կարդացեք նաև
Պաշտոնական Երեւանից ավելի վաղ նշել էին, թե պայմանագրի նախագծում այդպիսի կետ չկա: Ի տարբերություն սրա՝ նախագծում ներառված է Հայաստանի սահմանից Եվրամիության դիտորդների դուրսբերման ադրբեջանական պահանջը: Փաշինյանը, հիշեցնենք, որ ավելի վաղ ասել էր, թե պատրաստ են սահմանազատված հատվածներից հանել դիտորդներին: Սա, ըստ Ադրբեջանի կառավարությանը կից վերլուծական կենտրոնի, խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից է:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի անցյալ շաբաթ արված հայտարարությունը հիմք ընդունելով, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանին Փաշինյանի առաջարկը չի բավարարում: Ալիեւի օգնականը պնդել է, թե Հայաստանում ԵՄ դիտորդներ առհասարակ պետք է չլինեն. «Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության գործունեությունը պետք է ավարտվի։ Առաքելության տեղակայումը համաձայնեցվել է Պրահայում՝ Իլհամ Ալիեւի, Էմանուել Մակրոնի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Այդ առաքելությունը պետք է լիներ կարճաժամկետ։ Ինչպես տեսնում ենք, սա դառնում է կայուն առաքելություն, եւ դրա կազմը, ինչպես նաեւ աշխարհագրական մանդատի տարածքն ընդլայնվում են: Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխըմբռնման եւ խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացում երրորդ կողմի մասնակցության որեւէ անհրաժեշտություն չենք տեսնում։ Մենք Եվրամիության առաքելությունը չենք համարում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը նպաստող գործոն։ Սա մտահոգիչ գործոն է»։
Ալիեւի օգնականն այսպիսով, ընդգծել է` Հայաստանի տարածքում ցանկացած երրորդ երկրի ուժերի տեղակայումը մտահոգիչ է, բացի այդ` Բաքուն սահմանազատման գործընթացում երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չի տեսնում:
Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ անդրադարձել է «միջանցքի» թեմային` նշելով, որ Ադրբեջանը շարունակում է իր տարածքում արագացված տեմպերով աշխատել «Զանգեզուրի միջանցք»-ի բացման ուղղությամբ: Օրեր առաջ Բաքվում Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայն էր հայտարարել, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարեւոր պայման է։ «Հուսով ենք, որ Հայաստանը չի անսա երրորդ կողմերից եկող կեղծ լուրերին եւ կյանքի կկոչի խաղաղության եւ զարգացման ծրագիրը, – նշել էր Թուրքիայի իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցիչը` հավելելով,- «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներն ադրբեջանական կողմից ավարտվել են, Հայաստանի սահմաններին մնում են աշխատանքներ, որոնք անհրաժեշտ է ավարտին հասցվեն։ Հուսով ենք, որ մոտ ապագայում կիրականացվի»։ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կախված է Հայաստանի ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումից, բայց վերջնական դրական որոշում այդ հարցի շուրջ չկա», – ասել էր նա։
Այսինքն, Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններից ակնհայտ է, որ խաղաղության պայմանագրից դուրս քննարկվող տարածաշրջանային հաղորդակցությունների բացման շուրջ եւս կողմերը կոնսենսուս չունեն: Թեեւ Փաշինյանը վերջերս պնդել էր, թե այդ հարցում ադրբեջանական կողմին փոխանցված առաջարկները իրատեսական են, Ադրբեջանի արտգործնախարարը դրանց չի անդրադարձել, փոխարենը խոսել է «Զանգեզուրի միջանցքից»՝ պնդելով, թե իրենց տարածքում ակտիվ տեմպերով աշխատում են դրա բացման ուղղությամբ: Թեմային անցյալ շաբաթ անդրադարձել է նաեւ Թուրքիայի տրանսպորտի նախարարը՝ ընդգծելով, թե «Զանգեզուրի միջանցքը» Անկարայի համար անփոխարինելի նախագծերից է։
Բաքվի մյուս դժգոհությունը, ինչպես հայտնի է` Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու թեմայով է: «Հայաստանի վերազինումը բացասական ազդեցություն է թողնում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման վրա», նշել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Զիյա Ջեմալ Քադըօղլուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի բարձրաստիճան զինվորականները կարեւորել են «աշխարհում վերջին շրջանում տեղի ունեցող հակամարտությունների համատեղ վերլուծությունը եւ ուսումնասիրությունը, պատերազմի ժամանակակից մեթոդները»։
Նախորդ տարի Երեւանն ու Փարիզը ստորագրեցին ռազմական մատակարարումների պայմանագիր. հաղորդվեց, որ Ֆրանսիան Երեւանին կմատակարարի երեք GM200 ռադարներ, Mistral հրթիռներ: Ֆրանսիական կողմը հայտնել էր, որ Հայաստանին կօգնի նաեւ Զինված ուժերի բարեփոխումների հարցում, ինչպես նաեւ կշարունակի պաշտպանության բնագավառում Հայաստանին աջակցությունը։
2022-ի վերջից Ֆրանսիան ու Հնդկաստանը դարձել են Հայաստանի հիմնական գործընկերները։ Զինված ուժերի բարեփոխման, ռազմական կրթության ու մարտական պատրաստության ոլորտում Երեւանը գործակցում է նաեւ Վաշինգտոնի ու Աթենքի հետ։ Բաքուն հայտարարում է, թե «Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման քաղաքականությունից», սպառնալով՝ «դրան պետք է վերջ տրվի, քանի դեռ ուշ չէ։ Հայաստանը մեկ անգամ չէ հայտարարել, որ «մարտունակ բանակ ունենալն իր ինքնիշխան իրավունքն է»։
Հայաստանի ռազմականացման դեմ դժգոհող Բաքուն ինքն է ընդլայնում իր ռազմատեխնիկական հնարավորությունները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի վերջին հայտարարեց, թե Ադրբեջանը ռազմական արդյունաբերության ոլորտում նոր համագործակցություններ է հաստատում բազմաթիվ երկրների հետ՝ շեշտելով՝ երկրի պաշտպանունակության ամրապնդումն առաջնահերթություն է։
«Ցավում ենք, որ Ֆրանսիան, ի հեճուկս միջազգային իրավունքի, մասնակցում է Հայաստանի ռազմականացման ծրագրին», իր հերթին օրերս հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա կրկին պնդել է, թե Հայաստանը Ֆրանսիայից «մահաբեր զենք է ստացել»:
Հաջիեւն, ի դեպ, օրերս աշխատանքային այցով Անկարայում էր, որտեղ հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր խորհրդական Աքիֆ Քըլըչի եւ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունի հետ։ «Եղբայրական Թուրքիա այցի շրջանակներում ես անկեղծ եւ բովանդակալից հանդիպումներ ունեցա իմ սիրելի եղբայրներ Ֆահրեթթին Ալթունի եւ Աքիֆ Քըլըչի հետ։ Մենք քննարկել ենք իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում, ինչպես նաեւ վերանայել ենք մեր երկկողմ դաշնակցային հարաբերությունները», հայտնել էր նա:
Հարավային Կովկասում կայունության ուղին անցնում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, իր հերթին նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: «Անկարան դրական է գնահատում այս ուղղությամբ երկու երկրի ջանքերը, ինչպես նաեւ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը»,- նշել է Յաշար Գյուլերը։
Այսպես, Ադրբեջանի ու Թուրքիայի բարձրաստիճան զինվորականները վերջին օրերին ակտիվ հանդիպումներ են ունենում, փոխադարձ այցեր, կարեւորում են համատեղ զորավարժություններն ու ռազմական ավելի խորը համագործակցությունը, անընդմեջ հայտարարություններ են անում։
Հայաստանի իշխանությունները սթափ գնահատո՞ւմ են ստեղծված իրավիճակը…
Հայաստանի նկատմամբ ռազմական գործողությունների ռիսկեր կա՞ն, թե՞ ոչ: Ի՞նչ են նշանակում Ադրբեջանից չդադարող պահանջներն ու խաղաղության գործընթացն, ըստ էության, արգելափակելու Բաքվի հստակ քաղաքականությունը:
Բաքվի կեցվածքը հստակորեն Հայաստանի համար որոշակի սպառնալիք ներկայացնող իրավիճակ է: Սիրիայում Թուրքիայի հաջողությունը ձեւավորել են լիովին նոր իրադրություն: Ալիեւը կարո՞ղ է օգտվել իրավիճակից, ստանալ Թուրքիայի աջակցությունը: Ի վերջո, Ալիեւն առաջնորդվում է` ինչ հնարավոր է կորզել Հայաստանից` պետք է կորզել, սկզբունքով, մանավանդ որ, Հայաստանի իշխանությունները հակված են չնկատել Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգը հետեւողականորեն մերժելու հստակ գիծը:
Ադրբեջանը բացարձակ անտեսում է Հայաստանի վարչապետի հավաստիացումները, թե՝ Հայաստանը հարեւաններից տարածքային պահանջներ չունի։ Ադրբեջանը ցույց է տալիս, որ կանգ չի առնելու Հայաստանին ներկայացված իր պահանջներով ու թելադրած պայմաններով:
Մինչդեռ պաշտոնական Երեւանը համարժեք չի պատասխանում ո՛չ Բաքվից ու Անկարայից շարունակ հնչող «միջանցքային» թեմաներով հայտարարություններին, ո՛չ էլ Բաքվի մյուս պահանջներին ի պատասխան:
Այս իրավիճակում հնարավո՞ր է մոտ ապագայում խաղաղության համաձայնագրի ստորագրում…
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.12.2024