Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության օրակարգ չկա, կա Հայաստանի կողմից հող տալու օրակարգ. Հրանտ Բագրատյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 18,2024 10:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին։

– Պարոն Բագրատյան, իշխանությունները մտադիր են մի շարք ոլորտներում գործող տնտեսվարողներին շրջանառության հարկման դաշտից տեղափոխել ավելացված արժեքի հարկման դաշտ, այսինքն՝ նրանց հարկային բեռը խիստ մեծանալու է։ Ինչո՞ւ է արվում այդ փոփոխությունը։

– 2012-ից ներդրվել է շրջանառության հարկը, եւ հույս կար, որ ամբողջ տնտեսությունն աստիճանաբար կանցկացնենք շրջանառության հարկի։ Հիմա մենք, փաստորեն, այդ ռեֆորմից հրաժարվում ենք։ Այն, ինչ իրենք հիմա անում են, հակառեֆորմ է, եւ մոտիվացիան պարզ չէ, թե ինչու է արվում, չի բացատրվում։ Մենք, ընդհակառակը, աստիճանաբար պիտի հրաժարվենք ԱԱՀ-ից եւ անցնենք պարզ հարկային համակարգի։ Մենք ունենք բարդ հարկային համակարգ, հիմա մի քանիսի նկատմամբ պարզ հարկային համակարգն ենք կիրառում ու փոխանակ մեծ մասի նկատմամբ կիրառվողը նույնպես պարզեցնենք, հակառակն ենք անում՝ պարզը դարձնում ենք բարդ։ Դա նպաստելու է ստվերային տնտեսության ավելացմանը։

– Փաշինյանը հայտարարում է, որ շրջանառության հարկի հետ կապված նոր կարգավորումներով օրինական աշխատող փոքր բիզնեսի հարկային բեռը կնվազի, իսկ ստվերը կկրճատվի։ Այսպես էր բացատրում շրջանառության հարկի շեմի բարձրացումը՝ 5-ից 10 տոկոսի։

– Սուտ է, այն, ինչ ասացիք, այդտեղ ստվեր լինել-չլինելու հարց չկա, հասկանանք, որ իրենց փող է պետք։ Փո՞ղ է պետք՝ 5 տոկոսը թող դարձնեն 10 կամ 15, բայց ոչ թե հարկատեսակը փոխեն՝ գնա ԱԱՀ դաշտ։ Ըստ էության, փոքր բիզնես չի կարող լինել՝ առանց հաշվապահի, առանց հաշվապահության, ընդհուպ մինչեւ մարդիկ գիտական թեմա են կատարում, դասախոսություն են կարդում, այդ թեմայի համար հաշվապահ պիտի պահեն։ Բնականաբար, մարդիկ հրաժարվելու են այդ գործունեությունից։ Ընդհանրապես, տնտեսության մեջ մենք ստվերն ավելի շատ ունենք այնտեղ, որտեղ ավելացված արժեքի հարկը գործում է։ Կառավարությունը, ընդհակառակը, պետք է փորձեր սահմանափակել ԱԱՀ գործունեության շրջանակը։ Արգումենտը, թե ինչու ենք փոխում, այն է, որ քիչ փող է գալիս բյուջե։ Կրկնում եմ՝ քիչ փող է գալիս, հարկադրույքը բարձրացրեք։ Հասկացեք, այնտեղ, որտեղ գործում է շրջանառության հարկը, հարկային տեսուչը վարչարարությամբ զբաղվելու անհրաժեշտություն չունի, հիմա սրանով հարկային տեսչությունը նորից դառնալու է իրադրության տերն ու տիրակալը, նորից ամեն օր մտնելու է հիմնարկներ։ Տնտեսությունում այդ ռեպրեսիվ մեթոդները, ընդհակառակը, բերում են նրան, որ որպես պատասխան այդ ռեպրեսիվ մեթոդների, ստվերը միշտ բարձրանում է, եւ տնտեսական ակտիվությունն է թուլանում։

– Ի՞նչ է լինելու, այսպես կոչված, խաղաղության օրակարգի հետ։ Նաեւ՝ իշխանությունը չի բացահայտում, թե հաջորդիվ որ հատվածում են սկսելու, այսպես կոչված, սահմանազատման գործընթացը։

– Խաղաղության օրակարգ չկա, կա Հայաստանի կողմից հող տալու օրակարգ։ Այս իշխանության օրակարգում խաղաղություն չկա։ Ինչ վերաբերում է սահմանազատմանը, ես կարծում եմ, որ մենք սահմանազատված եւ սահմանագծված ենք, 4-րդ տարին է, որ այդ գործով եմ զբաղվում, գործն ուղարկել ենք դատախազություն, եւ չեմ հասկանում, թե կառավարությունն ինչն է ուզում սահմանազատել, երբ այդ բոլոր թղթերը ստորագրված են Ադրբեջանի կողմից՝ 1989 թվականին։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031