Ադրբեջանական դատախազությունը եւս մի քանի տասնյակ մեղադրանք է առաջ քաշել հայ բարերար, ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ՝ այն հաշվարկով, որ նրան կարողանան ազատազրկել ցմահ: Մեղադրանքների անհեթեթությունն առանձնապես ապացույցների կարիք չունի՝ պարզ է, որ դա քաղաքական վրեժ է մի մարդուց, որը զբաղվում էր բացառապես բարեգործությամբ, եւ որը որոշել է իր կյանքը նվիրել Արցախին:
Բայց Արցախին նվիրվելը, Արցախի մասին անգամ խոսելը տհաճ է նաեւ Հայաստանի ներկայիս իշխանությունների եւ նիկոլական զանգվածի համար: Տարիներ շարունակ նրանք թույն են շնչում հայկական այդ տարածքի ժողովրդի հանդեպ՝ ատելություն, որը սրվեց 2020 թվականի պարտությունից հետո՝ չնայած տրամաբանությունը հուշում է, որ գոնե այդ ժամանակից սկսած պետք է որոշակի կարեկցանք, ցավի որոշակի ապրումակցում առաջանար: Նույնիսկ երեւանյան խցանումները, որոնք առնվազն երկու տասնամյակ պարալիզացնում են մայրաքաղաքի երթեւեկությունը, նրանք վերագրում են արցախցիներին, որոնք, իհարկե, բոլորը «մեծահարուստ են» եւ շքեղ մեքենաներ ունեն:
Այդ պայմաններում ակնկալել, որ Հայաստանի իշխանությունը մատը մատին կխփի՝ գերիներին տուն վերադարձնելու համար, իհարկե, միամտություն կլինի: Հակառակը՝ անձամբ Փաշինյանն ավելացնում է թույնի չափաբաժինը՝ ըստ էության, հայտարարելով, որ Վարդանյանը Պուտինի գործուղածն է: Հրաշալի «պաս» է Ադրբեջանի ուղղությամբ:
Ալիեւը կոչ է անում Փաշինյանի կառավարությանը՝ համագործակցել իր հետ՝ հայ գերիների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու հարցում: Չեմ բացառում, որ Հայաստանի ներկայիս վարչապետն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ համերաշխորեն լծվի այդ «կառուցողական աշխատանքին», հարեւան երկրին հանձնի մի քանի «ահաբեկչի» կամ նույնիսկ մեր երկրում դատավարություններ կազմակերպի եւ դատապարտի Տեր-Պետրոսյանին ու նրա վարչակազմի ներկայացուցիչներին՝ «ուրիշի տարածքը զավթելու համար»: Շատ հնարավոր է նաեւ, որ այդ «հանցագործության» համար ներողություն խնդրի «հումանիստ» ադրբեջանցիներից:
Կարդացեք նաև
Համենայնդեպս, այն, որ Ալիեւը համարձակվում է հայկական պետության ղեկավարին նման առաջարկ անել, շատ բան է ասում այդ ղեկավարի մասին: Ադրբեջանի նախագահը շատ լավ հասկանում է, որ իր դատախազների կողմից թխած «քրեական գործերը», մեծ հաշվով, Փաշինյանի սրտով են:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ադրբեջանի պարագայում բացարձակ կապ չունի թե քանի տարով դատարանը կազատազրկի Վարդանյանին։
Եթե պետք լինի, դատարանի ցմահ ազատազրկման որոշումից 15 րոպե հետո, ներում կշնորհեն և կազատեն կալանքից,կամ հակառակը, եթե 6 ամսով դատարանն ազատազրկի, դա դեռ չի նշանակում,որ 6 ամիս հետո բաց կթողնեն։
Այս դատավարությունը, իհարկե, կրկես է,բայց հանդիսատես չունի։Միգուցե Ալիևը այսպիսով ուժի ցուցադրություն է անում, բայց դա իրեն վնաս է,որովհետեւ չեմ կարծում,որ հզոր երկրներին դուր է գալիս, երբ մկնիկը իրեն արծվի տեղ է դնում։
Արցախը և Հայաստանի սամանամերձ տարածքները հանձնելուց հետո ալիևի ուզած «ահաբեկիչներն» ինչ? է, որ նիկոլը չհանձնի: Այն քաղաքական և հասարակական գործիչները, որոնցից ինքը մրսում է, կհանձնի իր «քաղաքակիրթ» գործընկերոջը, որ նա «քաղաքակիրթ» դատավարություններ իրականացնի, այլ ոչ թե մեր «կախկանձող» դատավորների պես անվճռական լինի: Եթե Աղազարյան Հովիկը պատգամավորական մանդատը վայր չդնի, նրան էլ կուղարկի որպես միջպետական գաղտնիքները ջրի երես հանող դավաճան:
Լավ իմանալով, որ այս մարդն իր բնույթով հեշտ հանձնող է (բացառությամբ քննությունների, որ չկարողացավ հանձնի ու համալսարանից դուրս մնաց), իր տերերը նրան նշանակել են մեր երկրի ամենաբարձր պաշտոնին, որ ինչ կա-չկա հանձնի և ոչ մի բան ստատուս քվոյի տակ չթողնի: Միակ բանը, որ ստատուս քվոյի տակ դեռևս մնում է, դա հասարակության անհասկանալի համբերությունն է, որ բուժման կամ պատժման կարիք ունեցող պաշտոնատար անձին դեռևս չեն ուղարկում համապատասխան հիմնարկություն, որպեսզի համ մենք ու մեր սերունդները փրկվենք, համ էլ ինքը: