Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդի կամք» դարավոր առասպելն առայժմ կենսունակ է

Դեկտեմբեր 18,2024 13:00

Ինչպես են մարդկանց ուղեղները լվանում 3-4 դար առաջ ծնված ուտոպիաներով

«Եթե Սիրիայի ժողովուրդը ցանկանար պաշտպանել Ասադի ռեժիմը, ապա նրան ոչ մի ուժ չէր հաղթի», – գրում է իմ հարգարժան ընթերցողներից մեկը: Նա ելնում է այն կանխավարկածից, որ գոյություն ունի այնպիսի հստակ միավոր, ինչպիսին է «Սիրիայի ժողովուրդը», որն ինչ-որ ձեւով արտահայտում էր իր «կամքը» ու որոշում էր՝ մնա՞ Ասադի ընտանիքը իշխանության գլխին, թե՞ չմնա: Իրականում Սիրիան բաղկացած է մի քանի տասնյակ խմբերից, որոնք անհաղթահարելի էթնիկ եւ դավանաբանական հակասություններ ունեն, եւ որպես միասնական պետություն՝ որոշ ժամանակ կարող էր գոյություն ունենալ Ասադների (ալեւի փոքրամասնության) դաժան բռնապետության շնորհիվ:

Բաշար Ասադի փախուստի պահին նման պետությունը դե ֆակտո գոյություն չուներ: Խիստ կասկածում եմ, որ թուրքամետ զինյալների նույնքան (եթե ոչ ավելի) դաժան բռնապետությունը կկարողանա իրականում պահպանել «Սիրիա» անունով պետությունը, որի սահմանները գծել էին եվրոպացիներն Առաջին աշխարհամարտից հետո: Իսկ այդ սահմաններից դուրս կան խաղացողներ՝ մասնավորապես, Թուրքիան, Իրանը, Իսրայելը, որոնք որեւէ հարգանք չունեն այդ սահմանների հանդեպ: Ինչ ռեժիմներ կլինեն Սիրիայում վաղը կամ մյուս օրը, չեմ կարող ասել: Բայց «Սիրիայի ժողովրդի կամքն» այստեղ հաստատ որեւէ կապ չունի:

Եթե մարդիկ կան, որոնք հավատում են (կամ ձեւ են անում, թե հավատում են) դարավոր ստին, իբր «իշխանությունը պատկանում է ժողովրդին», եւ ամեն ինչ որոշվում է ընտրություններով, ապա նրանք պետք է ընդվզեն, երբ որոշ երկրներում ընտրությունները մի դեպքում «վերեւից հաստատվում են», իսկ մյուս դեպքում՝ «չեն հաստատվում»: Դա միամիտներին (եթե միամիտ են) պետք է որ մի պարզ բան հուշի.  խնդիրը ոչ թե ընտրությունն է, այլ դրա «հաստատումը», այսինքն՝ որոշակի կառույցների հայտարարությունն այն մասին, որ նրանք ընդունում են ընտրությունների արդյունքները: Կամ՝ չեն ընդունում:

Օրինակ՝ Ադրբեջանում, երբ երկու տասնամյակից ավելի ընտրվում է Ալիեւը, դա ոչ մի խնդիր չի առաջացնում (առայժմ): Իսկ ահա Վրաստանում, իսկ այնուհետեւ՝ Ռումինիայում կայացած ընտրությունները «խիստ վիճահարույց» են: Ի հեճուկս այդ ամենի՝ քանի որ մարդկանց ուղեղները լվանալու տեխնոլոգիաները շատ են առաջ գնացել, միլիոնավոր մարդիկ շարունակում են հավատալ, որ իշխանությունը ձեւավորվում է «ժողովրդի կամքով»:

… Ո՞վ է որոշում, թե որքանով է արդյունավետ Հայաստանի ներկայիս իշխանությունների պայքարը կոռուպցիայի դեմ: «Հայ ժողովո՞ւրդը»: Ոչ, դա որոշում է Բլինքենը, ավելի ճիշտ՝ այն համակարգը, որը Բլինքենը ներկայացնում է: PR-ի մակարդակով այս պահին գուցեեւ հաջողվում է համոզել Հայաստանում ապրող մարդկանց մեծամասնությանը, թե ներկայիս իշխանությունը պակաս կոռումպացված է, քան նախորդը: Բայց երբ իշխանությունը փոխվի, կբացահայտվեն կոռուպցիայի այնպիսի փաստեր, որոնք նույնպես արժանի կլինեն որեւէ «շքանշանի» ԱՄՆ Պետքարտուղարության կողմից: Իսկ կստանա Հայաստանի իշխանությունն առաջամարտիկի այդ «շքանշանը», թե չի ստանա, կախված է նրանից, թե ինչպիսին կլինի այդ՝ հաջորդ իշխանության արտաքին քաղաքական կուրսը: Դա ակներեւաբար «ժողովրդի կամքով» չի որոշվելու:

Փաշինյանի իշխանությունը կարող է շարունակվել տասնամյակներ եւ ավարտվել զուտ ֆիզիոլոգիական, «առողջապահական» պատճառներով: Բայց կարող է նաեւ ավարտվել «մի ակնթարթում»՝ սրընթաց, անսպասելի, ինչպես Ասադի, Յանուկովիչի, Նազարբաեւի եւ բազմաթիվ այլ մարդկանց «գահակալությունը»: Եվ վաղը կամ 30 տարի հետո հաջորդ իշխանությունը վկայակոչելու է «ժողովրդի կամքը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան Մխիթարյան says:

    Ինչպես որ միջնադարում “Աստծո կամոք” էին դառնում թագավոր:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031