Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին:
Դեսպանը նշանակման կապակցությամբ շնորհավորել է Արփինե Սարգսյանին և մաղթել հաջողություններ: Կարևորելով երկու երկրների առկա սերտ հարաբերությունները՝ նա համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպանն ընդգծել է, որ դաշնային կապի սպայի նշանակմամբ ապահովելով առավել օպերատիվ կապ՝ խորացել են երկկողմ հարաբերությունները:
Արփինե Սարգսյանը կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը:
Կարդացեք նաև
Հանդիպմանը քննարկվել է կիբերհանցավորության դեմ պայքարի, կրիպտոարժույթների շուկայում հնարավոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ոստիկանության ծառայողների վերապատրաստումների հարցը: ՆԳ նախարարը կարևորել է անդրազգային հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակմամբ նաև այս ուղղություններն են ընդգրկվելու:
Արփինե Սարգսյանը կարևորել է ոչ միայն կենտրոնական ապարատի կարիքները հզորացնելու, այլև տեղերում՝ տարածքային բաժիններում կարողությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստումների անցկացումը:
Կողմերը ողջունել են վիզաների ազատականացման գործառնական փուլի մեկնարկը, որը տրվել է դեկտեմբերի 11-ին Երևանում ՆԳ նախարարի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների հետ հանդիպման ընթացքում, և պատրաստակամություն են հայտնել համագործակցելու նաև այդ օրակարգի շուրջ։
Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ