Լրահոս
Օրվա լրահոսը

Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպես է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

Դեկտեմբեր 17,2024 22:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ի՞նչ է հնարավոր անել ԱՄՆ–ում՝ $500–ով։ Ֆանտաստիկայի ժանրից է թվում, որ ընդամենը 500 դոլարով հայտնվելով Լոս Անջելեսում՝ մեր հայրենակիցը կարողացել է կարճ ժամանակում դառնալ Գլենդելի ամենաճանաչված, ճարտարապետական նոր ճաշակ ու որակ թելադրող ընկերության հիմնադիր, ստանալ մրցանակներ ու կոչումներ, զրոյից առաջ գնալ ու գրավել նորանոր հաճախորդներ։

«2016-ի հոկտեմբերին եկել էի Ֆրեզնո, այնտեղ աշխատել ճարտարապետ, 1,5 տարի հետո տեղափոխվեցի Լոս, ինչքան հետ գցած փող ունեի, գնաց տան վարձի, դեպոզիտի, կրեդիտ քարտերի վրա։ Օգոստոսի 10-ին ես արդեն ունեի ընդհանուր առմամբ 500 դոլար, այն էլ տվեցի հաշվապահին ու ասացի՝ ուզում եմ ճարտարապետական կորպորացիա՝ չունենալով ո՛չ օֆիս,  ո՛չ կոմպյուտեր, ոչ պրինտեր, ոչ մի բան։ Փողս վերջացավ»,– այսպես ստեղծվել է «NextGen Vision» ճարտարապետական ընկերությունը, որի հիմնադիր, մեր հայրենակից Գեւորգ Գրիգորյանը ձեռքին ունենալով ընդամենը մեկ թուղթ՝ ընկերության արտոնագիրը, ինչ-որ հրաշքով սկիզբ է դրել նոր ու զարգացող բիզնեսի։

«Ես ուր գնում էի, ամենուր ասում էի՝ ճարտարապետ եմ, գործ ունենաք՝ տվեք ինձ։ Մինչեւ եկավ առաջին հաճախորդը՝ միջնորդավորված։ Դեպոզիտը 1800 դոլար էր։ Դա վերցրել եմ, 1500 դոլարով կոմպյուտեր եմ առել, որ այդ  կոմպյուտերով գծեմ իրենց պրոյեկտը, բայց փող չէր մնացել տակը, մնացած 300 դոլարն էլ պահել էի՝ տպելու՝ պրինտ անելու համար։ Գծեցի, ավարտեցի, գնացի սովորական պրինտշոփ , 150 դոլարը այնտեղ գնաց։ Պարզ է, ես գիտեի, որ ուղղումների կարիք կար։ Ես արեցի ուղղումները, պետք  է այնքան իդեալական գծեի, որ այլեւս որեւէ ուղղման կարիք չլիներ, որովհետեւ վերջին 150 դոլարը պիտի տայի՝ պրինտ անելու համար։ Ուղղումն արեցի, այդ 150 դոլարն էլ տվեցի, պրինտ արեցի, արդեն գումարի երկրորդ կեսը փոխանցեցին՝ $1700, այդտեղից 800 դոլար տվել եմ՝ պրինտերն եմ առել, տակը մնաց 900 դոլար, 1100 դոլար պարտք վերցրեցի, որ օֆիս  վարձեմ, կամաց–կամաց սկսեցին գործերը գալ»,-պատմեց Գեւորգ Գրիգորյանը։

Մի ուրիշ մարտահրավեր է, երբ նոր–նոր ոտքի կանգնող, ընդամենը մի տպիչ սարքի փող գտած բիզնեսմեն հային Լոս Անջելեսում գտնում է իր բարեկամը ու պատվիրում նախագիծ։ Ո՛չ կարող ես ասել՝ փող տուր, ո՛չ կարող ես մերժել․ «Ես չէի կարող իրենից փող վերցնել՝ որպես հայ ախպեր։ Պարզ է , ես այդ ժամանակ ասացի՝ ձրի կանեմ, խնդիր չկա։ Լավ էր, որ պրինտերի հետ թուղթն անվճար տվել էին։ Առանց փող վերցնելու՝ դա էլ արեցի, ասացի՝ մենակ պետական վճարը սիթիի կանես դու, ուղղակի կտրոնը մուծեցի, ասացի այդքան  գումար եմ վճարել: Եթե այդ ժամանակ ես նախագիծ գծում էի 4500 դոլարով, ինքը մոտավոր 6000 դոլար ավել փոխանցեց՝ որպես հայ ախպեր, ինքն էլ իր կողմից իր  քայլը արեց։  Դա եղավ start-up։ Առա նոր փոքր պրինտեր՝ տարբեր ֆորմատի տպագրությունների համար ու կարողացա սկզբնական  ինչ պետք է օֆիսին, առնել՝ պահարաններ, դարակներ»։

Սովորաբար բիզնեսն առաջ տանելու համար կարեւոր դեր է խաղում լավ գովազդային արշավը։ Գեւորգ Գրիգորյանը ապացուցել է հակառակը՝  հնարավոր է հաջողության հասնել նաեւ առանց գովազդի․ «Ես գովազդի փող չէի տրամադրում, մի հատ խոսք ունեի՝ ինչի իմ պրոդուկտն այնքան  վատն է, որ պետք է ռեկլա՞մ անեմ։ Հետո հասա այն կետին, որ ընդունեցի առաջին իմ աշխատակցին։ Բայց այն ժամանակ օֆիսը շատ փոքր էր, հիմիկվա օֆիսի զուգարանի չափ էր ու այնպես  էր, որ այդքան սարքերը, պրինտերները դրած էին, ես նստած էի, հաճախորդը մտնում էր, ոնց որ եկեղեցուց դուրս գար, դուրս գալուց պիտի մի կերպ շրջադարձ աներ ու այդտեղ եւս մի աշխատող»։

 

Հայ գործարարը ո՞ւմ պետք է աշխատատեղով ապահովի՝ հայերի։ «NextGen Vision»-ի բոլոր աշխատակիցները հայ են, բայց Գեւորգը խնդրում է իրեն ռասիստ չընկալել․ «Իմ աշխատակիցը պետք է հայ լինի, քանի որ ապրում ենք Գլենդելում, պետք է հայերեն իմանա, որպեսզի կարողանա  սպասարկել, որովհետեւ հաճախորդների մեծ մասը Գլենդելում չգիտի անգլերեն։ Որ մեկին այդ պահին ուզեմ, պետք է կարողանամ կցել որպես պրոյեկտ մենեջեր ու ինքը կարողանա կոնտակտի մեջ մտնել, հաղորդակցվել հաճախորդի հետ»։

Մի պետքարանի չափ փոքր օֆիսում գործող ճարտարապետական այս ընկերությունը սկսել է այնպիսի հաջողություններ գրանցել, որ 3 ճարտարապետով չեն հասցրել պատվերներն իրականացնել, արդեն սկսել են աշխատակազմն ընդլայնել՝ տնտեսական բարենպաստ պայմաններում․ «Այս պահին 12 սեղան կա, 12–ն էլ ամբողջությամբ զբաղված է։ Արդեն սկսեցինք մարքեթինգ էլ անել, որովհետեւ ուզում էինք մակարդակը բարձրացնել։ Արդեն ունեինք 10 ճարտարապետ, 2 դիզայներ, երկու city expeditor ու մարքեթինգային թիմ՝ 6 հոգուց բաղկացած։ Դա պիկն էր»։

Սա՞ է այն ամենը, ինչին ձգտել է Գեւորգ Գրիգորյանը՝ մեկնելով օվկիանոսից այն կողմ։ Պարզվում է՝ սա դեռ սկիզբն է․ «Բոլորս գիտենք՝ իդեալական չի կարող լինել ոչ մի բան, բայց մանկուց միշտ ասել եմ՝ ձգտիր իդեալականին, որ հասնես քո հնարավորությունների մաքսիմալին։ Հիմա իմ ձգտումը իդեալականին է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031