ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Դելփյան խաղերի հաղթող մասնակիցներին և պարգևատրել նրանց:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) նախագահ Ալեքսան Զաքյանը:
2024 թվականին անցկացվել են երկու Դելփյան խաղեր: Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերը՝ դասական, ազգային և ժամանակակից արվեստի տեսակների տասնմեկ անվանակարգերում, իսկ նոյեմբերի 22-26-ը Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել է 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Դելփյան խաղերի մասնակից երեխաներին՝ ընդգծելով, որ նրանց հաղթանակները ոգևորիչ են:
Կարդացեք նաև
«Շնորհակալ ենք ձեր աշխատանքի, ջանքերի և գրանցած արդյունքների համար, ինչը թույլ է տալիս մեկ անգամ ևս համոզվել, որ շատ տաղանդավոր երեխաներ ունենք: Մեզ համար չափազանց կարևոր է խրախուսել երեխաների շրջանում ստեղծագործականությունը, սերը արվեստի նկատմամբ, ինչին էլ ուղղված է համադպրոցական մշակութային տարի հայտարարելու նախաձեռնությունը»,- ասել է նախարարը: Նա առանձնակի շեշտել է նաև Դելփյան խաղերի ժյուրիի կազմում Հայաստանից ներկայացուցիչ ունենալու փաստը, ինչը, ըստ նախարարի, վկայում է ոլորտում ունեցած մեր մեծ ներուժի մասին: Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել մանկավարժների աշխատանքը՝ նշելով, որ յուրաքանչյուր հաղթանակի հետևում նրանց հետևողական աշխատանքն է: Նախարարը մաղթել է երեխաներին նոր հաջողություններ ու հաղթանակներ և ընդգծել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու տաղանդի զարգացման ու մասնագիտական որակի բարելավման բոլոր նախաձեռնություններին:
Երեխաները պատմել են իրենց տպավորությունների, գործունեության ոլորտների ու ապագա ծրագրերի մասին: Նրանք հատկապես ընդգծել են, որ ժյուրիի կազմին տպավորել և հետաքրքրել է իրենց ներկայացրած թե՛ համաշխարհային, թե՛ հայ հեղինակների ստեղծագործությունների կատարումները:
Նշենք, որ ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերում ՀՀ ներկայացուցիչները հանդես են եկել խաղերի տարբեր փուլերում՝ արժանանալով երեք ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե մեդալների և երկու հատուկ մրցանակային դիպլոմների:
Հայաստանի ներկայացուցիչները 3-րդ երիտասարդական բաց Արիտիկական Դելփյան խաղերում նվաճել են 2 ոսկե և 2 արծաթե մեդալներ, 2 դիպլոմ, իսկ ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերում Հայաստանն ունեցել է երեք 1-ին և մեկ 2-րդ մրցանակակիր:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ