Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում ռուսաստանաբնակ քաղաքագետ, պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելուն՝ ասաց. «Միհրանյանով չէ, որ սկսվեց այս ամեն ինչը: Հայտնի է, որ այս ազգակործան պատուհասը, կարծես, Հայաստանը համարում է իր «դուքյանը», իր քնձռոտ բնակարանը, եւ ում ուզում՝ ներս է թողնում, ում ուզում՝ ներս չի թողնում: Մենք ունեցանք շատ դեպքեր, երբ սփյուռքահայ շատ գործիչների եւս արգելեցին Հայաստան մուտք գործել: Հիմա էլ Անդրանիկ Միհրանյանին՝ իրապես ազգանվեր քաղաքացի, բացարձակ բարձր ինտելեկտով օժտված մարդ: Յուրաքանչյուր ազգ իրապես ուրախ կլիներ նման զավակ ունենալու համար:
Միհրանյանին ներս չեն թողնում եւ հիմար ձեւակերպումներ են անում: Նախ, մեր հայրենակիցները պետք է հասկանան, որ եթե անձի մուտքը արգելված է Հայաստան, ապա նրա նկատմամբ կոնկրետ պետք է իրականացվի հետապնդում եւ պետք է լինի դատարանի կոնկրետ որոշում, կոնկրետ հիմնավորում, թե ինչ պատճառով, ինչ հիմքով նրան պետք է թույլ չտալ մտնել Հայաստան:
Մեխանիզմը, ինչպես Անդրանիկ Միհրանյանի, այնպես էլ մյուսների դեպքերով, եղավ նույնաբովանդակ: Անձը ինքնաթիռով վայրէջք է կատարում օդանավակայան, օդանավակայանում պահում են ավելի քան երկու ժամ, որից հետո հայտարարում են, որ արգելված է նրա մուտքը Հայաստան: Բարձր տրամաբանություն ունենալու կամ իրավաբան լինելու անհրաժեշտություն չկա՝ հասկանալու, որ սա պլանավորված կոնկրետ գործողություն է: Եթե անձի մուտքը արգելված է կոնկրետ երկիր, ապա այսօրվա տեխնիկայի դարում ակնհայտ է մեկ հստակ պահանջ: Նման դեպքում անձի վերաբերյալ տեղեկությունները ներբեռնվում են համակարգ եւ համակարգն անմիջապես ցույց է տալիս, որ այս անձին արգելվում է մուտք գործել երկիր:
Տվյալ դեպքում երկու ժամ պահելու իմաստը ո՞րն էր: Հաստատապես, այստեղ մեկ սկզբունք է գործել: Իրավական որեւէ հիմնավորում չկար նրան արգելել Հայաստան մուտք գործելու համար: Պարզապես, նրա անուն-ազգանունը բավարար էր, որպեսզի ոստիկանության տարածքային ղեկավարը կամ ԱԱԾ տարածքային ղեկավարը, լսելով Անդրանիկ Միհրանյան անուն-ազգանունը, զեկուցեն իրենց ղեկավարներին: Այս դեպքում՝ ԱԱԾ ղեկավարին եւ ՆԳ նախարար կոչվող այդ աղջնակին: Սրանք էլ իրենց հերթին զեկուցել են Նիկոլ Փաշինյանին եւ սա, ինչպես ասացի, իր քմահաճույքով արգելել է մուտք գործել Հայաստան: Բոլորս լավ ենք հասկանում, թե նա ինչի է նման անձանց արգելում Հայաստան մուտք գործել: Որովհետեւ այս անձինք կաշկանդված չեն որեւէ բանով, որպեսզի օբյեկտիվ գնահատեն Հայաստանում այսօր տեղի ունեցող բոլոր դեպքերը: Զատուլինի պես անձնավորությանը, որն իր ամբողջ գործունեությամբ Ռուսաստանում հայամետ քաղաքական գործիչ է, նույնպես արգելեցին»:
Կարդացեք նաև
Թաթուլ Պետրոսյանն անդրադարձավ նաեւ օդանավակայանում արցախահայ մեր քաղաքացուն ձերբակալելուն: «Տեսեք, անձը եկել է Հայաստան՝ թաղման արարողության մասնակցելու: Եվ նրա նկատմամբ ձերբակալման որոշում են կայացրել, թե մասնակցել է մասսայական անկարգությունների, կառավարության շենքի դիմաց ինչ-որ իր է նետել դռների, թե պատուհանների ուղղությամբ: Եվ նրա նկատմամբ քրեական հետապնդում են սկսել խուլիգանության հատկանիշներով: Սա կոնկրետ գործողություն է արցախահայության նկատմամբ: Արդեն քանի՞ դեպք ունենք: Եթե չեմ սխալվում արցախահայ փաստաբան Երիցյանը բազմաթիվ դրվագներ է ներկայացնում արցախահայության դեմ սկսված բռնաճնշումների տեսանկյունից: Քաղաքացին մեկ րոպեով կայանել է ավտոմեքենան եւ պարեկային ծառայության ոստիկանները հարձակվել եւ նույնիսկ գազ էին փչել նրա աչքերին՝ վնասելով աչքերը:
Սա ցույց է տալիս այս իշխանությունների հստակ միտումը արցախահայության դեմ»,-ասաց արդարադատության գեներալ-մայորը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լավ էլի Թաթուլ, առնվազն Անդրանիկ Միգռանյանի մասով ասել նրանք ոչ մի բանով կաշկանդված չեն ծիծաղելի է հնչում։ Միգռանյանը միշտ էլ եղել է պուտինի ռեժիմի կամակատար ու խայտառակ անհարգալից է միշտ խոսում մեր մասին, մենակ ՔՊ-ի մասին չի ու ընդհանրապես ՔՊ-ի մասին չի։ Մի հատ նայենք ինրենտնետում ինչքան վիրավորական բաներ ա թույլ տալիս տարբեր ելույթներիում հայ ժողովրդի հասցեյին։ նենց որ ամոթը լավ բան ա պետք չի ամեն մի սրիկայի էս ձևի պաշտպանել։