«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված խորհրդարանական լսումներում: Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ներկայացնելով նախագծի հիմնական ուղղությունները:
Իր խոսքում նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել խորհրդարանական լսումների կազմակերպման համար՝ կարևորելով Կառավարության կողմից նոյեմբերին հաստատված նախագծի վերաբերյալ ԱԺ քննարկմանն ընդառաջ հանրային լսումները՝ հատկապես երիտասարդների մասնակցությամբ։ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով:
Նախագծով սահմանվում են երիտասարդական քաղաքականության թիրախները
ՀՀ կառավարության գործունեության կարևոր առաջնահերթություններից է երիտասարդներին ուղղված քաղաքականությունը, որի հիմքում երիտասարդների զարգացման, նրանց ինքնաիրացման համար նպաստավոր պայմանների և միջավայրի ձևավորումն է:
Կարդացեք նաև
«Անշուշտ, սրան է ուղղված Կառավարության գործունեությունը, դրան են անդրադառնում տարբեր ոլորտային ռազմավարություններ, Կառավարության կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրեր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, բարձր տեխնոլոգիաների և հանրային կյանքի այլ ոլորտներում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ մինչ այս պետությունը չի ունեցել երիտասարդության առաջնահերթություններն ընդգծող համապարփակ օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, թիրախները, նպատակը, ինստիտուցիոնալ գործիքակազմը և շահառուներին: Նախարարի տեղակալը նշել է՝ ներկայացված օրենքների փաթեթը և մասնավորապես երիտասարդական քաղաքականության օրենքի նախագիծը կլրացնի այդ բացը: Այն սահմանում է պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները՝ հանդիսանալով շրջանակային փաստաթուղթ երիտասարդական քաղաքականության բոլոր դերակատարների, այդ թվում քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների համար:
Առաջարկվող օրենքի նախագծով պետական Երիտասարդական քաղաքականությունը սահմանվում է որպես ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագրերի և միջոցառումների համակարգ, որը միտված է երիտասարդների կարողությունների բացահայտմանը, զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը և դրանց շուրջ հանրային խոսույթի ձևավորմանը, ինչպես նաև քաղաքական, սոցիալ- տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության մակարդակի բարձրացմանը»,- ասել է նախարարի տեղակալը` հավելելով, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունումը ենթադրում է նաև փոփոխություններ այլ իրավական ակտերում, մասնավորապես «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:
Ինչ է երիտասարդական քաղաքականությունը
Երիտասարդական քաղաքականությունն ուղղված է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ երիտասարդի ձևավորմանը, որը կընդլայնի իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու երիտասարդի հնարավորությունները, և այդպիսով նաև կաջակցի հանրային զարգացմանը:
Ինչ կտա օրենքի ընդունումը
«Օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել երիտասարդական քաղաքականության մշակման համար պատասխանատու գերատեսչության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները. տեղական ինքնակառավարման մակարդակում նախատեսվում է յուրաքանչյուր համայնքում պետական, բայց նաև մասնավոր ֆինանսավորմամբ և բազմակողմ համագործակցությամբ ձևավորել երիտասարդական միջավայրեր: Արդեն իսկ ունենք հաջող աշխատող համայնքներ և այս օրենսդրությունը կգա խրախուսելու և խթանելու այս գործընթացի զարգացմանը: Օրենքի ընդունումը կնպաստի նաև լիազորող նորմերի սահմանմանը` երիտասարդության ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար, ինչն ավելի արդյունավետ և թիրախային կդարձնի քաղաքականության իրականացումը»,- իր ելույթում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նա ընդգծել է՝ օրենքի նախագիծը մշակվել է հանրային լայն մասնակցության ապահովմամբ՝ մշակման գործընթացում ներառելով երիտասարդության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերին, ինչպես պետական համակարգերից, այնպես և տեղական, միջազգային կազմակերպություններից և ոլորտում դերակատարում ունեցող քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներից, երիտասարդության ոլորտի փորձագետներից, հետազոտողներից, երիտասարդական աշխատողներից և պարզապես երիտասարդներից: Ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը. դիտարկվել է տարբեր երկրներում երիտասարդական քաղաքականության մշակման մեխանիզմները, օրենսդրական կարգավորումները, ոլորտի ինստիտուցիոնալ կառուցվածքը և այլն:
Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ օրենքի նախագիծը մինչև պաշտոնապես շրջանառելը քննարկվել է նաև բոլոր մարզերում՝ ներառելով շուրջ 30 համայնք և ավելի քան 1000 երիտասարդ:
Երիտասարդական միջավայրի ստեղծման խրախուսում. մինչև 2026 թվականը 25 երիտասարդական կենտրոններ ՀՀ մարզերում
Օրենքի առկայությունը կաջակցի ՀՀ կառավարության ծրագրով հաստատված և արդեն իսկ մի քանի տարի իրականացվող երիտասարդական միջավայրերի ձևավորմանը և արդյունավետ գործունեությանը: Մասնավորապես՝ պետության կողմից 2022 թվականից արդեն իսկ գործարկվել է եռակողմ համագործակցությամբ գործող երիտասարդական կենտրոնների մոդելը: Արդյունքում՝ պետության, համայնքների և մասնավոր հատվածի համագործակցությամբ ձևավորվել և գործում են 5 երիտասարդական կենտրոններ. դրանց թիվը տարեցտարի ավելանում է և արդեն 2026 թվականին ՀՀ մարզերում ստեղծված կլինեն 25 երիտասարդական կենտրոններ (2025 թվականին երիտասարդական կենտրոններ կգործեն Ապարան, Դիլիջան, Իջևան, Մեղրի Վանաձոր, Ախուրյան, Սևան (Ծովագյուղ բնակավայրում), Արարատ և Կապան համայնքներում):
Օրենքի ընդունմամբ երիտասարդական կենտրոնների ձևավորման քաղաքականությունը կդառնա ինստիտուցիոնալ՝ նպաստելով համայնքներում երիտասարդական միջավայրերի ձևավորմանը, արդեն իսկ ստեղծված կենտրոնների միջոցով երիտասարդական քաղաքականության թիրախային իրականացմանը: Ընդ որում, շատ կարևոր է, որ կենտրոնները թիրախավորում են նաև չսովորող և չաշխատող երիտասարդների խմբերին, ինչն առավել առաջնային է, քանի որ այս խմբերը դուրս են ինստիտուցիոնալ մյուս համակարգերի ուշադրությունից և այս իմաստով նաև լրացուցիչ աջակցության կարիք ունեն: Կարևոր է, որ օրենքի ընդունմամբ ամրագրվում է երիտասարդական աշխատողի համակարգի ներդրման առանցքային հարցը. բոլոր ՏԻՄ մարմինները պետք է ունենան երիտասարդական աշխատող կամ աշխատակազմի աշխատողներից առնվազն մեկի գործառույթներում սահմանեն երիտասարդական աշխատողի գործառույթները։
Նախկին մշակույթի տները կձևափոխվեն բազմաֆունկցիոնալ կենտրոնների. նոր փորձնական ծրագիր
Երիտասարդական կենտրոնների ստեղծմանը զուգահեռ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորման նոր պիլոտային ծրագիր, ըստ որի` նախկին մշակույթի տները կձևափոխվեն բազմաֆունկցիոնալ կենտրոնների, որտեղ մեկտեղված կլինեն տվյալ բնակավայրի երիտասարդական կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու միջավայրը, այդ թվում՝ համայնքային գրադարան:
Փոխվում է երիտասարդության տարիքային շեմը` այն կսահմանվի 13-35 տարեկան
Օրենքի նախագծով երիտասարդների տարիքային շեմն առաջարկվում է սահմանել 13-35 տարեկանը՝ հիմք ընդունելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ միջազգային փորձը և մեր երկրի ժողովրդագրական տվյալները, որոնց իր զեկույցում անդրադարձել է նախարարի տեղակալը: Նրա խոսքով` երիտասարդության տարիքի ներքին շեմի իջեցումը միջազգային միտում է, որը ցույց է տվել այլ երկրների փորձի ուսումնասիրությունը:
«Իսկ վերին շեմը բարձրացվել է 35` հաշվի առնելով, որ մեր հասարակությունը, ցավոք, ծերացող է և ժողովրդագրական կարևոր որոշումները՝ ընտանիք կազմել, բնակարան ձեռք բերել, երեխաների ծնունդ և այլն, տեղի են ունենում ավելի ուշ տարիքում։
Նախատեսվում է ստեղծել երիտասարդական միացյալ մարմին
Ըստ Արթուր Մարտիրոսյանի` նախագծով ամրագրվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները, որը կարևոր է ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիական հասարակության ինքնակազմակերպման և երիտասարդության ոլորտում այսպես կոչված անձրևանոցային կառույցների ձևավորման տեսանկյունից: Երիտասարդական միացյալ մարմինը կմիավորի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդական կազմակերպությունների և քաղաքացիական կառույցների ներուժը` հնարավորություն տալով դրանում ընդգրկված կազմակերպություններին ներկայանալ նաև միջազգային տարբեր հարթակներում:
«Սա, իհարկե, օրգանական գործընթաց է, որը մեր երկրում վերջին տարիներին տեղի էր ունենում, բայց նախագծով ամրագրվում է, որ պետությունը՝ ի դեմս քաղաքացիական հասարակության միացյալ մարմնի, երիտասարդության ոլորտում կունենա սոցիալական գործընկեր, որը հանդես կգա նաև որպես երիտասարդության ոլորտի խոսափող՝ արդեն պետությունից դուրս և իհարկե պետության հետ աշխատելով: Նոր մարմինը քաղաքականության մշակման ժամանակ, համագործակցելով պետական լիազոր մարմնի հետ, իսկ առանձին դեպքերում, ինչու ոչ, նաև քննադատելով, նկատառումներ ներկայացնելով՝ զգոն կպահի բոլորիս:
Միջազգային համագործակցության տեսանկյունից ևս սա լուրջ աջակցություն կլինի, որովհետև տարբեր միջազգային մարմիններ կան, որտեղ պետության ներկայացուցչից բացի ցանկալի է, որ ներգրավված լինի նաև այլ կողմ, որը տվյալ դեպքում կարող է լինել միացյալ մարմնի ներկայացուցիչը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։
Եզրափակելով խոսքը` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ օրենքի ընդունումից հետո կհաստատվի գործողությունների ծրագիր կամ հայեցակարգ, որով օրենքում սահմանված բովանդակային շրջանակներին և ուղենիշներին համապատասխան կոնկրետ ժամանակահատվածի համար կսահմանեն միջոցառումներ` չափելի ցուցանիշներով:
Նախարարի տեղակալը պատասխանել է նաև քննարկման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են երիտասարդ ընտանիքների աջակցության բնակարանային ծրագրին, երիտասարդական կենտրոնների ձևավորմանը, երիտասարդական նոր միացյալ մարմնի ձևավորմանը, երիտասարդության ոլորտի պետական աջակցության ծրագրերին և ոլորտային այլ նախաձեռնություններին:
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի խորհրդարանական լսումներին ելույթներով հանդես են եկել նաև ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, անհատ երիտասարդներ:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ