Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՏ ենթակառուցվածք ստեղծող երկու ընկերությունների՝ OVIO-ի և Դալան տեխնոպարկի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Դեկտեմբեր 17,2024 17:44

Օրերս սկիզբ դրվեց կարևոր համագործակցության, որը միտված է զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները․ գործընկերության նպատակն է միավորել ջանքերը՝ ստեղծելու լավագույն աշխատանքային պայմաններ ՏՏ ոլորտի համար։

Տեխնո ոլորտը զարգացնելու և համաշխարհային հսկաների համար Հայաստանը գրավիչ դարձնելու գործում մեծ դեր են խաղում թե՛ պետության կողմից տրված արտոնությունները, և թե՛ տվյալների անվտանգ մշակումը, պահպանումն ու միջազգային ստանդարտներին համապատասխան շենքային պայմանների ապահովումը։

Իրենց տեսակների մեջ Հայաստանում առաջին և բացառիկ երկու նախագիծ՝ OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը և Դալան Տեխնոպարկը, միավորեցին ջանքերը՝ ստորագրելով համագործակցության հուշագիր։

Համագործակցության շրջանակում OVIO-ն արտոնյալ պայմաններով կտրամադրի ինտերնետ ծառայությունն ու իր առաջատար տվյալների մշակման կենտրոնի լուծումները Դալան տեխնոպարկում գործող կազմակերպություններին՝ ապահովելով այդ ընկերությունների տվյալների անվտանգությունը:

«Դալան տեխնոպարկի հետ համագործակցությունը կարևոր քայլ է և մենք վստահ ենք, որ այն կխթանի տեխնոլոգիական համայնքի առաջընթացը Հայաստանում։ OVIO-ն պատրաստ է իր առաջատար տեխնոլոգիական լուծումներով աջակցել Դալան տեխնոպարկում գործող կազմակերպություններին՝ նպաստելով նրանց կայուն աճին և զարգացմանը», – նշեց OVIO-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Մեր առաքելությունն է ստեղծել դինամիկ զարգացող բիզնես միջավայր, որը կհամախմբի տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին մեկ հարկի տակ և կդառնա տարածաշրջանում միջազգային ստանդարտներին համապատասխան եզակի բիզնես պարկ, որտեղ կարևորվում է մասնագետների արդյունավետ աշխատանքն ու ստեղծագործ մտքի զարգացումը։

Այս տեսանկյունից կարևորում ենք OVIO-ի հետ համագործակցությունը, որի շրջանակներում մեր հաճախորդներին կարող ենք առաջարկել OVIO ընկերության կողմից մատուցվող հեռահաղորդակցության, տվյալների մշակման կենտրոնում մատուցվող և հարակից այլ ծառայություններ շահավետ պայմաններով, ինչը լրացուցիչ հարմարավետություն կստեղծի տեխնոպարկի տարածքում գործող ընկերությունների համար։

Դալան Տեխնոպարկն իր գաղափարախոսությամբ և տեխնիկական հագեցվածությամբ ձևավորելու է հենց այն միջավայրը, որն իդեալական վայր կլինի նույն գաղափարներով ու հետաքրքրություններով մասնագետների համախմբման համար», – իր ելույթի խոսքում նշեց Դալան Տեխնոպարկի տնօրեն Արմեն Տեր-Տաճատյանը։

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը Հայաստանում ամենախոշորն է և կառուցված է TIER III սարքավորումների և ենթակառուցվածքների հուսալիության բարձր ստանդարտներով։ Այս կենտրոնը ներառում է սնուցում էլեկտրամատակարարման երկու անկախ ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, և 24/7 անխափան սպասարկման հնարավորություններ։ Հենց այս հուսալի ենթակառուցվածքն է OVIO-ի գործընկեր կազմակերպություններին տրամադրելու տվյալների պաշտպանության և հասանելիության աննախադեպ մակարդակ։

OVIO-ն Դալան տեխնոպարկի հաճախորդներին կառաջարկի համատեղակայման ծառայություններ և իր առաջատար ամպային լուծումները, որոնք մշակված են բիզնեսի ժամանակակից պահանջներին համապատասխան։

Այս համագործակցությունը ևս մեկ քայլ է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և ոլորտի դերակատարների համար նոր հնարավորություններ ստեղծելու ճանապարհին։

OVIO-ի մասին

OVIO-ն Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից է։ Ընկերությունը հիմնադրվել է 2007 թ․ և 2012թ․ սկսած մատուցում է ֆիքսված Ինտերնետի, Սմարթ հեռուստատեսության, Ֆիքսված հեռախոսակապի և մի շարք ամպային ծառայություններ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար։

Ընկերության ցանցը հիմնված է օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի վրա և կառուցված է ստորգետնյա տեղակայման եղանակով՝ միացնելով Հայաստանը արտաքին աշխարհի հետ Վրաստանի և Իրանի սահմաններով: OVIO-ն ապահովված է երեք միջազգային կապուղիներով դեպի Ռուսաստան և Եվրոպա, որոնք միմյանցից ֆիզիկապես և աշխարհագրորեն տարանջատված են՝ երաշխավորելով ընկերության հուսալի և անխափան ծառայությունների մատուցումը:

OVIO-ի կորպորատիվ հաճախորդների թվում են հայաստանյան բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, այդ թվում բանկեր և այլ ֆինանսական կառույցներ, պետական գերատեսչություններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային խոշոր կազմակերպություններ։

2024թ․-ի մայիսին ընկերությունը կոմերցիոն շահագործման է հանձնել Հայաստանում խոշորագույն և երկրի համար ռազմավարական նշանակության տվյալների մշակման կենտրոնը։

Տվյալների մշակման կենտրոնի հզորությունը 2 ՄՎտ է։ Այն միացված է ՀՀ էներգոհամակարգին 35 ԿՎտ հզորությամբ ենթակայանով, ինչպես նաև ընթացքում են երկրորդ՝ 110 ԿՎտ հզորությամբ ենթակայանի կառուցման աշխատանքները։ Տվյալների մշակման կենտրոնում տեղակայված են 216 սերվերային պահարաններ։

 Դալան Տեխնոպարկի մասին

Դալանն ունենալու է 154 000 քմ. կառուցապատման մակերես, առաջարկելու է 3000 աշխատատեղ, բաղկացած է լինելու 22 հարկից։ Տեխնոպարկի տասներեք հարկերում տեղակայված են լինելու գրասենյակային տարածքներ, գործելու է ցուցասրահ, գիտահետազոտական կենտրոն, ռեստորան, ֆուդ կորտ, հյուրանոց, մարզասրահ, լողավազան, կենտրոնն ունենալու է կոնֆերանս սրահներ և առևտրային գոտի։

Տեխնոպարկը հագեցած է լինելու տեխնոլոգիական վերջին նորամուծություններով․ մասնավորապես ունենալու է հրդեհային ազդանշանային համակարգ՝ EN ստանդարտներին համապատասխան և ժամանակակից գրաֆիկական վիզուալիզացիայով, երկրաշարժերի և արտակարգ իրավիճակների դեպքում ձայնային հատուկ հրահանգներ փոխանցող համակարգ, տեսահսկման համակարգ՝ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիայով և տեսավերլուծության գործառույթներով, ներխուժման հայտնաբերման և խուճապի ահազանգման հատուկ համակարգեր և մի շարք այլ տեխնոլոգիաներ։

Շինարարական աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով՝ առաջ անցնելով նախագծված գրաֆիկից։ Հասարակական նշանակության տարածքների բետոնային աշխատանքները գրեթե ավարտված են․ 1-4րդ հարկերն ամբողջությամբ պատրաստ են, 5-րդ և 6-րդ հարկերի շինարարությունը մոտենում է ավարտին։ Զուգահեռ ընթանում են ֆասադի մոնտաժման նախապատրաստական աշխատանքները, շուտով ավարտված հարկերում կմեկնարկեն ինժեներական համակարգերի մոնտաժման աշխատանքները: Տեխնոպարկը շահագործման կհանձնվի 2026 թվականին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031