Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարիայի Ազգային խորհուրդը երկրի կառավարությանը կոչ է արել միջազգային համաժողով կազմակերպել՝ քննարկելու ԼՂ հայերի անվտանգ վերադարձի հարցը

Դեկտեմբեր 17,2024 17:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շվեյցարիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատ) բանաձև է ընդունել, որով երկրի կառավարությանը կոչ է արվում խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ և հավաքական վերադարձի հարցը քննարկելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևն ընդունվել է 96 կողմ, 80 դեմ և 16 ձեռնպահ ձայներով:

Համաժողովի նպատակն է լինելու «դյուրացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ՝ միջազգային դերակատարների հսկողությամբ կամ ներկայությամբ»։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վերջին ռազմական հարձակումից ի վեր Լեռնային Ղարաբաղը զրկվել է հայ բնակչությունից։

«Վախենալով նոր ցեղասպանությունից, ինչպիսին 1915 թվականին հայերի դեմ իրագործվեց՝ բնակչությունը ստիպված եղավ մի քանի օրվա ընթացքում լքել իր հայրենիքը։ Այդ ժամանակից ի վեր տարածաշրջանում տեղի են ունենում փաստագրված էթնիկ զտումներ. հայկական մշակութային ժառանգությունը, ինչպիսիք են եկեղեցիները, վանքերն ու գերեզմանատները, սիստեմատիկորեն ոչնչացվում կամ ձևախեղվում են՝ «վերանորոգման» անվան տակ:

Չնայած այս լուրջ իրադարձություններին` Լեռնային Ղարաբաղի հայերը պահպանում են միջազգային հանրության անվտանգության երաշխիքների ներքո հայրենիք վերադառնալու, սեփական քաղաքական ապագան որոշելու և ժողովրդավարական ինքնակառավարում իրականացնելու ցանկությունը: Միջազգային հանրությունը բազմիցս հանդես է եկել որոշակի դիրքորոշմամբ։

2023 թվականի նոյեմբերի 17-ին Միջազգային դատարանը վճռեց, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «անվտանգ, անարգել և արագ վերադարձը»։

Եվրախորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունել է բանաձև, որով կոչ է արվում Ադրբեջանին համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ մտնել Ղարաբաղի հայերի հետ։ Նպատակն է հարգել նրանց իրավունքները, երաշխավորել նրանց անվտանգությունը և հնարավորություն տալ նրանց վերադառնալ իրենց տները՝ միջազգային ներկայության պայմաններում։

ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն ավելի վաղ պատասխանատու էր միջնորդության համար, խիստ սահմանափակված է գործելու իր հնարավորություններով ՝ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով:

Սա ընդգծում է հակամարտության խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար բանակցությունների նոր ձևաչափի անհրաժեշտությունը»,- ասված է հիմնավորման մեջ։

Հիմնավորման մեջ նշվում նաև, որ Շվեյցարիայի կողմից կազմակերպվելիք միջազգային խաղաղության համաժողովը կարող է վճռորոշ ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում, ապահովել տեղահանված անձանց վերադարձը և այդպիսով նպաստել ողջ տարածաշրջանի կայունացմանը:

«Շվեյցարիան եզակի հնարավորություն ունի օգտագործել չեզոք միջնորդի իր փորձված դերը՝ հակամարտության կողմերի միջև կառուցողական երկխոսություն սկսելու համար։ Նման հանձնառությունը ոչ միայն կշարունակի Շվեյցարիայի մարդասիրական ավանդույթը, այլև կամրապնդի նրա ՝ որպես միջազգային դիվանագիտության հուսալի գործընկերոջ դիրքերը»,- ասված է հիմնավորման մեջ։

2024 թվականի հոկտեմբերին բանաձևը քննարկվել և ընդունվել էր Շվեյցարիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

Բանաձևը կներկայացվի նաև խորհրդարանի վերին պալատի քննարկմանը։

ԱՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը շնորհակալություն է հայտնում Շվեյցարիայի Ազգային խորհրդին. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից երախտագիտություն եմ հայտնում Շվեյցարիայի Ազգային խորհրդին, բանաձևի հեղինակ պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելին և խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին՝ Արցախի ժողովրդի իրավունքներին ցուցաբերած աջակցության համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031