Արցախից բռնի տեղահանվածները նամակ են ուղղել Շվեյցարիայի Խորհրդարանին եւ կառավարությանը` կոչ անելով կազմակերպել Արցախյան հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով: Նրանք դիմել են Շվեյցարիայի խորհրդարանին եւ կառավարությանը՝ օգտագործելու իրենց ամբողջ ազդեցությունը՝ բանակցությունների հարթակ կազմակերպելու համար, որը կուղղվի արցախցիների քաղաքական, գույքային, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանությանը։
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց հավաքի մասնակիցներից «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանը, նամակը փոխանցել են Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն։
«Մենք նաեւ նպատակ ունեինք մեր ասելիքը դեմ առ դեմ ասելու, որովհետեւ շատ կարեւոր առաքելություն է նախաձեռնել Շվեյցարիան; Հատկապես հաշվի առնելով իրենց հումանիտար կեցվածքը, միջազգային դերակատարությունը՝ մենք անպայման ուզում էինք մեր երախտագիտությունը հայտնել եւ ասել, որ պատրաստակամ ենք որպես քաղաքացիական հասարակության մասնիկ մասնակից լինել, երբ հակամարտության բանակցությունների հարթակը ձևավորվի։
Քանի որ հանդիպումը չստացվեց, որովհետեւ նախապես չէինք տեղեկացրել, մենք համառորեն պնդեցինք , որ մեզ որեւէ օր եւ ժամ տրամադրեն, ինքնակազմակերպվենք եւ դեմ առ դեմ հանդիպենք, որովհետեւ դետալներ կան, որոնք նամակով չես կարող ասել»,-հայտնեց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
«Հույս ունենք՝ Շվեյցարիայի կառավարությունը կողմ կքվեարկի բանաձեւին, ի վերջո նաեւ գործնական քայլեր կլինեն։ Ցավոք, ներկա պահին մենք տեսնում ենք Արցախի իշխանությունների կողմից պասիվություն, Հայաստանի իշխանությունը Արցախյան թեման փակել, օրակարգից հանել է, նաեւ, ցավոք սրտի, արցախցիների՝ որպես շահագրգիռ կողմ, պասիվություն ենք տեսնում, որը գուցե հիասթափության արդյունք է, համենայն դեպս մենք մի քանի հոգով փորձում ենք այս պասիվության մեջ դրականից կառչել, իսկապես ուզում ենք վերադառնալ Արցախ՝ առնվազն միջազգային ներկայության երաշխիքների ներքո»,-հավելեց Արմինե Ավագիմյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ