Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը թույլ չտվեց, որ Արմեն Աշոտյանը հաղորդակցվի ՀՀԿ ԳՄ անդամների հետ

Դեկտեմբեր 17,2024 17:05

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդեց թույլ տալ Արմեն Աշոտյանին շփվել ՀՀԿ գործադիր մարմնի անդամների հետ։ Նա հրապարակեց անուններ՝ Սերժ Սարգսյան, Տիգրան Աբրահամյան, Կարինե Աճեմյան, Արտակ Զաքարյան, Ռուբեն Թադևոսյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Մինասյան, Աննա Մկրտչյան, Էդուարդ Շարմազանով, Կարեն Ավագյան, Մարգարիտ Եսայան, Հայկ Մամիջանյան և Սամվել Գրիգորյան։

Փաստաբանը պարզաբանեց․ «Միջնորդությունը վերաբերում է ՀՀԿ ԳՄ անդամների հետ առցանց ճանապարհով հաղորդակցման հնարավորությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Աշոտյանը կուսակցության փոխնախագահն է, ԳՄ անդամ»։

Արմեն Աշոտյանը դատարանի դահլիճում հայտարարեց․ «Ամեն նիստին գալու, այստեղ ներկայացնելու ենք քաղաքական գործունեության հետ կապված միջնորդություն, որ դատարանն իր քննության և որոշումների արդյունքում իր տեսակետը ներկայացնի ու ամրապնդի և փարատի այն կասկածները, թե ամբողջ երկու տարվա ընթացքում իմ նկատմամբ իրականացված գործողությունները 100 տոկոսո՞վ, թե 70 տոկոսով են քաղաքական հետապնդում։ Ինչևէ, չքաղաքականացնելով քաղաքական միջնորդությունը, ինչպես կասեր Գալուստ Գրիգորիչը, խնդիրը պայմանավորված է այն հանգամանքով, որ ես ու կուսակցությունը կարիք ունենք, որ ես ունենամ օրինական թույլտվություն, հնարավորություն շփվելու, բնականաբար քաղաքական օրակարգով, իմ կուսակցության ղեկավար մարմնի և ղեկավարիս հետ։ Դրա կարիքը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքական օրացույցում անխուսափելի են խորհրդարանական գալիք ընտրությունները։ ՀՀԿ-ն կարող է մասնակցել, թե՝ ոչ, և կարող են քննարկումներ լինել։ Ես էլ կուսակցության վերջին անդամը չեմ իմ քաղաքական ակտիվությամբ, կշռով»։

Մեղադրող դատախազ Արման Նշանյանը հայտարարեց՝ գտնում է, որ միջնորդությունը պետք է մերժվի․ «Սահմանափակումները հենց այնպես չեն իրականացվել, դրանք պայմանավորված են եղել առկա ռիսկի նվազեցմամբ, ապահովմամբ։ Խոսքը վերաբերում է Արմեն Աշոտյանի կողմից քրեական գործով ազդեցության հանգամանքին։ Նշված անձանց մասին, որ ներկայացվում է միջնորդություն, նրանց մեջ շատերը, խոսքը պատգամավորներին է վերաբերում, հնարավորություն ունեցել են ինչպես կալանքի, այնպես էլ տնային կալանքի ժամանակ շփվել Արմեն Աշոտյանի հետ։ Ինչ վերաբերում է մյուսներին, չմոռանանք, որ ինչպես դատարանն է իր մի շարք որոշումներում նշել, ազդեցությունը կարող է քողարկված ձևով իրականացվել»։

Արմեն Աշոտյանն արձագանքեց՝ դուք ինձ թույլատրել եք հանդիպել ԱԺ գործող պատգամավորների հետ և շարունակեց․ «Էն մի խմբակցությունը՝ ամենամեծը, մեր տանը որևէ տեղ չունի և ինձ այցելելու ոչ իրենք ցանկություն ունեն, ոչ էլ ես հյուրընկալելու։ Այսինքն՝ Դուք թույլատրել եք 105 հոգու հետ հանդիպել, 69-ը, մի քանի հոգի կուսակցությունից դուրս եկածները ցանկալի չեն ու չեն գալու, այսինքն՝ 70 հոգու քվոտա ունեմ՝ չգրված քվոտա։ Ունեմ որոշակի հնարավորություն լրացնելու։ Դրա փոխարեն ուզում եմ 12 հոգու հետ շփվել։ Քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի հետ շփվելու արգելքը ակնհայտ քաղաքական խոչընդոտ է իմ գործունեության համար»։

Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց մերժել միջնորդությունը և հայտարարեց․ «Այս պահի դրությամբ ավելի լայն շրջանակ, ում հետ Արմեն Աշոտյանը շփման հնարավորություն կունենա, առկա չէ՝ անկախ նրանից՝ դա կլինի առցանց հաղորդակցության, թե որևէ այլ շփման տեսքով, թե իր տանը հյուրընկալելով»։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2024-ի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։30-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031