ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը տեղյակ չէ՝ այսօր երեկոյան կայանալիք ՔՊ վարչության նիստում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին կուսակցությունից հեռացնելու հարց կա՞, թե՞ ոչ․ այս մասին այսօր նա ասաց խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ ոչ վարչության անդամ ՔՊ-ականները նիստից հետո, մյուս քաղաքացիների նման, վարչության տարածած հաղորդագրություններից են տեղեկանում գործընթացների մասին։
Լրագրողի հարցին՝ որքանո՞վ է բարոյական՝ ժողովրդավարության բաստեոն երկրում, երբ մարդուն խմբակցությունից հեռացնելու հարց է դրվում՝ կարծիք արտահայտելու, ընկերոջը պաշտպանելու համար։ ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ իրենք Հակոբ Ասլանյանի մոտեցման մասին տեղեկացել են նրա հրապարակային արած հայտարարությունից՝ ՔՊ-ին իր անդամությունը սառեցնելու մասին եւ խնդիր են տեսնում, որ այդ մասին Հակոբ Ասլանյանը խմբակցության նիստի ժամանակ չի խոսել, ավելին՝ «ապշած էր լսածից»․ «Մենք պարոն Ասլանյանին չենք լսել, լսել ենք արդեն եթերում»։
Հասմիկ Հակոբյանը նաեւ ասաց, որ ենթադրել է, թե ինչեր կարող են լինել Հովիկ Աղազարյանի հեռախոսում եղած նամակագրությունում ու հրաժարվել է այն կարդալ։ Բայց իր այն գործընկերներն, ովքեր կարդացել են, պատմել են ու ինքը համոզվել է, որ այն տեղեկությունները, որոնք եղել են, հրապարակման ենթակա չեն, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասել։
Հարցին, եթե անգամ դա անվտանգության խնդիր է եւ հայտնվել է վարչապետի սեղանին, ինչո՞ւ է դա բերվել եւ հանրայնացվել խմբակցության նիստին, որտեղ եղել են նաեւ ինտիմ կյանքին վերաբերող հատվածներ, Հասմիկ Հակոբյանը պատասխանեց․ «Վարչության նիստին ներկա են եղել, մնացել են միայն այն անդամները, որոնք ունեն գաղտնիության թույլտվություն եւ այդտեղ քննարկվել է պարոն Աղազարյանին կուսակցությունից հեռացման հարցը։ Ինչ վերաբերում է պարոն Աղազարյանի ինտիմ անձնական խոսակցություններին, ինձ բացարձակ չի հետաքրքրում եւ իմ գործընկերներին եւս, պարզապես մենք մեղավոր չենք, որ այն խնդրահարույց նամակագրությունները, որտեղ կան խնդրահարույց կետեր, որոնք վերաբերում են մեզ, համեմված են նաեւ ինտիմ մանրամասներով»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ