«ՀՀ-ն պետք է շատ արագ վերադառնա նոյեմբերի 9-ի եռակողմ բանակցությունների ձևաչափ, քանի որ դա միակ ձևաչափն է, որով հնարավորություն կունենանք Թուրքիայի ու Ադրբեջանի դեմն առնել»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Ըստ նրա՝ այլապես այն ադրբեջանական թեզը, որ առանց միջնորդների է պետք բանակցել, բերելու է մեզ նոր կորուստների։
Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ՀՀ-ն ԼՂ հարցը որևէ ատյանում չի բարձրաձայնում։ Նա մտահոգություն հայտնեց․ «Ամբողջ տարին անցել է, COP29-ը համաժողովն անցել է, որի հետ մեծ հույսեր էինք կապում, բայց խաղաղության պայմանագիր չի ստորագրվել ՀՀ-ի հետ։ Խաղաղության գործընթացի իմաստով տարին եղել է շատ վատը, ՀՀ-ն նորից կորուստներ է ունեցել, եկող տարին նույնպես այս առումով հույսեր չի ներշնչում։ Տեսնում եք՝ Սիրիայում վերջին իրադարձություններից հետո Թուրքիայում հնչում են հայտարարություններ, որ հայացքը սևեռվում է թուրքական ուղղությամբ։ Վերցվում է ուղղություն արդեն դեպի Սյունիքի մարզ։ Այս իմաստով տեսնում ենք, որ ունենք բացարձակապես ոչ պատրաստ և ոչ ադեկվատ այս իրողություններին պաշտպանություն։ Սա մեծ վտանգ է»։
Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ նախագահ Թրամփի պատմական վերադարձը մեծ փոփոխություններ է բերելու 2025-ին։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Վրաստանում իրադարձությունների զարգացումներին՝ Էդմոն Մարուքյանն ասաց․ «Վրաստանի իշխանություններն իրենց հաշվարկներում ճիշտ էին։ Ի սկզբանե հաշվարկել էին, որ դեմոկրատական իշխանությունը պարտության է մատնվելու, և իրենք հարաբերություններ էին ստեղծում պահպանողական խմբերի հետ, Հունգարիայի նախագահի կապերն էին նաև օգտագործում։ Գիտեին, որ ԵՄ պատժամիջոցները կարող են կասեցվել Հունգարիայի նախագահի աջակցությամբ, ԱՄՆ-ի պատժամիջոցների կասեցումն իրենց դեմ կարող է կասեցվել Սպիտակ տուն եկող նոր վարչակազմի աջակցությամբ։ Վրաստանում «Վրացական երազանքի» հաղթանակն ակնհայտ էր։ Ընդդիմությունը բազմաթիվ սխալներ էր թույլ տվել՝ չհամախմբելով ու չունենալով թեկնածու։ Ընդդիմությունը գնաց խորհրդարանը դելեգիտիմացնելու ճանապարհով։ Մեզ համար կարևոր է, որ Վրաստանը լինի կայուն, խաղաղ, զարգացող»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ