Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը լուծարում է աշխարհազորը․ դրան կփոխարինեն տեղական պաշտպանության ուժերը

Դեկտեմբեր 17,2024 15:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր արդեն իսկ գործող աշխարհազորայինների համար վատթարացում չի լինելու, նրանք նույն տրամաբանությամբ անցնելու են նոր ռեժիմի՝ պայմանագրային կարգով տեղական պաշտպանության ուժերն են համալրելու․ այս պարզաբանումն այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։

Հանձնաժողովում քննարկվում էր եւ դրական եզրակացության արժանացավ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը, որով սահմանվում է գործող աշխարհազորի համակարգի փոխարինում՝ տեղական պաշտպանության ուժերով։ Ըստ նախագծի, տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է տվյալ համայնքի վարչական տարածքի պաշտպանությունն ապահովող ՀՀ զինված ուժերի համապատասխան զորամիավորումը: Տեղական պաշտպանության ուժերը ներառվում են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ: Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվում են տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին չկցագրված եւ պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով: Ստորաբաժանման կազմում անձի ներառման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր: Պայմանագիր չի կարող կնքվել այն անձի հետ ով ենթակա է պարտադիր զինվորական ծառայության, ով հանդիսանում է զինծառայող կամ ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող, ով պատիժ է կրում ազատազրկման կամ կարճաժամկետ ազատազրկման ձեւով, կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Գեղամ Մանուկյանի հարցին ի պատասխան՝ պաշտպանության փոխնախարարը նաեւ խոսեց աշխարհազորային ծառայության փորձի մասին՝ ասելով, որ մարզերում կային մարզպետների տեղակալներ, ովքեր համակարգում էին աշխարհազորի գործունեությունը․ այս պահին 10 մարզում չկան նման տեղակալներ, Երեւանում ի սկզբանե էլ չի նշանակվել նման փոխքաղաքապետ։ Փոխնախարարը նաեւ հավաստիացնում է՝ այդ հաստիքով չէ, որ հարցերը պետք է կարգավորվեին։ Գործող համակարգմամբ 44-ի ժամանակ հրատապ խնդիր են կարգավորել։ Խնդիրներն առավել համակարգային են ու դրանք մեծամասամբ այս կարգով կլուծվեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Գեղամ Մանուկյանն իր ելույթում արդեն անդրադարձավ հարցին՝ չհամաձայնելով, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հրատապ խնդիր է լուծել կառավարությունը։ Նա կարծում է, որ կառավարությունը տապալել է աշխարհազորի ծրագիրը, հիմա էլ այս ծրագիրն են բերել, որը կրկին ամբողջական չէ, թերի է։ «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի նախագծին՝ մինչեւ այն ամբողջական տեսքի բերվի։

Մանրամասները՝ տեսանյութում

Իշխող խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին էլ ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ տարբեր հիվանդությունների պատճառով զինծառայությունից ազատվածները կարող են կամավորագրվել տեղական պաշտպանական ուժերին։

Մանրամասները՝ տեսանյութում

Քննարկումն ամբողջությամբ՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031