Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս կառավարությունն ուղղակի սպանում է երիտասարդներին՝ իրենց անձնազոհության ու հերոսության վայրը թշնամական տարածք համարելով»․ Էդգար Ղազարյան

Դեկտեմբեր 17,2024 14:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երիտասարդությունը 2018 թվականի Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին իրենց ազնիվ նկրտումներով, ազնիվ երազանքներով դուրս էր եկել պայքարի, հանդիսանում էր այդ պայքարի շարժիչ ուժը։ Եվ ինչպե՞ս վարվեց այս կառավարությունն այդ երիտասարդության հետ՝ սպանեց նրանց», – Ազգային ժողովում «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը։

«Այս կառավարությունն ունի մի երիտասարդական քաղաքականություն, որով ընդամենը սպանում են երիտասարդներին՝ անարգելով նրանց լուսավոր հիշատակը՝ իրենց անձնազոհության, հերոսության վայրը թշնամական տարածք համարելով։ Սա մի կառավարություն է, որի երիտասարդական քաղաքականության հետեւանքով տասնյակ հազարավոր երիտասարդներ ստացել են հաշմանդամություն։ Սա մի կառավարություն է, որի երիտասարդական քաղաքականության հետեւանքով գերության մեջ են հայտնվել երիտասարդներ, որոնք մնացել են պետական հոգածությունից ու ուշադրությունից դուրս։ Սա մի կառավարություն է, որի երիտասարդական քաղաքականության հետեւանքով իրենց սեփական երկրում փախստական են դարձել արցախցի հազարավոր, տասնյակ հազարավոր երիտասարդներ՝ իրենց խախտված իրավունքներով։ Սա մի կառավարություն է, որի երիտասարդական քաղաքականության դրսեւորումն իրենց իրավունքների համար պայքարի դուրս եկած երիտասարդներին ապօրինի ձերբակալելն է, ոստիկանական բիրտ ուժերը նրանց դեմ կիրառելը, նրանց քաղաքական հետապնդումների ենթարկելը»,- հայտարարեց Էդգար Ղազարյանը։

Նա նշեց, որ այս կառավարությունը հսկայական արտաքին պարտքի բեռ է կուտակել երիտասարդների համար, որոնք դեռ աշխատանք չունեն։ Այս կառավարությունը, նրա խոսքով, արդյունավետորեն իրար մեջ է բաշխել այս պետության ու ժողովրդի հարստությունը։ «Սա մի կառավարություն է, որի իրագործած երիտասարդական քաղաքականության հետեւանքով երկրում տարածված է արդեն անկառավարելի դարձած թմրամոլությունը։ Իսկ թմրամոլությամբ զբաղվող պաշտոնյաներին ձերբակալող ոստիկաններն իրենք են հեռացվում զբաղեցրած պաշտոններից»,- հավելեց Էդգար Ղազարյանը։

Նա կոչ արեց երիտասարդներին. «Սիրելի երիտասարդներ, այս կառավարության հետ պետք չէ քննարկել, թե իրենք ինչ երիտասարդական քաղաքականություն են ուզում մշակել ձեզ համար, դրանից դուք միայն սպանվելու եք, տուժելու եք, զրկվելու եք ձեր հայրենիքից։ Այս կառավարությանը դուք պետք է այլ կերպ վերաբերվեք՝ քաղաքականապես մշակեք նրանց եւ հեռացնեք նրանց որոշումներ կայացնելու լիազորություններից ու հնարավորությունից, որպեսզի նրանց կեղտոտ, արյունոտ ճիրաններից փրկեք ու ազատագրեք մեր երկիրը, այս սրբազան հայրենիքը, որը սկիզբ է առել սուրբ Արարատից եւ որը երբեք չի կարող որեւէ չոբանի կամ թուրքի շուն հանձնել թշնամուն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031