Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ընդամենը ուզում եմ իմ կենցաղն ապահովել»․ Վահե Դոլմազյանը մերժեց ԵՊԲՀ նախկին գլխավոր հաշվապահին աշխատանքում վերականգնելու միջնորդությունը

Դեկտեմբեր 17,2024 14:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում ԵՊԲՀ նախկին գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ պաշտոնավորման կասեցումը։

Լարիսա Պարսեղյանը դատարանի դահլիճում հայտարարեց․ «Ես ընդամենն ուզում եմ իմ կենցաղն ապահովել։ Մեկուկես տարի է` չեմ կարողանում մասնագետ լինելով հանդերձ, աշխատանք գտնել։ Վերականգնեք իմ պաշտոնավարման կասեցումը, որ կարողանամ տարրական իմ կենցաղն ապահովել։ Ես հարգել եմ քննիչի, դատարանի որոշումը, ես բուհ էլ չեմ մտել մեկուկես տարի, այդ կողմով չեմ էլ անցել։ Խնդրում եմ՝ եթե հնարավոր է իմ պաշտոնավարման կասեցումը դադարեցնել»։

Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը, փաստելով, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն է միջնորդել վերականգնել Լարիսա Պարսեղյանին, ասաց․ «Երբ հիմնադրամի ռեկտորն է խնդրում թույլ տալ, որ Լարիսա Պարսեղյանը վերականգնվի, նշանակում է, որ այդ կազմակերպությունը որևէ կերպ վտանգավոր չի դիտարկում անձին։ Վստահ եմ, որ պարոն Մուրադյանը երբեք վտանգավոր որևէ սուբյեկտի չէր միջնորդի վերականգնել։ Պետք է հարգել այդ կազմակերպության մոտեցումը։ Այդ խափանման միջոցի իրացումը վերանում է»։

Արմեն Աշոտյանն էլ նշեց․ «Ուշադրություն հրավիրեմ՝ որպես նախկին գերատեսչության ղեկավար այն հանգամանքի վրա, որ վերականգնվող մարդը պետք է ունենա հնարավորություն աշխատելու բուհի փաստաթղթերի հետ։ Չլինելով փաստացի աշխատակից՝ նա իրավունք չի ունենալու այդ փաստաթղթերի հետ աշխատել։ Հիմնարկում չհաշվառված մարդը իրավունք չունի ծանոթանալու տվյալ հիմնարկի փաստաթղթաշրջանառության հետ։ Մյուս հանգամանքն այն է, որ աշխատեցնել մարդուն առանց վարձատրելու ոչ միայն սոցիալական խնդիր է, այլև աշխատանքային օրենսգրքով չկարգավորվող նորմ»։

Մեղադրող դատախազ Արման Նշանյանը ասաց․ «Ռեկտորն անհրաժեշտություն է տեսել վերականգնել Լարիսա Պարսեղյանի լիազորությունները զուտ հարկային ստուգման շրջանակում նրա մասնակցությունն ապահովելու համատեքստում։ Հետևաբար այն պնդումը, որ նա պետք է հաշվառվի ու իր կատարած աշխատանքի համար վարձատրվի, հիմնավոր չէ»։

Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը մերժեց միջնորդությունը ու նշեց․ «Սույն միջնորդությունը, որը ներկայացվել է ռեկտորի կողմից, որպես փաստարկ նշվել է այն հանգամանքը, որ նշանակվել է հարկային ստուգում, և հարկային ստուգման մարմնին առավել մանրամասն պարզաբանում կարող է տալ Լարիսա Պարսեղյանը։ Արդյոք դա բավարա՞ր է խափանման միջոցը վերացնելու համար։ Նախ, այն ժամանակաշրջանը, որի ընթացքում այդ ստուգումը նշանակված է և այդ ժամանակվա փաստաթղթերին առնչությունը որև կերպ չի կարող վտանգել շատ ավելի վաղ իրադարձություններին, դրանց հետ կապված փաստաթղթերի շրջանառությանը։ Լարիսա Պարսեղյանը կաշխատի, թե՝ ոչ, կվարձատրվի թե՝ ոչ, դա դատարանի գնահատման ենթակա հանգամանք չէ և այս գործի քննության առարկան չէ։ Անկախ նրանից, թե դատարանն ինչ որոշում կկայացնի, Լարիսա Պարսեղյանի մասնակցությունը համապատասխանաբար առաջացող հարցին պարզաբանում տալու առումով խոչընդոտ չէ, իսկ պաշտոնավարումը՝ որպես խափանման միջոց չի արգելում այդ ստուգմանը մասնակցելուն։ Լարիսա Պարսեղյանի նկատմամբ տվյալ խափանման միջոցի կիրառումը և դրա՝ անփոփոխ լինելը դատարանը պայմանավորել է նրանով՝ հաշվի առնելով, որ մի շարք աշխատակիցներ հենց համալսարանի աշխատակիցներ են և որպես գլխավոր հաշվապահ՝ կան ֆինանսական հարցեր, այդ առումով կարող է ազդեցության լծակներ ունենալ՝ ինչով էլ պայմանավորված միջամտության առումով դատարանի գնահատմամբ քննությանը խոչընդոտելու ռիսկը բարձր է գնահատվել։ Հետևաբար նշված հանգամանքները հաշվի առնելով՝ դատարանը գտնում է՝ պաշտոնավարման կասեցում խափանման միջոցի գործողության ընթացքում իրավաչափության պայմանները չեն վերացել ու չեն փոխվել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031