«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը
Ռուբեն ջան,
Համոզված չեմ, որ այս նամակը քեզ կհասնի, ու նույնիսկ չգիտեմ, թե երբ մեզ բախտ կվիճակվի նորից հանդիպել:
Երբ դու մեկնեցիր Արցախ, և քո վրա վերցրեցիր այն ոտքի կանգնեցնելու ծանր բեռը, դեռևս հայտնի չէր մեզ, որ Արցախը դավաճանված ու լքված է: Այն պահին դեռ հույս կար, ու դու քո մեծ սրտով կառչեցիր այդ հույսից, և փորձեցիր այն իրականություն դարձնել: Նույնիսկ այն պահին, երբ Արցախն արդեն շրջափակված էր, դու՝ պաշտոնազրկված, դու չէիր հրաժարվում այդ հույսից, չէիր հանձնվում, ձեռքերդ քշտած Հակոբավանքն էիր վերականգնում, կարիքավորներին էիր օգնում, մարդկանց էիր հույս տալիս՝ իրենց հետ կիսելով քո մեծ հույսը, քո մարդկային շնորհները, քո կյանքով ստեղծածը, ու իրենց հետ կիսելով նաև իրենց դառը ճակատագիրը:
Կարդացեք նաև
Այսօր էլ դու և ընկերներդ Բաքվի դժնդակ զնդաններում եք՝ մեր բոլորիս փոխարեն կրելով այն ծանր խաչը, որը Հային է տրվում իր ծննդով: Շատերն այդ խաչից հրաժարվում են, անկարող լինելով կրել նրա ծանրությունը, բայց և հրաժարվելով նրանով տված աստվածային առաքելության բերկրանքից: Դու ոչ միայն քո անձնական խաչն ես կրում, այլև քո հզոր ուսերի վրա ես վերցրել ողջ ազգինը, ու տանում ես այն անմռունչ ու անզիջում:
Պինդ մնա քո կռվում, անկոտրում ու աննահանջ: Աստվածային արդարությունը հաղթանակում է, և քո տառապանքը նոր ուժ է տալու արդարներին, նոր հույս՝ ազատասերներին, և նոր հավատ՝ քո բոլոր քույրերին ու եղբայրներին: Աստված քեզ զորավիգ ու պահապան:
Կարծում եմ, որ հայ ազգը Ռուբեն Վարդանյանին այդպես էլ ըստ արժանվույն չգնահատեց: Չգնահատեց նրա բազմակողմանի ներդրումները և նվիրումը Հայաստանի, Արցախի և ամբողջ հայության շահերի համար: Հասարակության մեջ այսօր չկա լուրջ ընդվզում նրան ծանր պայմաններում ու երկարատև կալանքի տակ պահելու վերաբերյալ և բոլորս կարծես համակերպվել ենք ու «ըմբռնումով» ենք մոտենում նրա բանտային տառապանքներին: Ֆինանսական և մտավոր մեծ կարողությունների տեր այդ մարդը աննախադեպ օրինակ ցույց տվեց, թե ինչեր է պարտավոր անել յուրաքանչյուր գիտակից հայը, երբ տկար է իր հայրենիքը և վտանգված է նրա գոյությունը: Պարզ է, որ նիկոլը վախենում է Ռուբեն Վարդանյանի վերադարձից և նրա, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական վերնախավի նկատմամբ իր քիրվա ալիևի վարած «արդարադատության» վերաբերյալ մինչև օրս որևէ թթու խոսք չի ասել: Ո՞նց ասի, եթե ինքը ալիևի պարտադրած «խաղաղասիրությունից» բացի ուրիշ երգ չի ուզում երգել:
Սիրելի Ռուբեն Վարդանյան, Ձեր օրինակը և պահվածքը չի կարող արդյունք չտալ և կարելի է վստահ լինել, որ երիտասարդ սերնդի մեջ կհայտնվեն Ձեր հետևորդները՝ մեր երկրի իսկական տերերը: