Հայաստանում երիտասարդության միացյալ մարմին կստեղծվի, որի կազմում չեն կարող ընդգրկվել կուսակցությունների երիտթեւերը եւ ուսխորհուրդները։ Այս մասին Ազգային ժողովում «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միություն ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանը (լուսանկարում)։ «Ձգտումն այն է, որ միացյալ մարմինը չքաղաքականացված լինի»,- ասաց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարցրեց․ «Ակնհայտ է, որ Հայաստանում երիտասարդական կազմակերպությունների մի ճնշող մասն այս կամ այն քաղաքական ուժի երիտասարդական թեւերն են, որոնք գրանցված ու ճանաչված են պետության կողմից։ Այս միացյալ մարմինը նախագծի հեղինակները դիտարկում են սոցիալական գործընկերության մի օղակ՝ պետության հետ աշխատելու։ Եթե հեղինակները որդեգրում են հնարավորինս չքաղաքականացնելու հայացքը, ապա ինչպե՞ս են այս միացյալ մարմնում դրսեւորվելու կամ արտացոլվելու քաղաքական կազմակերպությունների երիտասարդական թեւերը։ Արդյոք այս կանխակալ վերաբերմունքով չեք արգելափակում նրանց մասնակցությունը»։
Գրիգոր Երիցյանն ասաց, որ նախկին փորձն այն է, որ նախորդ միացյալ մարմնի անդամները հիմնականում եղել են քաղաքականացված, կուսակցությունների տարբեր երիտասարդական թեւեր։ «Պետությունը հսկայական միջոցներ է տրամադրել այդ կառույցի գործողություններին, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ կառույցը չի եղել ներառական, սահմանափակվել է քաղաքական էլիտարներին հարող երիտասարդների մասնակցությամբ եւ ի վերջո չի ներկայացրել երիտասարդության շահերը, այդտեղ ներգրավված չեն եղել իրական երիտասարդական կազմակերպություններ եւ քաղաքացիական հասարակությունը, ինչն ի վերջո հանգեցրել է այդ կառույցի ծայրահեղ քաղաքականացման, կուսակցականացման եւ ի վերջո լուծարման։ Ունենալով այս բացասական փորձը՝ հստակ է, որ քաղաքական կուսակցությունների երիտթեւերն այս միացյալ մարմնին անդամակցելու հնարավորություն չեն ունենալու։ Նույնը վերաբերում է ուսանողական խորհուրդներին, ուսանողական խորհուրդները նույնպես երկար տարիներ եղել են եւ որոշ դեպքերում շարունակում են մնալ ոչ անկախ եւ կուսակցականացված»,- նշեց Երիցյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ