Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության պարտականությունն է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող կառուցակարգեր և զարգացնել դրանք. Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Դեկտեմբեր 17,2024 13:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 16-ին այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և դասախոսությամբ հանդես եկել ավագ դպրոց-հետազոտական վարժարանի սաների համար:

Իր խոսքում Պաշտպանը նախ կարևորել է դպրոցականների հետ նման ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ մարդու իրավունքների կրթությունը կատարելագործելու տեսանկյունից, ապա՝ ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին առնչվող մի շարք հարցեր, ներկայացրել ոլորտում տեղական և միջազգային լավագույն փորձը։

«Որպես Մարդու իրավունքների պաշտպան կարևորում եմ ոչ միայն մարդկանց համար, այլ նաև՝ մարդկանց հետ աշխատանքը։ Մարդու իրավունքները կյանքի մասին են։ Դրանք ստեղծվել են, որպեսզի մարդը կարողանա իրեն արժանապատիվ և պաշտպանված զգալ: Պետության պարտականությունն է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող կառուցակարգեր և հետևողականորեն զարգացնել դրանք՝ հիմնվելով իրավունքի գերակայության և մարդակենտրոն արժեքների վրա»,- ասել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև իր գործունեության ուղղություններին, լիազորությունների շրջանակին՝ նշելով, որ երբեմն մարդիկ սխալ են ընկալում Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը․ «Ես փորձում եմ հնարավորինս շատ շփվել մարդկանց հետ, ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, քանի որ կա թյուր կարծիք, թե Պաշտպանի մանդատին վերաբերելի է ամեն ինչ»։

Հարց ու պատասխանի ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, Պաշտպանը խոսել է նաև իրավահավասարության, խտրականության բացառման սկզբունքի, փաստաբանների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց մասնագիտական էթիկայի խախտումների հաճախ հանդիպող դեպքերի ու դրանց անթույլատրելիության մասին։

Անդրադարձ է կատարվել նաև ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը:

Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է յուրաքանչյուրիս ջանքերի համատեղումը, սեփական միջավայրում որևէ դրական փոփոխության իրականացումը՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրները հաղթահարելու նպատակով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031