«Ես մեծ կարծիք, տեսակետ ունեմ, որ Արմեն Աշոտյանը հայտնվելու է Գինեսի ռեկորդների գրքում ոչ թե որպես ամենաանհեթեթ քաղաքական հետապնդման ենթարկված ֆիգուր, այլ ամենաարհեստականորեն ձգձգված դատավարության զոհ, որտեղ յուրաքանչյուր վկայի հարցաքննությունն անհեթեթագույն հարցերով տևում է երեքից-չորս ամիս»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ-ի նախագաh Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ նրա՝ Արմեն Աշոտյանի գործով վկաները «անհեթեթ իդիոտիզմով են հարցաքննվում»։
Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հրապարակած համապատասխանության նոր զեկույցին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Նույնիսկ արևմտյան կառույցները չեն կարողացել թաքցնել, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգը և այլ իշխանական համակարգեր ներքաշված են կոռուպցիայի մեջ, և դատական գործերում մեծ է քաղաքական ազդեցությունը»։
Այն, որ Ադրբեջանն ընդլայնել է Ռուբեն Վարդանյանին առաջադրված կեղծ մեղադրանքները, որոնցով նրան ցմահ ազատազրկում է սպառնում, ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ այս հարցով ՀՀ-ում հանրային գործիչները նաև մեծ անելիք ունեն․ «Հասկանում ենք, որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ պիտի անի, որ Արցախի քաղաքական էլիտան մեռնի Բաքվի բերդերում։ Բայց մենք անելիք ունենք նաև միջազգային կառույցների հետ․ օրինակ՝ ԵԱՀԿ ԽՎ-ի հետ, որի բազմաթիվ պատգամավորներ անձամբ են այցելել Ստեփանակերտ, հանդիպել Արցախի քաղաքական էլիտայի հետ։ Եթե նրանց պետք է ցմահ ազատազրկել, ուրեմն բոլոր այն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք դե ֆակտո ճանաչել են Արցախի Հանրապետությունը, նրանց ևս պետք է ցմահ դատապարտել»։
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը նաև հայտնեց. «Երբ գալիս էի դատարան, տեսա, որ բոլոր կամուրջներին ոստիկաններ էին, շենքերի տանիքներին դիպուկահարներ, տաքսու վարորդն ասաց, որ վարչապետը գնում է կլինիկա՝ ստուգման»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ