«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագիրը ընդհանուր ունեցել է 8000-ից ավելի շահառու։ Այս մասին Ազգային ժողովում «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ 2024 թվականի ընթացքում 400-500 նոր շահառու համալրել է շահառուների ցանկը։ «Ծրագիրը շատ հաջող ծրագիր է՝ մարզերում մինչեւ 4 տոկոս փոխհատուցում է տալիս երկրորդային շուկայից բնակարան գնելու դեպքում, իսկ Երեւանում՝ 2 տոկոս։ Իսկ եթե առաջնային շուկայից են օգտվում՝ առավելագույնը 7,5 տոկոս սահմանաչափով կարողանում են ստանալ վարկ, որը երիտասարդ ընտանիքների պարագայում էական աջակցություն է պետության կողմից՝ նրանց բնակարանի հարցերը կարգավորելու համար»,- ասաց նա՝ պատասխանելով Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի հարցին։
Ղազարյանը նաեւ հարցրեց․ «Կարելի՞ է իմանալ՝ ինչո՞ւ եք փակել մարզային երիտասարդական կենտրոնները, որ նորերն եք հիմնում»։
Ի պատասխան Արթուր Մարտիրոսյանն ասաց, որ արդեն 5 կենտրոն գործում է, եւս 4-ը առաջիկայում կհիմնվեն։ Արդեն 2026 թվականի վերջին 25 մարզային երիտասարդական կենտրոններ կգործեն։ «Սրանք որակապես այլ կենտրոններ են։ Դուք, որ ասում եք՝ ժամանակին եղել են, դրանք եղել են կենտրոնացված եւ ամեն մարզում մեկ կենտրոն։ Մենք ուզում ենք, որ այս կենտրոնները հենց երիտասարդական կազմակերպությունների կողմից կառավարվեն՝ ունենալով ՏԻՄ-ի եւ պետական լիազոր մարմիների աջակցությունը»,- նշեց փոխնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ