ՀՀ բնակչության մոտ 27 տոկոսը երիտասարդներ են։ Այս մասին Ազգային ժողովում «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։ «Հատկանշական է , որ այսօր ՀՀ-ն ունի ամենաերիտասարդ միջին տարիքն ունեցող խորհրդարանը։ Սա վկայում է այն մասին, որ երիտասարդների ձայնը որոշիչ նշանակություն ունի մեր երկրում որոշումների կայացման հարցում։ Մենք կարծում ենք, որ այս ժամանակաշրջանում ավելի քան անհրաժեշտություն կա աջակցության, երիտասարդների կայացման, անկախացման սոցիալ-տնտեսական ինքնավարության ձեռքբերման հարցում»,- ասաց նա։
Թագուհի Ղազարյանը նշեց, որ իշխանության դերը միջավայր ստեղծելն է, որտեղ երիտասարդների տաղանդն ու ներուժը կզարգանա։ Այս նախագիծը, նրա խոսքով, մշակվել է երեք տարիների ընթացքում։
«Սիրելի երիտասարդներ, եղեք համարձակ, նախաձեռնող, իրավագիտակից եւ պահանջատեր»,- հորդորեց Թագուհի Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն էլ նշեց, որ շատ կարեւոր է ունենալ երիտասարդության առաջնահերթություններն ընդգծող առանձին համապարփակ օրենսդրություն։ Այս նախագիծը սահմանում է պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները՝ հանդիսանալով շրջանակային փաստաթուղթ երիտասարդական քաղաքականության բոլոր դերակատարների համար։ Օրենքով պետական երիտասարդական քաղաքականությունը սահմանվում է որպես կառավարության կողմից ընդունված ծրագրերի եւ միջոցառումների համակարգ, որը միտված է երիտասարդների կարողությունների բացահայտմանը, զարգացմանը, երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաեւ քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության բարձրացմանը։ Նա հավելեց, որ օրենքի ընդունման շնորհիվ կստեղծվի պետական երիտասարդական քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքը։
«Մի կողմից իջեցրել ենք երիտասարդության շեմը մինչեւ 13, շատ տարբեր՝ դեմոգրաֆիկ եւ այլ հանգամանքներ հաշվի առնելով։ Մյուս կողմից բարձրացրել ենք 35՝ հաշվի առնելով, որ ցավոք մենք ծերացող հասարակություն ենք»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ