«Ո՞ր մասն ա փառավոր ձեր պատմության, պարսկական լծի տակ, հետո՝ արաբական, հետո՝ թուրքական, հետո էլ՝ ռուսական։ Ես լուրջ չեմ հասկանում, ձեր անցյալի ո՞ր հատվածով եք էդպես հիացած». եթե հարցում անցկացնեինք, թե որ երկրի ղեկավարը կարող էր նման հայտարարություն անել` Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, Ռուսաստանի՞, Իրանի՞, թե՞ Հայաստանի, բանական մարդու մտքով անգամ չէր անցնի, որ սա ՀՀ վարչապետի խոսքն է: Դժվար է պատկերացնել մեկ այլ պետություն, որտեղ երկրի առաջնորդը կարող է իր սեփական ժողովրդին վասալ անվանել:
Մի՞թե Հայոց պատմության էջերում Փաշինյանը ոչ մի լավ բան, հպարտանալու առիթ չի տեսել: Զրուցել ենք պատմաբան, Հայոց պատմության դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանի հետ:
– Նիկոլ Փաշինյանը, որը մի ժամանակ Պապ թագավորին էր փառաբանում, այսօր հայտարարում է, որ մենք մեր պատմության մեջ հպարտանալու ոչինչ չունենք` միշտ եղել ենք տարբեր ազգերի լծի տակ: Ըստ Ձեզ` ո՞րն է այս հայտարարության նպատակը:
– Այս մարդն իր ազգակործան քաղաքականությունն առաջ տանելու համար պատրաստ է տարբեր տեսակի զառանցանքներ հորինել, տարբեր ստեր ասել, անգամ՝ մեր պատմության ընթացքի մասին: Նա այնպիսի հիմար հայտարարություններ է անում, որոնք ոչ մի կերպ չեն բխում հայ ժողովրդի շահերից, բայց ամենացավալին այն է, որ այդ հիմարությունները ոչ մի կապ չունեն իրականության հետ: Մենք հպարտանալու իրավունք ունենք մեր բազմադարյա պատմությամբ: Նիկոլ Փաշինյանը փորձում է մի կողմ դնել ողջ Հայոց պատմությունը եւ իր կառավարման շրջանը ներկայացնել իբրեւ միակ բացարձակ ճշմարտություն: Մենք Հայոց պատմության ընթացքում պետականության համար մշտապես պայքարի մեջ ենք եղել, պետականություն ունենալու պարագայում հզորացել է պետությունը, իսկ թշնամիների դեմ պայքարում ընկել ենք օտարի տիրապետության տակ: Հայ ժողովուրդն ազգային ազատագրական պայքար է մղել` հայկական պետականության վերականգնման համար: Հայ ժողովրդի պատմությունն իր մեջ պետականության պայքարի պատմություն է ներառում, մենք հպարտանում ենք մեր պատմական այն շրջանով, երբ կերտել ենք պետականություն` Արտաշեսյանների, Երվանդունիների, Հայկազունիների, Բագրատունիների օրոք: Կիլիկյան Հայաստանում մենք ստեղծել ենք պետականություն, որը հսկայական դեր է խաղացել ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ` հարեւան ժողովուրդների պատմական ճակատագրի վրա: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը բերում է սուտ, իրականությանը չհամապատասխանող, կեղծ փաստարկներ:
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: