Փաստենք, որ կրթության ամբողջ համակարգը շարունակում է մնալ ազատ անկման մեջ, այն մեծ արագությամբ գլորվում է ներքև: Դա փաստում են վերջին շրջանի ցուցանիշները՝ կապված և՛ հանրակրթության, և՛ բարձրագույն կրթության հետ: «Փաստի» հետ զրույցում, ամփոփելով անցնող կրթական տարին, նման կարծիք է հայտնում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:
Հավելում է՝ շատ կարևոր է բարձրաձայնել արժեքային այն տրանսֆորմացիայի մասին, որ տեղի ունեցավ անցնող տարվա ընթացքում: «Մի քանի առարկաներ ուղղակի դուրս մղվեցին հանրակրթությունից, օրինակ՝ «Հայ եկեղեցու պատմությունը», «Հայոց պատմությունը» դարձավ «Հայաստանի պատմություն»: «Նոր չափորոշիչների» ընդունումն էական ազդեցություն ունեցավ հատկապես հումանիտար, հասարակագիտական ուղղությամբ առարկաների վրա, և այստեղ շատ մեծ հարված հասցվեց ազգային հիմքին, գաղափարախոսությանն ու արժեքներին: Հիշենք տարրական դասարանի դասագրքերը, որտեղ Հայաստանի դրոշն էին այրում, մի ուրիշ դասագրքում ադրբեջանական հեքիաթներ էին մեջբերում: Այս տարին աչքի ընկավ նաև նրանով, որ որոշ դասարաններ որոշ առարկաներից ընդհանրապես դասագրքեր չունեն, և այդպես շարունակում են իրենց ուսումը: Օրինակ՝ 10-րդ դասարանում «Պատմության» դասագիրք չկա որևէ դպրոցում և այդպես էլ չի լինելու ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Սա միակ օրինակը չէ, տասից ավելի դասագիրք դպրոց «չմտավ»: Սա փաստում է այն մասին, որ մեզ մոտ հանրակրթության ոլորտը գլորվում է ներքև:
Դա են փաստում նաև այն արդյունքները, որոնք ունեցանք. Հայաստանում տասը տարեկանների առնվազն մեկ երրորդը, ընդ որում՝ դա լավացված ցուցանիշ է անցած տարվա համեմատ, ֆունկցիոնալ անգրագետ է: Անցած տարի երկու երեխայից մեկն էր ֆունկցիոնալ անգրագետ, այս տարի իբր ցուցանիշները լավացան՝ դառնալով երեքից մեկը: Լիազոր մարմնի ներկայացուցիչը, ղեկավարը նույնիսկ պարծենալով են ասում՝ տեսեք, թե ինչպիսի ձեռքբերում ունեցանք, բայց չեն ասում, որ երեք երեխայից մեկն ուղղակի անգրագետ է: Սա այնքան մեծ ցավ է այն ժողովրդի համար, որը ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի մակարդակով ունեցել է մեծանուն գիտնականներ, մշակութային գործիչներ և այլք: Իսկ հիմա այս ցուցանիշներով՝ մեկ երրորդ անգրագիտությամբ երեխաների հետ թող կառուցեն իրենց երազած ապագան»,-նշում է Մխիթարյանը՝ ամփոփելով հանրակրթության ոլորտի հետ կապված իր առանցքային մտահոգությունները:
Հաջորդիվ անդրադառնում ենք բուհական համակարգին:
Կարդացեք նաև
Մշակվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծ, որն ավելի վատն էր, քան նախկինում գոյություն ունեցողը: Այն հավանության արժանացավ Ազգային ժողովի կողմից, բայց Սահմանադրական դատարանը որոշ դրույթներ ճանաչեց հակասահմանադրական: Այս վատ նախագծով հեղինակները ներկայացնում են այն կրթական և գիտական համակարգը, որն ունենալու է Հայաստանը՝ որպես ծառայություններ մատուցող երկիր, որին ընդհանրապես պետք չէ բարձրագույն կրթություն, առավել ևս՝ գիտություն: Պետք է ընդամենը ծառայություններ մատուցենք զբոսաշրջիկներին, Հայաստանի վրայով արևելքից արևմուտք և հակառակը երթևեկողներին: Խոսք չկա բարձր ինդուստրիալ տնտեսության, արդյունաբերության, գիտության մասին»,-հավելում է մեր զրուցակիցը:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։