Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորները խոսել են ցածր ձայնով, իրավունքներն ու պարտականությունները չեն պարզաբանվել, նստարանները բացակայել են. ՀՔԱՎ զեկույցը

Դեկտեմբեր 17,2024 10:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Վերջին տարիներին դատական եւ իրավական բարեփոխումների համատեքստում ձեռնարկված միջոցառումները բավարար չեն եղել կանխելու գործերի հրապարակային եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունքի խաթարման դեպքերը։ Չնայած դատաիրավական համակարգում կատարվող պարբերական և արմատական բնույթ կրող փոփոխությունների, քաղաքացիները բախվում են ուշացած արդարադատության, մասնավորապես՝ դատական նիստերի չարդարացված հետաձգումների, գործերի երկարատև եւ ոչ արդյունավետ քննության, վճիռների չկատարման, վերջնական դատական ակտերի չհրապարակման և այլ փոխկապակցված խնդիրների։

Պետությունը պոզիտիվ պարտավորություն ունի ապահովելու, որպեսզի դատավարությունները հանրության համար լինեն բաց, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված հատուկ դեպքերի։ Դատավարության հրապարակայնությունը կարևոր նախապայման է հանդիսանում արդյունավետ դատական պաշտպանության համար, ինչպես նաև բացառելու ստվերային արդարադատության իրականացումը»,- նշված է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ գրասենյակ) պատրաստած «Արդարադատությունը բաց աչքերով» զեկույցի սեղմագրում ։

ՀՔԱՎ գրասենյակը «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում 2023 թ․-ից մինչև 2024 թ․-ը մեկնարկել է դատական նիստերի մշտադիտարկման աշխատանքներ՝ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության, մասնագիտացված եւ վերաքննիչ դատարաններում։ Նշվում է, որ զեկույցի նպատակն է ներկայացնել դատական համակարգում արձանագրված խնդիրները եւ առաջարկել փոփոխություններ, որոնք կնպաստեն արդար դատաքննության իրավունքի, մասնավորապես, հրապարակային եւ ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքի վիճակի բարելավմանը։

ՀՔԱՎ գրասենյակը պարզել է, որ օրինակ, մշտադիտարկված 1249 դատական նիստերից 48-ի դեպքում դատական նիստերի ձայնագրումը ընդհատվել է։

Մշտադիտարկողները նշել են, որ դատավորներ Լիլիթ Սարգսյանի, Ռուբեն Ներսիսյանի, Գնել Գասպարյանի, Կարեն Ֆարխոյանի, Լուսինե Ալավերդյանի, Սյուզաննա Ուլիխանյանի խոսքը լսելի չէ, քանի որ շատ ցածր ձայնով են խոսում դատական նիստերի ժամանակ։ Դատավարության մասնակիցների եւ դատավորի ցածր ձայնով խոսքի մասին նշվել է 94 դատական նիստերի մշտադիտարկման քարտերում:

Նշվում է նաեւ, որ 1249 դատական նիստերից դատական ակտեր են հրապարակվել 108-ի ժամանակ, որից 76 դատական նիստերի ժամանակ դատավորը պարզաբանել է ակտը բողոքարկելու ժամկետներն ու կարգը, իսկ 32 դատական նիստերի ժամանակ՝ ոչ:

13 դատական նիստերի ժամանակ իրավունքներն ու պարտականությունները չեն պարզաբանվել, 62 դատական նիստերի ժամանակ իրավունքներն ու պարտականությունները պարզաբանվել են, սակայն ոչ հասկանալի կերպով։

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Վերաքննիչ քրեական դատարանում այցելուների համար նախատեսված նստարանները բացակայել են, նստարանը տեղադրված է եղել միայն անցակետի մուտքի մոտ, մշտադիտարկված 600 նիստից 99 դատական նիստի վերաբերյալ տեղեկությունները ժամանակին չեն լրացվել «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում։

Ի թիվս այլնի, զեկույցը կազմողները արձանագրել են, որ Վերաքննիչ քրեական դատարանում քրեական գործի քննության ժամանակ նիստը կայացել է երկու դատավորի կազմով՝ չի ներկայացել դատավոր Մարինե Մելքոնյանը, որի վերաբերյալ բացատրություն չի տրվել:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031