Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարն ինչո՞ւ պետք է գնա տուն ծառայողական մեքենայով, բայց չգիտես ինչու ասեն՝ մենք տրանսպորտային բարեփոխում ենք անում

Դեկտեմբեր 16,2024 23:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը պոպուլիզմի ու շոուների մեծ վարպետ է: Տպավորություն է, որ այս երկրում էլ դարդ ու ցավ չկա, մնացել էր, որ միայն ծառայողական մեքենա կրճատվի: Իրականում ողբերգությունն այն է, որ սրանով զբաղվում է Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ մեկ զբաղվում է պադավատներ կրճատելով, մեկ ցնցուղով… գառաժի վարիչի գործ է էլի: Ցավում եմ, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ամեն կառավարության նիստին զբաղվում է նախարարության միջին օղակի գործառույթներով »,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով պետական ապարատի ծառայողական մեքենաները կրճատելու Փաշինյանի հրահանգին:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մոտ 80-90 տոկոսով կրճատելու է պետական ապարատի ծառայողական մեքենաները։

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Փաշինյանի աշխատակազմը 44 միլիոն դրամանոց նոր «պադավատ է» ստացել մեկ ամիս առաջ ու կրճատել 16 տարի առաջ ձեռք բերված երեք մեքենա, Մեսրոպ Առաքելյանը շարունակեց. «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մի քանի ամիս հանրության աչքին թոզ փչելու համար մետրոներում ոտքով ման գալուց հետո, հիմա իրենց մեքենաների լուսամուտը չեն իջեցնում իրականությունը տեսնելու համար»:

Մեր զրուցակիցը նկատեց, որ հանրության դժգոհությունը եւ՛ նախկին իշխանություններից, եւ՛ Նիկոլ Փաշինյանից վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող ծառայողական մեքենաներին. «Այդ թվում Արայիկ Հարությունյանին, թե ինչու նա պետք է ծառայողական մեքենայով տուն գնա, գա, որեւէ մեկը չի կարող բացատրել: Ծառայողական մեքենան պետք է ոչ թե կցվի բարձրաստիճան պաշտոնյային, այլ գործառույթին: Կան նախարարներ, որոնք իրենց գործառույթն իրականացնում են իրենց աշխատավայրից դուրս, բայց աշխատակազմի ղեկավարը եւ էլի տարբեր պաշտոնյաներ, երբ իրենց ամբողջ գործառույթն իրականացնում են նախարարության եւ կառավարության շենքերում ու այդ ծառայողական մեքենան իրենց ծառայում է գործից տուն ու տնից գործի գնալու համար, որեւէ տրամաբանություն չկա:

Ես՝ ինքս, նախարար եղած ժամանակ հրաժարվել եմ ծառայողական մեքենայից, որովհետեւ իմ մեքենայով գնացել եմ գործի, եկել տուն: Այո՛, կան նախարարներ, որոնց ծառայողական մեքենա իրենց գործառույթների համար անհրաժեշտ չէ: Նախարարն ինչո՞ւ պետք է գնա տուն ծառայողական մեքենայով, բայց չգիտես ինչու ասեն՝ մենք տրանսպորտային բարեփոխում ենք անում: Դե, այդ տրանսպորտային բարեփոխումից առաջինը թող օգտվի Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը: Թող մի հատ առավոտ շուտ տրանսպորտով գնան աշխատանքի, տեսնենք ժամը 11-ի կառավարության նիստին կհասնե՞ն գործի, թե՞ չէ: Երբ որ մի երկու անգամ սովորական տրանսպորտով կգնան աշխատանքի, նոր կհասկանան՝ իրենք պետք է զբաղվեն աշխատելով, ոչ թե իրենց ժամանակը ծառայողական մեքենաների մեջ անցկացնելով»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031