Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին և ԱԳ նախարարի տեղակալ Կոնստաս Ֆրագոյաննիսը դեկտեմբերի 16-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին և ԱԳ նախարարի տեղակալ Կոնստաս Ֆրագոյաննիսը ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավար Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո տիկին Լինա Մենդոնին և պարոն Կոնստաս Ֆրագոյաննիսը գրառումներ կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրերին նվիրեց Հայոց և Հունաց ցեղասպանությունների մասին գրքեր: Իր հերթին Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին հուշանվեր հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ