Խորհրդային Միության փլուզումից հետո Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթություններից էր մեծացնել իր ազդեցությունը հետխորհրդային երկրներում: Շեշտը դրվում էր թյուրքախոս, ինչպես նաև՝ մուսուլմաններով բնակեցված երկրների և շրջանների վրա։ Վրաստանի նկատմամբ Թուրքիայի այս քաղաքականությունն արտահայտվեց Աջարիայում, որի բնակչության 30 տոկոսից ավելին իսլամադավան են։ Թուրքիան այնտեղ օգտագործում է իր ազդեցության տարածման կարևոր գործիքներից մեկը՝ փափուկ ուժի քաղաքականությունը, որն արտահայտվում է ներդրումների, կրոնական քարոզչության և քաղաքական ներգրավվածության միջոցով՝ հիմքում դնելով Թուրքիայի հետ պատմականորեն ձևավորված մշակութային կապերը (Աջարիան եղել է Օսմանյան կայսրության կազմում, որի ժամանակ էլ տեղի բնակիչներից շատերն ընդունել են իսլամ):
Ներկայում Թուրքիան և Վրաստանն ունեն տնտեսական խորը հարաբերություններ։ Ըստ Վրաստանի վիճակագրական ինստիտուտի (Geostat) տվյալների՝ Թուրքիայի և Վրաստանի միջև առևտրի ծավալը 2017 թվականին հասել է 1 միլիարդ 589 միլիոն դոլարի, իսկ Վրաստան արտահանումը կազմել է 1 միլիարդ 372 միլիոն դոլար։ Թուրքիան 2017 թվականին պահպանել է Վրաստանի առաջին առևտրային գործընկերոջ դիրքը՝ 17 տոկոս բաժնեմասով։ Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն անցած տարի հասել է մոտ 3 մլրդ դոլարի՝ ապագայում ծրագրելով հասցնել մինչև 5 մլրդ դոլարի: Աջարիայում թուրքական ներդրումները կազմում են օտարերկրյա կապիտալի մոտ 80-90%-ը, որոնք հատկապես զգալի են Բաթումիում։
Այստեղ մեծ է նաև թուրքական կրոնական հաստատությունների գործունեությունը: Կրոնական աջակցության նախաձեռնություններն ամրապնդում են Թուրքիայի կապերն Աջարիայի մուսուլման բնակչության հետ: Այս ոլորտում ակտիվ գործունեություն է ծավալում հատկապես Կրոնական գործերի նախարարությունը (Diyanet)։ Այս և այլ կազմակերպությունների ֆինանսավորմամբ կառուցվում են մզկիթներ և կրոնական այլ կառույցներ, որոնց կողմից իրականացվող կրթական ծրագրերին Աջարիայի ավելի շատ բնակիչներ են մասնակցում: Սակայն, հարկ է նշել, որ թուրքական ֆինանսավորմամբ դպրոցների և մզկիթների կառուցման ծրագրերը մտահոգիչ են վրացիների շրջանում․ դրանք ընկալվում են իբրև թուրքական ազդեցության պարտադրում:
Այս հարցում լարվածություն էր առաջացել, երբ Բաթումիի իսլամադավան բնակչությունը բարձրացրել էր երկրորդ մզկիթն ունենալու հարցը, քանի որ, ըստ նախաձեռնողների, քաղաքում գործող միակ մզկիթը (Orta Camii) այլևս չէր տեղավորում ավելի շատ մուսուլմանների։ Տեղի իշխանությունները, սակայն, հնարավորինս ձգձգում են այդ գործընթացը: Այս առումով հետաքրքիր են Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Համլետ Չիպաշվիլիի խոսքերն այն մասին, որ Աջարիան տնտեսական և մշակութային առումներով գտնվում է ոչ թե Վրաստանի, այլ՝ Թուրքիայի վերահսկողության տակ։
Կարդացեք նաև
Աջարիայում ակտիվ գործունեություն են ծավալում նաև թուրքական կրթական հաստատությունները, որոնք իրականացնում են ուսանողների փոխանակման ծրագրեր, տրամադրում կրթաթոշակներ։ Բաթումիում գործում է Թուրքիայի կրթության նախարարության հովանավորությամբ գործող Բաթումիի՝ բազմածրագիր Անատոլիական բարձրագույն դպրոցը, «Maarif» հիմնադրամի դպրոցը և այլն։
Վրաստանում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել «գյուլենական դպրոցների» հետ։ Բանն այն է, որ 2017 թվականին Վրաստանի կրթության որակի բարձրացման ազգային կենտրոնը, որը Վրաստանի կրթության նախարարության գործակալությունն է, որոշել էր փակել Բաթումիի Ռեֆայիդդին Շահինի անվան բարեկամության դպրոցը, որը ֆինանսավորվում էր «Չաղլար կրթական ինստիտուտների» ցանցի կողմից։ Վերջինս էլ կապվում էր Ֆ. Գյուլենի անվան հետ, որին Էրդողանն ու իր թիմը մեղադրում էին 2016 թվականին երկրում հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ։ Կրթական հաստատության փակումը քննադատողները որակել են որպես քաղաքական՝ այն համարելով վրացական իշխանությունների նկատմամբ Թուրքիայի ճնշումների արդյունք։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ անկախ թուրքական ներկայիս կառավարության և գյուլենականների միջև առկա տարաձայություններից՝ նրանց նպատակը մեկն է՝ կրթության միջոցով մեծացնել թուրքական ազդեցությունը։
Քաղաքական առումով ևս Աջարիայի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը Վրաստանում մտահոգությունների տեղիք է տալիս: Այսպես՝ 2016 թվականի հոկտեմբերին Ռիզեում Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան միայն Թուրքիայի Հանրապետության տարածքը չէ․ ֆիզիկական սահմանները տարբեր են իրենց սրտում եղած սահմաններից, և հռետորական հարց տվել՝ մի՞թե հնարավոր է Ռիզեն տարբերակել Բաթումիից։ Այս հայտարարությունն անհանգստությամբ էր ընդունվել Վրաստանում: Դա այնպիսի մեծ հակազդեցություն էր առաջացրել վրաց հասարակության մեջ, որ Վրաստանում Թուրքիայի դեսպան Լևենթ Գյումրուքչյուն ստիպված էր պարզաբանումներ տալ՝ նշելով, որ Ռիզեում Էրդողանի ելույթի վերաբերյալ «թյուրիմացություն» է տեղի ունեցել։
Այսպիսով՝ թեև Թուրքիան և Վրաստանն ունեն տնտեսական և ռազմավարական ամուր կապեր, այնուամենայնիվ իրավիճակն Աջարիայում մնում է զգայուն։ Այն կապված է երկրամասում թուրքական տնտեսական ու մշակութային ազդեցության աճի և վրացական մտահոգությունների հետ։