Aravot.am-ին տեղեկություններ էին հասել, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի՝ Գյումրու քաղաքապետարան ոտք դնելուն պես երկու պաշտոնյաներ՝ աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը և «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենի Արտավազդ Ոսկանյանը պատրաստվում են աշխատանքից ազատման դիմում ներկայացնել։ Նրանք երկուսն էլ բալասանյանական կադրեր են․, թեև որոշ չափով բալասանյանական կադր է նաև Սարիկ Մինասյանը, որը Գյումրու նախկին քաղաքապետի առաջարկով 2013-2017 թվականներին զբաղեցրել է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնը։
Կարեն Բադալյանը Գյումրու համայնքապետարանում աշխատում է 2012 թվականից, երբ քաղաքապետ ընտրվեց Սամվել Բալասանյանը։
Իսկ մինչ այդ նա պարոն Բալասանյանի հետ աշխատում էր Ազգային ժողովում՝ որպես ԱԺ փոխնախագահի, այսինքն՝ Սամվել Բալասանյանի խորհրդական։ Կարեն Բադալյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Գյումրու քաղաքապետարանում, 2019 թվականից աշխատակազմի քարտուղարն է։
Մենք նրանից ճշտեցինք՝ արդյոք պատրաստվում է ազատման դիմում ներկայացնել, նա հաստատեց մեր տեղեկությունը։
Կարդացեք նաև
Արտավազդ Ոսկանյանին էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների, Գյումրու՝ հրաժարական ներկայացրած քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էր խնդրել չհեռանալ պաշտոնից, որպեսզի առանց իշխանության մնացած Գյումրին կոլապսի չենթարկվի։
Արտավազդ Ոսկանյանն էլ, ընդառաջելով Գյումրու հեռացող քաղաքային իշխանությանը, հրաժարական չի ներկայացրել։ Եվ այժմ, երբ արդեն քաղաքապետի պաշտոնակատար կա, նա՝ որպես բալասանյանական կադր, որոշել է հեռանալ։
Ի դեպ, նա համարվում է Գյումրու քաղաքապետարանի ամենաաշխատասեր կադրերից, և այս ամբողջ ընթացքում հնարավորինս ամեն բան արել է, որ Գյումրու փողոցները մաքրվեն, աղբը հեռացվի, քաղաքի բնակիչները քիչ զգան, որ քաղաքային իշխանություն չունեն։
Մենք նրանից ևս հետաքրքրվեցինք՝ հեռանո՞ւմ է քաղաքապետարանից, Արտավազդ Ոսկանյանը, սակայն, պատասխանեց, որ դեռ աշխատավայրում է։
Նշենք, որ Սարիկ Մինասյանը երկու օր առաջ՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնը ստանձնելիս՝ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ աշխատակազմի մեծ մասին ծանոթ է, միասին աշխատել են, իր գործընկերներ են։
«Եթե գտանք, որ այդ մարդը աշխատանքի ընթացքում իրեն ճիշտ է դրսևորել՝ որպես համայնքային ծառայող, միշտ եղել է գյումրեցու կողքին, չի եղել սրա-նրա մարդը, այդ մարդ կշարունակի աշխատել»,-ասել էր Սարիկ Մինասյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ