Լրահոս
Հայի արարող ձեռքեր
Օրվա լրահոսը

«Կառավարությունը չի հրապարակում թիվ, թե քանի խոշոր բիզնես է տրոհվել, որպեսզի քիչ հարկեր վճարի»․ Գագիկ Մակարյան

Դեկտեմբեր 16,2024 16:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ շրջանառության հարկի համակարգում կատարված փոփոխություններին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխությունը «խոշոր բիզնեսների ստվերը կրճատելու համար է, այդ թվում՝ թալանվածը եւ թալանվողը հետ բերելու»։

Գագիկ Մակարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կրկնում է ՊԵԿ-ի կարծիքը, իսկ ՊԵԿ-ը միշտ համարել է, որ խոշոր բիզնեսները, որպեսզի քիչ հարկեր վճարեն, իրենց բիզնեսը տրոհում են եւ տարբեր մարդկանց անուններով միկրո կամ փոքր ձեռնարկություններ են գրանցում։ «Բայց ոչ ոք չի հրապարակում թիվը, թե մոտավորապես քանի տոկոս այդպիսի դեպքեր կան, որովհետեւ մենք ունենք խոշոր ընկերություններ, որոնք պարկեշտ են։ Եվ հնարավոր է՝ կան խոշոր ընկերություններ, որոնք այդ պարկեշտությունը չեն պահպանում։ Հետաքրքիր կլիներ, որ հասարակությունն իմանար՝ ովքեր են այդ խոշոր ընկերությունները, այդ դեպքում նրանք կարող են հանրային պարսավանքի ենթարկվել, որ բիզնեսը տրոհում են եւ քիչ հարկեր վճարելով՝ կարողանում են անհավասար մրցակցություն ստեղծել։ Նաեւ պետք է ներկայացնել, թե այդ որ ոլորտներում են այդ բիզնեսները գործում։ Բայց քանի որ այդպիսի տեղեկություն չկա, ես չեմ կարող հստակ մեկնաբանել՝ դա ճիշտ է, թե՞ սխալ։ Այսինքն՝ երկու դեպքն էլ հնարավոր է՝ եւ խոշոր բիզնեսը կարող է տրոհվել՝ գրանցելով մի շարք փոքր ընկերություններ կամ հակառակը, կարող է այդ դեպերը չկան, բայց ՊԵԿ-ն այդպես է պատճառաբանում, որպեսզի կարողանա օրենսդրությունը փոփոխել այնպիսի ուղղությամբ, որը հարկեր հավաքելու լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում»,- ասաց Գագիկ Մակարյանը։

Նա նշեց, որ կան մի շարք ընկերություններ, որոնք, լինելով խոշոր, չեն տրոհում իրենց բիզնեսը։ Օրինակ՝ կոնյակի, գարեջրի արտադրությամբ զբաղվող, շինարարական ընկերությունները, կարի արտադրամասերը։ «Պետք է նայել, թե որ ոլորտներում է դա, որովհետեւ եթե տրոհում է, ինքը նաեւ լրացուցիչ ծախսեր է ավելացնում։ Կարող է դրա շնորհիվ հարկերը քիչ է վճարում, բայց նաեւ լրացուցիչ ծախսեր ունի, որովհետեւ այդ տրոհված ընկերությունը պետք է ունենա տնօրեն, պետք է հնարավոր լինի հաշվապահությունը վարել, պետք է տարածք լինի, որտեղ կազմակերպեն արտադրությունը։ Օրինակ՝ հյուրանոցը չի կարող իր բիզնեսը տրոհել կամ հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունը։ Դրա համար հետաքրքիր է, թե որ ոլորտներում են այդ ընկերությունները եւ որ ընկերություններն են, որը չասվեց»,- հավելեց Մակարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031