«Առավոտը» ահազանգ է ստացել քաղաքացիներից, որ Տիգրանաշենի ոլորաններում եւ հարակից տարածքներում Հանրային ռադիոյի հաճախականության փոխարեն հաճախ ադրբեջանական ալիքներ են միանում։ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը (լուսանկարում) մեզ հետ զրույցում հաստատեց, որ այդ խնդիրը կա ՀՀ մի շարք բնակավայրերում։
«Դա տեխնիկական խնդիր է, նրանց հաղորդակներն ավելի ուժեղ են, եւ շատ հաճախ այդ բանը լինում է։ Մեր աշտարակները մի քիչ ավելի թույլ են ու հավանաբար հին, եւ այդ խնդիրը տարբեր տեղերում կա, ոչ միայն ձեր նշած վայրում։ Ներքեւ էլ եթե իջնեք, նման բաներ կան, մանավանդ, եթե բնական տեղանքը փոխվում է։ Օրինակ՝ կարող է սար ու ձոր լինի, մի տեղ շատ լավ լսվի, մի տեղ ընդհանրապես չլսվի, մի տեղ էլ ադրբեջանական ազդանշանը միանա»,- ասաց Արմեն Քոլոյանը։
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ աշխատանք է տարվում տեխնիկական կարգավորման ուղղությամբ, Հանրային ռադիոն ունի՞ ռազմավարություն, որ այդ հարցը կարգավորի։ Արմեն Քոլոյանն ի պատասխան ասաց, որ այդ հարցը կարգավորելու համար պետք է արդիականացնել համակարգը։ Իսկ դա կապված է ֆինանսների խնդրի հետ։
Հարցին, թե կառավարությանը դիմե՞լ են, բարձրաձայնե՞լ են հարցը, կառավարության մակարդակով աշխատանք տարվո՞ւմ է, Արմեն Քոլոյանը պատասխանեց․ «Փող, փող, փող է պետք դրա համար։ Հանրային ռադիոն չունի բավարար ֆինանսական ռեսուրսներ։ Այդ հարցերը, որոնք տեխնիկական են, մասնագետների ներգրավվածություն են պահանջում։ Այո, խնդիրը հայտնի է, եւ մենք մեր «գյորա», անում ենք այնքան, ինչքան կարողանում ենք։ Եթե ինչ-որ հաղորդակ շարքից դուրս է գալիս կամ թուլանում է, մենք փորձում ենք մեր համեստ ուժերով դա շտկել։ Իսկ ինստիտուցիոնալ լուծման համար պետք է ընդհանրապես վերազինում կատարել»։
Կարդացեք նաև
Քոլոյանն ասաց, որ այդ խնդիրը շատ վաղուց է հայտնի, գուցե մի 10 տարի կլինի, ինչ մարդիկ բողոքում են։ Ասաց, որ իր կառավարման ժամանակահատվածում կառավարությանը չեն դիմել։ «Բայց մեր օրակարգում կա այդ հարցը, փորձելու ենք ինչ-որ բաներ փոխել»,- հավելեց նա։
Հանրային ռադիոյի տեխնիկական գծով փոխտնօրեն Տիգրան Խանամիրյանն էլ նշեց, որ հանրապետության տարածքում կան կետեր, որտեղ հաճախականությունը լավ չէ, յուրաքանչյուր ահազանգի պետք է առանձին անդրադառնալ, որպեսզի հասկանան՝ տվյալ հատվածում Հանրային ռադիոյի սփռման խնդիր կա, թե՞ ոչ։ «Դա մեզնից կախված չէ, հանրապետական ցանցը մերը չէ, մենք միայն Երեւանն ու Գյումրին ենք սպասարկում, մնացածն հեռուստաաշտարակի ընկերության սպասարկման ու պատասխանատվության ներքո է։ Դուք գիտե՞ք՝ քանի հաղորդակ ունենք Հայաստանում, 80-ից ավելի։ Քանի որ մեր ռելիեֆը լավը չէ, 80-ից ավելի հաղորդակներ կան, բնականաբար, պարբերաբար կարող են այդպիսի խնդիրներ լինել։ Օրինակ՝ հոսանքազրկում է լինում, մեկ, երկու կամ երեք ժամով կարող է հեռարձակում չլինել։ Այսինքն՝ դա մեզանից կախված չէ, բայց մենք օպերատիվ արձագանքում ենք ահազանգերին։ Բայց նաեւ լինում են տարեց մարդիկ, որոնք ուղղակի չեն կարողանում ուղղել հաճախականությունը, օրինակ՝ Ջերմուկից տարեց մարդիկ կան, որոնք պարբերաբար զանգում ասում են՝ չի աշխատում։ Մարդիկ գնում, հասնում են այնտեղ, պարզվում է, որ ինքն ուղղակի չի կարողանում կարգավորել ռադիոընդունիչը»,- ասաց Խանամիրյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ