ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում ամփոփելով անցած շաբաթ տեղի ունեցած կարեւոր իրադարձությունները՝ առանձնացրեց ԱԳՆ կազմակերպած համաժողովը, որը կոչվում էր «Ընդդեմ ցեղասպանության գլոբալ ֆորում»:
«Այդ ֆորումը առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է 2015 թվականին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդով: Ընդ որում, այդ ֆորումին մասնակցել են հեղինակավոր ցեղասպանագետներ, դիվանագետներ, միջազգայնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Հիմա ինչի՞ է վերածվել այդ գլոբալ ֆորումը, որտեղ, ըստ էության, խոսվում է ցեղասպանության մասին ընդհանրական կերպով՝ փորձելով շրջանցել Հայոց Ցեղասպանությունը»,-ասաց պարոն Ղազարյանը եւ այդ ֆորումի վերաբերյալ արեց մի քանի, իր բնութագրմամբ, տարօրինակ արձանագրումներ: Մասնավորապես, որ այս տարի դրան մասնակցություն չի բերել Հայաստանի վարչապետը եւ ներկայացվածության մակարդակն էլ ցածր էր:
Հաջորդ թեման վերաբերում էր Մոսկվայում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որին մասնակցել է Փաշինյանը: «Նախ, ուզում եմ ասել, որ ԵԱՏՄ-ն ունի կառավարման մարմիններ, որոնցից յուրաքանչյուրում ներկայացվում եւ ֆունկցիաներ են կատարում համապատասխան պաշտոնատար անձինք: Օրինակ, կա ԵԱՏՄ գագաթնաժողով, որին մասնակցում են պետությունների ղեկավարները: Կա ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդ, որի կազմում են պետությունների մի աստիճան ցածր գործադիր մակարդակի ղեկավարները, այսինքն, վարչապետները: Կան նաեւ ԵԱՏՄ միջգերատեսչական խորհուրդներ, որոնք ըստ ոլորտների համագործակցություն են ծավալում:
Նիկոլ Փաշինյանը ոչ միայն այս տարի, այլ ավանդաբար մասնակցում է եւ գագաթաժողովին, որտեղ նախագահներն են: ԵԱՏՄ-ում միակ խորհրդարանական երկիրը Հայաստանն է: Մյուսները նախագահական պետություններ են: Բայց ինքը ավանդաբար մասնակցում է նաեւ վարչապետների մակարդակով քննարկումներին: Ո՞րն է տրամաբանությունը: Եթե քո պաշտոնի առանձնահատկությունը, երկրի կառավարման համակարգն այնպիսին է, որ պիտի մասնակցես գագաթնաժողովներին, ապա միջկառավարական խորհրդի նիստերին պետք է մասնակցի Հայաստանի փոխվարչապետը: Բայց ամեն տեղ Փաշինյանն է մասնակցում: Սա էլ նշանակում է, որ ինքը չի վստահում որեւէ մեկին:
Կարդացեք նաև
Այս տարի ԵԱՏՄ-ի 10-ամյա հոբելյանն է եւ Հայաստանն էլ հանդիսանում է այդ կազմակերպությունում նախագահող երկիր: Ավանդաբար, բոլոր գագաթնաժողովները, միջկառավարական խորհրդի նիստերը, բոլոր կոլեգիալ մարմինների նիստերը, խորհրդարանական վեհաժողովները, եթե այդպիսիք կան, անցկացվում են այն երկրում, որը հանդիսանում է կազմակերպությունում նախագահող: Դա ավանդաբար է, բոլոր կազմակերպությունների դեպքում է այդպես:
Հայաստանը նախագահող երկիր է եղել եւ ԵԱՏՄ գագաթնաժողովը 2024 թվականի մայիսի 8-ին անցկացվել է Մոսկվայում, այլ ոչ թե Երեւանում: Այսինքն, Պուտինի մասնակցությամբ միջոցառումներ այլեւս Երեւանում չեն անցկացվում: Սա արձանագրում ենք որպես փաստ: Եվ հիմա էլ միջկառավարական խորհրդի նիստն է, որը կրկին անցկացվում է ոչ թե Երեւանում, այլ Մոսկվայում, ու դրան մասնակցում է Նիկոլ Փաշինյանը:
Որպես կանոն, միջկառավարական խորհրդի նիստի անդամներին, որտեղ էլ դա անցկացվում է, պետության ղեկավարն ընդունում է: Բայց վարչապետը գնացել, հասել է Մոսկվա ու իրեն Ռուսաստանի նախագահը չի ընդունել»,-արձանագրեց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ