Լրահոս
Օրվա լրահոսը

«Կզարմանաք, բայց այցը քարոզչական բնույթ չէր կրում». Արման Աբովյանը մանրամասներ է պատմում մոսկովյան այցից

Դեկտեմբեր 16,2024 15:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կզարմանաք, բայց այցը քարոզչական բնույթ չէր կրում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Օրերս հայաստանյան մի շարք քաղաքական վերլուծաբաններ, քաղաքագետներ, լրատվամիջոցների ղեկավարներ այցելել էին ՌԴ մայրաքաղաք Մոսկվա, որտեղ տարբեր հանդիպումներ են ունեցել։ Այցը նախաձեռնել էր «Եվրասիա» հասարակական կազմակերպությունը։ Կազմակերպության ղեկավարը ՌԴ պետդումայի պատգամավոր Ալյոնա Ավշինովան է։ Կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարը Միքայել Բադալյանն է։

Արման Աբովյանը մանրամասնեց, որ այցին մասնակցել են ոչ միայն Հայաստանից ներկայացուցիչներ, այլ նաեւ Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից եւ հետխորհրդային մի շարք այլ պետություններից։ Նպատակը՝ հետխորհրդային երկրների միջեւ տարբեր հարթակներում համագործակցության կապերի վերականգնում է, նոր հնարավորություններ գտնելը։

Արման Աբովյանը վստահեցնում է՝ հանդիպումներն ու քննարկումները դրական արդյունքներ տվել են։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք այս կերպ ՌԴ-ում չեն փորձում ազդեցության մեծացման եւ քաղաքական խնդիրների լուծման հասնել, Արման Աբովյանը պատասխանեց․ «Որքան էլ ոմանց դուր գա կամ դուր չգա, մենք ունենք ընդհանուր պատմություն՝ գոնե թե ԽՍՀՄ շրջանում, ընդհանուր արժեքներ։ Չեմ ուզում շեշտը ՌԴ-ի վրա դնել, քանի որ նման նպատակաուղղվածություն չկար։ Ու խնդիրն էլ այն չէր, որ մարդկանց հավաքեին ու դարձնեին պրոռուսական։ Բոլոր հանդիպումների եւ քննարկումների ժամանակ այդ միտքն արծածվում էր․ ՌԴ-ին, օրինակ, շատ ավելի կարեւոր է, որ Հայաստանը լինի հայամետ, Ղազախստանը՝ ղազախամետ, Մոլդովան՝ մոլդովամետ, լինեն ինքնիշխան, անկախ, ինքնաբավ պետություններ։ Ի տարբերություն արեւմտյան որոշ կազմակերպությունների, այս հարթակում երբեք ոչ ոք չի ասել եւ չի ասի, որ պետք է այսինչ տեսլականի ջատագովը լինել։ Նաեւ՝ իմացեք, քարոզչական յուրաքանչյուր նարատիվ մարդկանց մոտ հակազդեցություն էլ է առաջացնում»։

Արման Աբովյանը վստահեցնում է՝ իր հստակ եւ հիմնավոր տպավորությամբ՝ հիմնական նպատակը հետխորհրդային պետությունների միջեւ կապերի վերականգնումն է, ինչը թույլ կտա այդ պետություններին՝ «դուրս գալ՝ մեր վրա կամ մեր վզին փաթաթած մտացածին ինչ-որ քարոզչական նարատիվներից»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031