JAMnews. Հայաստանում հատուկ ծրագրեր են իրականացվում այն մարդկանց համար, որոնց մոտ հիշողության խնդիրներ են առաջացել, ախտորոշվել է ալցհայմերի հիվանդություն կամ դեմենցիա։ Երևանում, Գյումրիում ու Վանաձորում գործում են «Հիշողության սրճարաններ», որտեղ բուժառուները անկաշկանդ միջավայրում վարժություններ են կատարում և մասնակցում հիշողության վերականգնման խաղերի։ Իսկ նրանց, ովքեր չեն կարող գալ սրճարան, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության մասնագետներն իրենք են այցելում։ Տնային պայմաններում նրանք հետազոտում են իրավիճակն ու արտթերապիա, գունային թերապիա և այլ միջոցառումներն են իրականացնում։
«Կարծես մամա չունենամ, որ հետս խոսի, գրկի, հարցնի, ինչպե՞ս եմ»
Շաբաթական երկու անգամ Քրիստինե Ղազարյանը ուղեկցում է մորը՝ 68-ամյա Շուշան Վարդանյանին «Հիշողության սրճարան», հույսով, որ այստեղ կազմակերպվող խաղերն ու վարժությունները կօգնեն վերականգել մոր հիշողությունը։
«Երկու տարի է, ինչ այս վիճակում է։ Քովիդից հետո փոփոխություններ նկատեցինք մամայի վարքագծում: Խոսքի հապաղում կար, կարևոր իրադարձությունները մոռանում էր։ Ամեն ինչ անհետաքրքիր էր դարձել իր համար։ Անտարբեր էր մի տեսակ ամեն ինչի հանդեպ։ Չէր հարցնում ո՞նց ենք, ի՞նչ ենք արել։ Այս ամբողջ ընթացքում մենք իրեն հետաքրքիր չենք։ Մինչդեռ ինքն այնքան ջերմ ու տաք մարդ էր։ Հիմա մենք գործ ունենք լրիվ այլ մարդու հետ, կարծես իմ մաման չլինի։ Երբեմն էլ եղբայրներիս համարում է իր եղբայրները, սեփական տղաներին չի ճանաչում։ Բայց ինձ ճանաչում է, չգիտեմ ինչպես, ինձ հիշում է»,- ասում է Քրիստինե Ղազարյանը։
Կարդացեք նաև
Շուշան Վարդանյանի մոտ ախտորոշվել է դեմենցիա։ Երկար տարիներ Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում աշխատած կինն այսօր ամենահասարակ մաթեմատիկական վարժությունները դժվարությամբ է լուծում։ Հիշողության կորստի պատճառով ընտանիքի անդամները թույլ չեն տալիս տանից միայնակ դուրս գա։
Վարժություններ՝ սուրճի սեղանի շուրջ
Հայաստանում գործում է չորս նման սրճարան, երեքը` Երևանում, երկուսը` Գյումրիում։ Մի ակումբ էլ՝ այս նույն գործառույթներով, գործում է Վանաձորում։ Բոլորն էլ նախատեսված են հիշողության խանգարում ունեցողների համար։ Ծրագրերն իրականացվում են «Հ․ Հովնանյան ընտանիք» հիմնադրամի աջակցությամբ։
Սուրճի, թեյի սեղանի շուրջ հավաքվում են արդեն մտերիմ դարձած մարդիկ, որոնց ժամանակ առ ժամանակ միանում են նորերը։ «Հիշողության սրճարանում» նրանց հետ աշխատում են կազմակերպության հոգեբանն ու սոցիալական աշխատողը։ Զրուցում են, մասնակցում հիշողության ու կոգնիտիվ գործառույթների վրա դրական ազդեցություն ունեցող խաղերի։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: