Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտական գործողություններից տուժած երիտասարդին ուղղված լավագույն աջակցությունը կրթության մեջ ներդրումն է

Դեկտեմբեր 16,2024 14:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) դեկտեմբերյան տոնական համերգների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում «Ազնավուր 100» հոբելյանական համերգը, որը կիրականացվի «4090 Բարեգործական» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Համերգից գոյացած ողջ հասույթը կուղղվի 2016 թվականի 4-օրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմների և դրանց հաջորդած մարտական գործողությունների մասնակից ուսանողների կրթական վճարների ապահովմանը։

Համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 17-ին: Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, ֆրանսիական DirectoProd ընկերության հետ համագործակցությամբ, կներկայացնի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հայտնի և սիրված երգերը: Համերգի մենակատարն է անվանի ֆրանսիացի երգիչ Ժյուլ Գրիզոնը, երգերի փոխադրումները սիմֆոնիկ նվագախմբի համար կատարել է վիրտուոզ երաժիշտ Նոբույուկի Նակաջիման: Համերգը կկրկնվի դեկտեմբերի 18-ին, որոնք կղեկավարի Էդուարդ Թոփչյանը:

Մերի Մամիկոնյան. 4090 հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

«4090 Բարեգործական» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մերի Մամիկոնյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք ամեն տարի նման նախաձեռնություններով աջակցում ենք Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող շուրջ 120 ուսանողի, ովքեր կրթության միջոցով կարող են փոխել իրենց կյանքի որակը։ Մենք վստահ ենք, որ կրթության մեջ արված ներդրումը լավագույն օգնությունն է անհատին, ով երիտասարդ տարիքում արդեն լուրջ հոգեբանական, առողջական, սոցիալական և այլ խնդիրներ ունի: Դա հնարավորություն է տալիս նրանց սոցիալապես ինտեգրվել և արժանապատիվ աշխատանք ու ապագա ունենալ: Արդեն 3 տարի է, ինչ գործում է հիմնադրամը, մեր ամենամյա բոլոր մեծ գալա-համերգները աշխատում ենք կառուցել մի անվանի հայի անվան շուրջ, այս անգամ դա Շառլ Ազնավուրն է, ով իր թողած մշակութային մեծ ժառանգությամբ ոչ միայն շարունակում է ոգեշնչել սերունդների, այլ նաև մեցենատության և հայրենիքին օգնելու, ծառայելու մեծ օրինակ է բոլորիս համար»:

Տեղեկացնենք, որ դեկտեմբեր ամիսին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը պատրաստել է բազմաժանր համերգային ծրագիր: Դեկտեմբերի 20-ից 23-ը կներկայացվի Ամանորի խորհրդանիշը հանդիսացող Պ. Ի. Չայկովսկու «ՇՉԵԼԿՈւՆՉԻԿ»-ը:  Հայտնի բալետն «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացվի նոր, շքեղ 3D անիմացիաներով և լուսային տպավորիչ էֆեկտներով, ինչը թույլ կտա հանդիսատեսին ընկղմվել կախարդական աշխարհ և անձամբ դառնալ հեքիաթի մասնակիցը: Իսկ դեկտեմբերի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կիշխի ջազային տրամադրություն: Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ համագործակցությամբ՝ հանդիսատեսին կներկայացվի CHRISTMAS JAZZ տոնական համերգը: Ամանորի և Սուրբ Ծննդյան ճանաչված և սիրված մեղեդիները կհնչեն ջազային մշակմամբ: «Վիեննա-Գալա» տոնական շքեղ համերգով դեկտեմբերի 30-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կեզրափակի 2024 թվականը: Կհնչեն Յոհան Շտրաուսի հանրահայտ վալսերը՝ նրբագեղ պարահանդեսային պարերի ուղեկցությամբ: Համերգի դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան: Մինչ համերգի սկիզբը՝ ժամը 18:00-ից, ճեմասրահում կլինի պարահանդես և շամպայնի հյուրասիրություն: Իսկ համերգին խրախուսվում է ներկայանալ երեկոյան հագուստով:

2025թ-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համար հոբելյանական է, բոլորում է նվագախմբի անընդմեջ և բեղուն գործունեության 100-ամյակը: Հոբելյանական տարում մեծ իրադարձություններ են սպասվում, որոնց դեռ առիթ կունենանք անդրադառնալ:

Աստղիկ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031