Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությո՞ւն թե՞ ընդդիմախոսություն

Դեկտեմբեր 16,2024 13:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փողոցում, միկրոֆոնով և տեսախցիկով զինված, իրենք իրենց լրագրող համարող մարդիկ մոտենում են պատահական անցորդի և տալիս որևէ անիմաստ, հաճախ գռեհիկ պատասխան ակնկալող հարց։ Պատասխանից հրաժարվելը հաճախ ձևակերպվում է «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» անիմաստ հարցին հավասար ոչինչ չասող ֆրազով և դա դառնում է հետագա վայնասունի առիթ։ Լրագրող կոչեցյալների ղեկավարները վայնասուն են բարձրացնում արդեն ստուդիաներում՝ ինչ որ հայհոյելը քաղաքականությամբ զբաղվել համարող «գործիչների» հետ։ Ու ոչ ոք չի էլ սահմանում, թե ինչ է նշանակում քաղաքականությամբ զբաղվել։ Կարևորը աղմուկն է՝ «քո նմանների պատճառով․․․տականք իշխանամետ ու ընդդիմադիր, երկիր ենք կորցնում․․․»։

Պարզագույն սահմանումների բացակայությունը ստեղծել է մի խառնաշփոթ, ինչից լավ էլ օգտվում են թե իշխանությունները, թե ընդդիմություն ձևացողները, թե հայհոյախառը շատախոսությունը ընդդիմախոսության հետ շփոթող քաղտեխնոլոգները։ Այս պահին երկիրը կործանող-թալանողները ձև են անում, թե իշխանություն են, նրանց պարզապես հայհոյողները ձև են անում, թե ընդդիմություն են։ Եվ բոլորը կուչ եկած սպասում են, որ դրսից որևէ մեկը գա և կարգավորի։ Ներքուստ զգում են, որ եկողը սատկացնելու է բոլորին, բայցը հույսը վերջինն է մահանում․․․

Ո՞րն է ընդդիմախոսի և ընդդիմադիրի տարբերությունը, և կարելի՞ է դրանք համատեղել մեկ անձի մեջ։ Ես անմիջապես կպատասխանեմ հարցի երկրորդ մասին՝ այո, իհարկե կարող են: Եվ ամենից հաճախ այդպես է լինում, բայց հնարավոր է, որ ընդդիմադիրը ընդդիմախոս չէ, ընդդիմախոսն էլ ընդհանրապես ընդդիմադիր չէ։ Ընդդիմախոսության ինստիտուտը գործում է, օրինակ, գիտության աշխարհում։ Դիպլոմային, թեկնածուական թեզերը պաշտպանվում են ընդդիմախոսների «մանրազնին» վերլուծությունների պայմաններում։ Իմ իմացած որոշ բուհերում նույնիսկ կուրսային աշխատանքներն են այդ ձևով պաշտպանվում։ Եվ տվյալ երկրի գիտակրթական համակարգի որակն ու արդյունավետությունը մեծապես կախված է ընդդիմախոսության գրագիտության, սկզբունքայնության ու ազնվության մակարդակից։

Ընդդիմախոսը այն մարդն է, ով վեճի ժամանակ հակառակ դիրքորոշում է ընդունում և հիմնավորված, տրամաբանորեն պաշտպանում այն՝ միաժամանակ քննադատելով զրուցակցի դիրքորոշումը։ Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե զրուցակցի անձը, այլ նրա դիրքորոշումը։ Եթե քննարկումը հասնում է անձնական վիրավորանքների, ապա այն վերածվում է քաշքշուկի, իսկ հակառակորդները՝ բանսարկու մարդկանց, ովքեր կատարում են որևէ «թայֆայի» քաղաքական պատվեր։ Ցավոք գիտության մեջ էլ նման բաներ կան։ Իզուր չէ, որ ատենախոսությունը քննադատող գիտնականին նաեւ ընդդիմախոս են անվանում։ Որպես կանոն, նա ավելի շատ է գովում դիմացինին, բայց նաև որոշ թույլ կողմեր է գտնում։

Ինչ վերաբերում է ընդդիմադիրին, ապա այս հայեցակարգը քաղաքական է և նշանակում է գործող իշխանության դեմ հանդես եկող անձ։ Եվ, ի դեպ, իշխանության լեգիտիմությունը մեծապես պայմանավորված է ընդդիմության նկատմամբ նրա վերաբերմունքով։ Երբ իշխանությունն ու ընդդիմությունը բանավիճում են, քննադատում միմյանց և հանդես են գալիս որպես հակառակորդներ, դա ամրապնդում է ժողովրդավարությունն ու քաղաքական կայունությունը և զարգացնում հասարակության քաղաքական մշակույթը: Երբ իշխանությունը ճնշում է իրեն ուղղված ցանկացած ընդդիմության, դրանով իսկ իր համար փոս է փորում։

Դժգոհությունը, որն արգելված է արտահայտել խաղաղ և քաղաքակիրթ ձևերով, վաղ թե ուշ կարտահայտվի ոչ խաղաղ մեթոդներով և հաստավիզ բերետավորները չեն օգնի։ Բայց ավտոկրատներն այնքան հիմար են, որ դա էլ չեն հասկանում:

Հերթական անգամ հայ ժողովրդի «բախտը չի բերել»։ Ամբողջ աշխարհը խառնվել է իրար և հենց այդ պահին մենք ունենք ամենաապիկար իշխանությունն ու իրենց ընդդիմադիր կոչող ողորմելի խմբակը։ Չհավակնելով բազմակողմանի վերլուծությանը, պարզապես նշեմ, որ վիճակի օրհասականության պատճառներից մեկն էլ անիմաստ ընդդիմությունն է, որը անորակ ընդդիմախոսից այն կողմ չգնաց։ «Բեսեդկի զրից» հիշեցնող կառավարության նիստեր, որտեղ լուրջ դեմքով իրենց նախարար կոչող մարդիկ լսում են 1961թ․ արտադրված ГАЗ 66-ի «ռամայի» տխմար պատմությունը և որ այդ մոդելը սկսել է արտադրվել 1964-ից՝ արդեն էական էլ չէ։ Եվ այս անիմաստությանը հակադրվող անորակ ու պրիմիտիվ ընդդիմախոսություն՝ ընդդիմություն կոչվելու հավակնությամբ։ Չգիտեմ ով ավելի շուտ կկերպարանափոխվի՝ «բեսեդկի զրից» անող իշխանությունը, թե նույնքան անորակ ընդդիմությունը։ Մի բան է պարզ, որ ոչ մի խմբակն էլ չի հրաժարվում կերակրատաշտից՝ մի մասը պաշտոնի, մնացածը մանդատի տեսքով։ Իսկ փլուզվող աշխարհակարգի ահագնացող դղրդյունը արդեն խլացնում է՝ ականջները և աչքերը փակելով չենք փրկվի։

Սասուն ԳԵՎՈՐԳՅԱՆ

 Նախկին ԵրՖԻ նախկին աշխատակից 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031