1997 թ. Հայոց Սպարապետ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԵԿՄ կազմում ստեղծվեց «Պատանի երկրապահ» կառույցը, որում ընդգրկված էին ՀՀ և Արցախի հանրակրթական դպրոցների աշակերտներ՝ աղջիկներ ու տղաներ։ Սպարապետի նպատակն ու երազանքն էր ունենալ հզոր Հայաստան, իսկ դրա համար մեր ժողովրդին պետք է նախապատրաստել դեռ դպրոցից։ Անցել են տարիներ, բայց «Պատանի երկրապահ»-ը գործում է։
ԵԿՄ Երևան քաղաքի Էրեբունու բաժանմունքին կից պատանի երկրապահները, Սամվել Խաչատրյանի ղեկավարությամբ, հաճախ են մասնակից լինում ռազմամարզական տարբեր միջոցառումների ՀՀ տարածքում, հատկապես՝ 2007 թ. Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի տարածքում՝ Սևանա Լճի ափին, ԵԿՄ երկրորդ նախագահ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ հիմնված «Պատանի երկրապահ» ակումբի ուսումնամարզական ամառային ճամբարում, որտեղ յուրաքանչյուր ամառ հանգստանում են մոտ 3000 պատանիներ ու աղջիկներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ Արցախից ու Սփյուռքից:
Օրերս ՀՀ ԵԿՄ Էրեբունու տարածքային բաժանմունքում ներկա էինք Ս․ Խաչատրյանի սաների մասնակցությամբ ցերեկույթին՝ նվիրված 1988թ․ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Ներկա էին ՀՀ ԵԿՄ վարչության փոխնախագահ Ստեփան Նիկողոսյանը, բաժանմունքի ազատամարտիկները, որոնք վերջերս են վերադարձել մարտական հերթափոխից, ծնողներ։
Կարդացեք նաև
Ցերեկույթը Տերունական աղոթքով բացեց ՀՀ ԵԿՄ հոգևոր հովիվ Տեր Ենովք քահանա Եսայանը։ Հոգևոր հայրն աղոթք հնչեցրեց Սպիտակի երկրաշարժից նահատակված հազարավոր մեր հայրենակիցների, ինչպես նաև Արցախյան բոլոր պատերազմներում մարտիրոսված և խաղաղ ժամանակներում վախճանված քաջորդիների հոգիների համար։ Բարին մաղթեց սահմանից վերադարձած ազատամարտիկներին և նրանց կերպարով ոգևորված պատանի երկրապահներին։ Մաղթեց՝ Տերը զորավիգ լինի մեր ժողովրդին, աշխարհում խաղաղությունը տիրի, իսկ մեր պատանիներին՝ մշտական հաջողություններ ողջ կյանքում։
Այնուհետև ներկաները մոմեր վառեցին Արցախյան գոյամարտերում մարտիրոսված հերոսների լուսանկարների տակ՝ խնկարկեցին երկրաշարժից նահատակվածների և զոհված ազատամարտիկների հոգիների հանգստության համար։
Հոգևոր արարողությունից հետո պատանի երկրապահները հանդես եկան երաժշտական համարով։ Թմբկահարների խումբը ներկայացրեց շարային վարժություն, ինչպես նաև «Վալս» պարը։
Ընթացքում զրուցեցինք մարտական դիրքերից նոր վերադարձած ազատամարտիկների հետ։ Ջոկատի հրամանատարը՝ ՀՀ ԵԿՄ Էրեբունու բաժանմունքի փոխնախագահ Լևոն Գևորգյանը, տեղեկացրեց պատվով են կատարել իրենց հերթափոխը։ Տարբեր ժամանակներում լինում են ՀՀ սահմանի տարբեր վայրերում։ Միշտ միասին են։ Իրենց հետ է նաև Մաքս անունով շունը, որը սահմանում լավագույն ընկեր է։
ՀՀ ԵԿՄ վարչության փոխնախագահ Ստեփան Նիկողոսյանը ողջունեց ներկաներին, կարևորեց պատանի երկրապահների դերը, հայտնեց շնորհակալություն կայացած ցերեկույթի և նրանց նվիրումի համար։
Հոգևոր հայրը ներկաներին նվիրեց զինվորականների համար հրատարակված «Նոր Կտակարան»՝ հավելյալ սաղմոսներով, գիրքը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնության գրով․ «Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք ՀՀ բանակի Հովվության և Հայաստանի Աստվաշնչային Ընկերության Հայոց բանակի զորականների համար Նոր Կտակարանի հրատարակության նախաձեռնությունը։ ․․․Աղոթում ենք առ Աստված, որ խաղաղության մեջ բարգավաճի մեր Հայրենիքը, և Տիրոջ շնորհների ներքո միշտ զորացյալ լինի ամուր բազուկը և հաղթական ոգին Հայոց բանակի զորաց և զորականաց և նրանց կյանքում վշտավառ լույսը Ավետարանի»։
Զոհրաբ Ըռքոյան