Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամկետանց դեղեր, կեղտոտ խոզանակներ. Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն խնդիրներ են արձանագրել

Դեկտեմբեր 16,2024 12:40

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2024 թվականի նոյեմբերի 25-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ (այսուհետ նաև՝ Հաստատություն):

Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները, երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծումներ:

Մասնավորապես, արձանագրվել է՝
⚫ Պահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, մասնավորապես՝ սենյակներում առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ։ Ոչ բավարար տարածքի պատճառով արձանագրվել է տղաների ու աղջիկների համատեղ խնամքի իրականացման դեպք։ Հաստատությունն ապահովված չէ երեխաների առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ, կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմաններով:
⚫ Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ՝ լոգարանների մեծ մասը առանձնացված չէր ննջասենյակներից, երեխաների լոգանքն իրականացվում էր ննջասենյակում մյուս երեխաների ներկայությամբ:
⚫ Սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չեն. երեխաների խոզանակները կեղտոտ էին, առկա է երեխաների անձնական հիգիենայի պարագաների, բաժակների, ափսեների անհատականացման խնդիր (արձանագրվել են դայակների կողմից երեխաների սրբիչները շփոթելու դեպքեր)։ Հաստատության յուրաքանչյուր խմբասենյակում առկա էր դեղերի պահման արկղիկ, որը կեղտոտ էր, պարունակում էր բացված և չօգտագործված դեղեր, որնք առանց մակնշման լցված էին տարբեր տուփերի մեջ, ներարկիչները դրված էին կենցաղային օգտագործման իրերի հետ միասին։
⚫ Հայտնաբերվել են ժամկետանց դեղեր և շիլա։
⚫ Մսամթերքի վրա բացակայում էր համապատասխան մակնշումը, որը հնարավորություն չէր տալիս ստուգելու պիտանիության ժամկետը։
⚫ Համապատասխան մասնագետների ներգրավման դժվարությամբ պայմանավորված՝ Հաստատությունում չի իրականացվել երեխաների՝ բժշկական, այդ թվում՝ պալեատիվ, օգնության և սպասարկման անհատական կարիքների գնահատում։
⚫ Արհեստական կերակրումն իրականացվում էր ներարկիչների և սնուցման զոնդերի (նազոգաստրալ զոնդ) միջոցով, որոնք առանց անհատականացման ախտահանվում և կրկին օգտագործվում էին։
⚫ Երեխաների հագուստը և նրանց համար առանձնացված կերակրման շշերը հնամաշ էին։
⚫ Հաստատության ֆիզիկական միջավայրը չի համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին: Հաստատությունն ունի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցի և խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։
⚫ Արձանագրվել են փաստաթղթերի պատշաճ վարման հետ կապված խնդիրներ։ Օրինակ՝ բացակայում էր «Առողջության մատյանը», թերի էր լրացված երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների գրանցամատյանը:
⚫ Առկա է հաստատությունում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն։
⚫ Հաստատությունը ունի բազմամասնագիտական թիմով համալրվելու և առկա մասնագետների թիրախային վերապատրաստումների անհրաժեշտություն: Առկա է աշխատակիցների կողմից երեխաների հետ վարվեցողության հմտությունների կատարելագործման անհրաժեշտություն։
⚫ Տրամադրված տեղեկությունների համաձայն՝ 2024 թվականի ընթացքում շարունակվել է երեխաներին, այդ թվում՝ 0-3 տարեկան երեխաներին, Հաստատություն տեղափոխելու գործընթացը, 2024 թվականի ընթացքում Հաստատությունում բնակվող որևէ երեխայի խնամք չի հանձնվել խնամատար ընտանիքի և որևէ երեխա չի վերադարձվել ընտանիք։
⚫ Հաստատությունում ներդրված չէ երեխաներին վերաբերելի հարցերում վերջիններիս մասնակցության, լսված լինելու իրավունքի ապահովման, ինչպես նաև բողոքարկելու իրավունքի իրացման իրական, հասանելի և մատչելի հնարավորություն ապահովող մեխանիզմ։
⚫ Արձանագրվել են կրթական գործընթացը յուրաքանչյուր երեխայի պահանջներին համապատասխանեցնելու և հարմարեցնելու, համապատասխան կրթական արձագանք ապահովելու, ուսումնական հաստատությունների և Հաստատության արդյունավետ փոխհամագործակցության բացակայության հետ կապված համակարգային խնդիրներ։
Այցի ավարտին արձանագրված խնդիրները քննարկվել են Հաստատության տնօրենի և աշխատակազմի հետ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տնօրենի հետ ունեցած քննարկման արդյունքում ներկայացրել են նաև խնդիրների լուծման հետ կապված առաջարկություններ:

 Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ՝ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրացվող համակարգային խնդիրները, կամփոփվեն և դրանք արտացոլող փաստաթուղթը առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031