«Ուզում եմ խոսել մի թեմայից, որի վերաբերյալ մեր համաքաղաքացիները տարբեր հարթակներում բարձրաձայնել են, եւ դա օդի աղտոտվածության խնդիրն է»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մեր նախընտրական ծրագրում խոստում էինք տվել, որ ամբողջ քաղաքում համապատասխան սարքեր կտեղադրենք, ու փաստացի մեր իսկ կայքում տեղադրված է 149 օդի որակի չափից սարքերից ստացվող տեղեկատվությունը՝ օնլայն ռեժիմում: Ձմռան ամիսներին մասնավորապես այդ տեղեկատվությունը տեղ-տեղ լինում է մտահոգիչ, իհարկե շատ բաներ փոփոխվում են եղանակային պայմանների հետ»,-հավելեց նա:
Աղտոտվածության ցուցանիշների գերազանցումների մասին համապատասխան զեկույցը լսելուց հետո՝ Ավինյանը շարունակեց. «Օդի աղտոտվածության մարդածին հատվածի մասով Երեւանի քաղաքապետարանն ունի անելիք, եւ ես առաջարկում եմ քառամյա ծրագիր մշակենք, որը պետք է ներկայացվի մոտ 2 ամիս հետո, հստակեցվի, թե Երեւանի քաղաքապետարանն ինչ միջոցներ պետք է ձեռնարկի Երեւանում օդի որակի բարելավման ուղղությամբ:
Այդ քառամյա ծրագիրը պետք է ներառի ինչպես ամենապարզ մեթոդները, ինչպիսիք են օրինակ ծառատունկն ու անտառատունկը՝ թվային հստակ ցուցանիշներով, այնպես էլ որոշակի սահմանափակումները: Օրինակ, արդեն իսկ ժամկետանց ավտոմեքենաների շահագործումը Երեւան քաղաքում, որոնք իրենց հետեւից մի երկու կիլոմետրանոց ծուխ են թողնում եւ մեծ աղտոտիչներ են:
Կարդացեք նաև
Կարծում եմ քառամյա ծրագրում մենք պետք է համապարփակ անդրադարձ ունենանք այս ամենին, եւ բոլոր այն տեղերում, որտեղ ունենք հնարավորություն եւ լիազորություն՝ գործուն քայլեր իրականացնենք: Խնդրում եմ երկու ամիս հետո այդ քառամյա ծրագիրը ներկայացնել այս դահլիճում»:
Մանրամասն ՝տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ