Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ պետք է հասկանալ՝ արդյոք պատճառները վնասի սխալ հաշվարկնե՞րն են, թե՞ այլ խնդիրներ կան, որոնց արդյունքում պետությանը պատճառված վնասը դառնում է ոչ լիարժեքորեն վերականգնելի։
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պետությանը պատճառված վնասները, երբ հաշվարկվում են, չափազանց մեծ գումարներ են, բայց երբ դատական գործունեության միջոցով վերադարձվում են, ծավալները էապես փոքր են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Միջազգային եւ համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանը։
Նշենք, որ օրերս կայացավ «Արդարադատության բարոմետր. գնահատելով դատական արձագանքը կոռուպցիային» ծրագրի արդյունքների շնորհանդեսը։ Ծրագրի ղեկավար Սիրանուշ Սահակյանն ասաց, որ իրենց կատարած ուսումնասիրությունը խնդիր չի դրել ուսումնասիրել, նաեւ ուսումնասիրման հնարավորություններից դուրս կլիներ պարզել արդարադատության իրականացմանը միջամտությունները. «Դրանք հիմնականում կարող են պարզվել օպերատիվ տեղեկությունների հիման վրա՝ իշխանական լիազորությունների գործադրմամբ, բայց այս ուսումնասիրությունը տեղի է ունեցել հետազոտական թիմի կողմից, որոնք մասնագետներ են եւ առաջնորդվել են նաեւ ակադեմիական բարեվարքության կանոններով։ Մեր հիմնական խնդիրը դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում խնդիրները վերհանելն է։ Ուսումնասիրել ենք բաց աղբյուրներում հասանելի դատական ակտերը, նաեւ դրա ճանապարհով փորձել ենք հասկանալ, թե հրապարակայնության սկզբունքն ինչպես է իրացվում։ Որոշակի խնդիրներ դուրս ենք բերել «Դատալեքս» տեղեկատվական համակարգի շահագործման մասով։ Ոչ բոլոր տարածված դատական ակտերն են հասանելի եղել, կամ դրանք հասանելի են դարձել ժամկետից դուրս՝ դրանով իսկ արձանագրելով հրապարակայնության սկզբունքի խախտում»։
Մեր զրուցակիցը շեշտեց՝ նաեւ հատուկ ուշադրություն են դարձրել վերականգնված վնասին. «Փորձել ենք հասկանալ քաղաքացիական գործերով վերականգնված վնասը պետական շահերի պաշտպանության հայցերի միջոցով եւ նաեւ ապօրինի բռնագանձման գույքի հետ կապված։ Օրինակ՝ 2018-2022-ն ընկած ժամանակահատվածում վերականգնված վնասը կազմել է պատճառված վնասի 0,25 տոկոսը, որը շատ փոքր է պատճառված վնասի համեմատությամբ։ Որոշակի տարբերություն ենք նկատում 2023-ին, երբ տոկոսը բարձրացել է 5-ի, բայց, այդուհանդերձ, կարծում ենք, որ սա դեռեւս փոքր տոկոս է։ Այսինքն՝ 100 տոկոսի հինգ տոկոսը վերականգնելը նշանակում է, որ 95 տոկոսը վերականգնված չէ, եւ այստեղ պետք է հասկանալ՝ արդյոք պատճառները վնասի սխալ հաշվարկնե՞րն են, թե՞ այլ խնդիրներ կան, որոնց արդյունքում պետությանը պատճառված վնասը դառնում է ոչ լիարժեքորեն վերականգնելի։ Շատ նպատակային գործունեություն պետք է իրականացվի, որ պետությանը կամ համայնքին պատճառված վնասները լիարժեքորեն վերականգնվեն»։
Կարդացեք նաև
Սիրանույշ Սահակյանը տեղեկացրեց՝ 2024-ին շուրջ 200 դատական ակտ է կայացված եղել. հրապարակայնացված բոլոր ակտերը ուսումնասիրվել են։ Այդ ուսումնասիրությունը շարունակական բնույթ է կրելու. «Որքան դատական ակտերի թիվը մեծանա, այնքան նոր օրինաչափություններ ենք կարողանալու դուրս բերել»։
Ուսումնասիրվել են նաեւ մեդիանյութերը. «Այդ միջոցով ենք դուրս բերել հնարավոր մտահոգիչ խնդիրները, որոնք հանրային դաշտում քննարկվել են։ Օրինակ՝ մեդիանյութերի ուսումնասիրությամբ պարզել ենք՝ կա ընկալում, որ Հակակոռուպցիոն դատարանը ոչ թե մասնագիտացված, այլ արտակարգ դատարան է, որը ենթակա է քաղաքական ազդեցությունների։ Լուծման ուղիներ գտնելու նպատակով մենք անցկացրել ենք նաեւ փորձագիտական հարցազրույցներ՝ թիրախավորելով դատավորներին, դատախազներին, իրավաբաններին եւ նեղ մասնագիտացվածություն ունեցող այլ լրագրողներին։ Զեկույցը տարբեր խնդիրների է անդրադառնում՝ սկսած օրենսդրական հարցերից։ Մենք դուրս ենք բերել խնդիրներ՝ կապված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հետ թե՛ իրավական որոշակիության, թե՛ մարդու իրավունքների չափանիշներին ոչ համահունչ լինելու դիտանկյունից։ Քննարկման առարկա ենք դարձրել Հակակոռուպցիոն դատարանի առարկայական ընդդատությունը, փորձել պարզել՝ ինչ չափանիշով է որոշել, թե որ գործերն են ենթակա ընդդատյա Հակակոռուպցիոն դատարանի։ Այստեղ մի կարեւոր դիտարկում ունենք, որ ըստ էության քաղաքացիաիրավական բնույթ կրող դասական վեճերը ներկայումս քննվում են Հակակոռուպցիոն դատարանում, երբ նման գործերում բացակայում է վստահված դիրքի չարաշահման էլեմենտը։ Շատ տիպիկ օրինակ ենք օգտագործել, երբ պետական մարմնի գույքին վնաս է պատճառել մասնավոր անձը, օրինակ՝ ավտովթարի ենթարկվելու եւ ծառայողական մեքենան վնասելու միջոցով, եւ քանի որ առաջնային պետական մարմինը չի դիմել քաղաքացիական դատարան՝ ընդհանուր իրավասության վնասի պահանջով, որպես հայցվոր գործել է դատախազությունը։ Այս հանգամանքը հանգեցրել է նրան, որ գործը քննվի հակակառուպցիոն դատարանում։ Մենք նաեւ դիտարկել ենք, որ դատախազության՝ հայցվոր լինելու պարագայում, երբ դատախազությունը հանրային պետական շահերի պաշտպանություն է իրականացնում վարչական դատարանում, այս դեպքում գործի բնույթն է կարեւորվում եւ ոչ թե դատախազության՝ հայցվոր լինելու հանգամանքը, եւ նման գործերը ընդդատյա չեն դարձել հակակոռուպցիոն դատարանին»։ Սիրանուշ Սահակյանն ասաց՝ ունենք առաջարկ, որ վերանայվի Հակակոռուպցիոն դատարանի ընդդատությունը եւ դրա հիմքում դրվեն օբյեկտիվ չափանիշներ, որոնք պետք է հանգեցնեն օրենսդրական փոփոխությունների։
Մյուս հետեւությունն այն է, որ նախադեպերի մեջբերումները կրում են ձեւական բնույթ. «Ոչ միշտ է, որ թարմ կամ վերաբերելի նախադեպեր են օգտագործվում։ Նույն ՄԻԵԴ-ը կարող է ունենալ վերաբերելի եւ կարեւոր չափանիշներ, ներմուծող նախադեպեր, որոնք չեն կիրառվում, բայց ոչ վերաբերելի նախադեպերի մեջբերումները կարող են ծանրաբեռնել դատական ակտերը՝ որեւէ արժեք չստեղծելով գործի ճիշտ լուծման համար»։
Զեկույցում կա նաեւ քանակական տվյալների ուսումնասիրություն, որի միջոցով պատկեր է դուրս բերվել, թե օրինակ՝ քրեական գործերով որքա՞ն արդարացման դատական ակտ է բացվել, որքա՞ն մեղադրական, կամ քաղաքացիական գործերն ինչպիսի լուծում են ստացել. արդյոք դատարանն ունեցե՞լ է մեղադրական թեքվածություն, թե՝ ոչ։
Իրավապաշտպանն ասաց՝ հետաքրքրական տվյալներ ունեն այն մասին, որ վերականգնված վնասի չափը մեծ է հենց հաշտության համաձայնութամբ ավարտված գործերում, ինչը կազմում է դիտարկված մյուս բոլոր գործերի վերականգնված վնասի շուրջ 36 տոկոսը. «Այսինքն՝ հաշտության համաձայնությամբ ավարտված գործերի արդյունավետությունը մենք ավելի բարձր ենք գնահատել, եւ այդ պրակտիկան թույլ է տալիս խնայել մարդկային ռեսուրսներ, ժամանակ, նաեւ ֆինանսական ծախսերը, թեեւ նման արդյունավետություն կա ըստ գումարի վերականգնված վնասի չափի, որը չափազանց մեծ է հենց հաշտության գործերով։ Բայց մենք տեսնում ենք, որ այս ինստիտուտը լայնածավալ կիրառություն չունի։ Կարծում ենք՝ քայլեր պետք է ձեռնարկվեն հաշտության համաձայնության ինստիտուտի արդյունավետությունը բարձրացնելու համար»։ Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ հակասահմանադրական բոլոր դրույթները պետք է վերացվեն եւ այս օրենքները գործարկվեն Սահմանադրության ու մարդու իրավունքների չափորոշիչներին համահունչ. այլապես գործընթացը ռիսկային է դառնում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.12.2024