Կարծում եմ, բոլորն են համակարծիք, որ 2014թ.-ին և Արցախը, և Հայաստանն ապրում էին բնականոն կյանքով, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից նրանց նկատմամբ պատերազմական գործողություններ ձեռնարկելու կոնկրետ քայլեր չէին արվում, առավել ևս՝ տարածքներ գրավելու, ավելին՝ անկախացած Արցախը հայաթափելուն, քանի որ մեր երկու պետություններն էլ ամուր հիմքերի վրա էին դրված, աշխարհն էլ լռելյայն ընդունում էր Արցախի անկախ հանրապետության գոյության փաստը: Այդ ժամանակ որևէ մեկի մտքով չէր անցնում, որ մի քանի տարի անց, թուրք-ադրբեջանական տանդեմն օգտագործելով Արցախի և Հայաստանի անգործությունն ու հանգստությունը՝ հատկապես անվտանգության բնագավառում, օրնիբուն քրտնաջան պատրաստվելով դրան, կարող է մեծ պատերազմ սանձազերծել մեր երկու հայկական պետությունների նկատմամբ, լիովին հայաթափել Արցախը և սուվերեն Հայաստանից խլել 200 քառկմ-ից ավելի տարածք, որը մինչ այժմ գտնվում է նրանց տիրապետության տակ: Չնայած նրան, որ ճանաչելով այդ երկու երկրների նենգ ու չհաշտվող պահվածքը, մենք պետք է հստակորեն վստահ լինեինք, որ նրանց գերնպատակը դա է՝ առավել ևս մեր հանգստության ֆոնին, ամեն կերպ փորձում են հետ գրավել Արցախը, ամբողջովին գրավել նաև ողջ Հայաստանը: Ինչևէ, մեր աններելի սխալների պատճառով, եղածը եղավ ու Հայաստանն այսօր հայտնվել է աննկարագրելի ողբերգական վիճակում, քանզի մեծ վտանգի առջև է հայտնվել Հայաստանի պետականության հետագա գոյությունը և ընդհանրապես, մեր հայրենիքի հետագա գոյության հարցը:
Եվ ահա, 90-ականների մեր վստահ հաղթանակից հետո՝ 2020թ. նրանք իրականացրին իրենց նենգ ծրագիրը, հայաթափեցին Արցախը և սկսեցին մասնատել Հայաստանը, մեր հայրենիքը կանգնեցնելով ռեալ կորստի վտանգի առջև: Այդ բոլոր հիմքերին զուգահեռ, դեռևս 2014թ.-ին, ինտուիտիվ զգում էի այդ վտանգի մասին և այդ ժամանակ իմ մեջ ծնվեց այս հոդված-հայտարարությունը, որն այն ժամանակ այնքան էլ արդիական չէր, այն ընդամենը մտահոգություն էր: Ինձ պարտադրված եմ համարում այսօր ևս մեկ անգամ այն ներկայացնել հայ ժողովրդին, որպեսզի՝ թեկուզ ուշացումով, զգոնանաք ու խելքի գանք, քանզի զոհասեղանին դրված է մեր Սուրբ հայրենիքի լինելիության՝ հետագա գոյության հարցը:
Հայրենիքը լքելով՝ չպաշտպանելով այն, սպանում ենք և նրան, և մեզ …
Տերն է որոշում, թե ո՞վ և ե՞րբ պետք է ծնվի, որտե՞ղ ու ի՞նչ ազգություն պետք է ունենա: Եվ այսպես, անհայտ քանակությամբ դարեր առաջ, իր տեսակով և արյունով աշխարհ է եկել նաև առաջին հայ մարդը, որի մասին մեզ հասած առասպելներ, պատմություններ, տեղեկություններ չկան: Այդպես էլ դրվել է հայ ժողովրդի, ազգի, ցեղի, տեսակի, գոյի հիմքը: Վերացական հնչեցնել, թե հայի տեսակը լավն է, վատն է, արժանավոր է … լիովին անիմաստ է, քանզի նման գնահատականները կյանքն է որոշում, իսկ պատմիչները՝ ամեն մեկը յուրովի արձանագրում են դրանք: Նման արձանագրումները ճակատագրի կամոք կամ երկար կյանք են ունենում՝ այդ ընթացքում օր օրի լրացնելով և հագեցնելով այդ պատմությունը, կամ հանգամանքների բերումով, ապրիորի նոսրանում են ու պատառիկների ձևով շարունակվում այնքան, որքան կյանքն է թույլ տալիս: Հայ պատմիչներն՝ իրենց որոշակի ընդհանրություններով հանդերձ, նաև որոշակի առանձնահատկություններով ու տարբերություններով գրառել և արձանագրել են հայ ժողովրդի պատմությունը: Բայց բոլորի մոտ տեսանելի է մի ընդհանուր գիծ. հայերն անցել են աննկարագրելի, չափազանց դժվարին, պատերազմներով, վայրիվերումներով, մաքառումներով, կորուստներով լի ճանապարհ, սակայն երբեք չեն խոնարհվել, չեն վհատվել, չեն ընկրկել, չեն նվաստացել, չնայած այն բանին, որ բավականին հաճախ՝ տարբեր ժամանակներում, հանգամանքների բերումով հայտնվել են տարբեր զավթիչների տիրապետության տակ: Ու եթե անգամ մի պահ ենթադրենք, հայի անցած ճանապարհը մինչև 1915 թվականը եղել է լիովին հարթ, ապա միայն 1915թ.Հայոց մեծ ցեղասպանությունը բավական է հասկանալու համար, թե հայն ինչ արհավիրքի միջով է անցել, որն, ի դեպ ,ավելի է ամրացրել նրան և պարտադրել հասկանալու, որ դա իր խաչն է, ու նա պարտավոր է սրբորեն և հպարտորեն կրել այն: Ղարաբաղյան ազատամարտում ազատագրեցինք մեր կորսված տարածքներից մի քանիսը: Սակայն չկարողացանք դրանք կցել, գոնե կարկատել մեր հայրենիքին, քանզի հայրենիքը ապրողով է հայրենիք, ոչ թե վերստին գրավելով և անշունչ թողնելով: Քսան տարվա ընթացքում ոչ մի կերպ չհաջողվեց վերաբնակեցնել այդ տարածքները, քանի որ այնտեղ ծառ ու ծաղիկ տնկող և ջրող չեղավ:
Կարդացեք նաև
Ի վերջո, երբեմնի 40 միլիոնանոց ժողովուրդ հաշվող եւ ծովից ծով Հայաստանից այսօր փաստացի ունենք մոտ 3 միլիոն (սփյուռքի հետ միասին մոտ 10 միլիոն) ժողովուրդ, մոտ 30 հազար քառ. կմ տարածք: Այլեւս տեղ չկա պակասելու եւ նվազելու, քանզի գոյություն ունի ժողովրդի քանակի սահմանային մի թիվ, որից այն կողմ մեր սուրբ հողը հաստատ կմատնվի անտերության, ինչին երախները բաց, երանությամբ սպասում են արյունռուշտ Թուրքիան եւ Ադրբեջանը: Մի՞թե պատվախնդրությունն այնքան է լքել մեզ, եւ այնքան ենք ուրացել մեր միլիոնավոր նախնիների ու զոհերի հիշատակը, որ մեր ձեռքով, մեր չկշռադատված քայլերով մեր հայրենիքը կամովին կարող ենք հանձնել մեր հազարամյա թշնամուն, որի գերնպատակը բոլոր ժամանակներում եղել եւ մնում է հայի տեսակի իսպառ վերացումն ու վերջնական բնաջնջումն աշխարհի վրայից:
Այս նախադասության մեջ փաստացի շրջանառվում է հայ ժողովրդի, հայ ազգի, Հայոց պետության եւ ընդհանրապես, հայի գոյի հարցը, որը տարբեր ժամանակներում տարբեր պետությունների կոկորդում ոսկորի դեր է խաղացել:
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ատելություն բառն իր ողջ խորությամբ եւ պատկերավորությամբ եւս ընկալել եմ հիմնականում Թուրքիայի ու Ադրբեջանի՝ հայի նկատմամբ ունեցած տրամադրվածությունից, մոտեցումներից ու ջարդերից:
Աներկբա է, որ վայրկյան անգամ իրավունք չունենք մոռանալու, որ Հայաստան կոչվող երկիրը պատկանում է ոչ միայն այս պահին այնտեղ ապրող ժողովրդին, ոչ միայն սփյուռքի ողջ հայությանը, այլեւ հավասարապես պատկանում է բոլոր ժամանակներում աշխարհ եկած, իրենց շնչառությունը հայոց հողին խառնված, մեզանից ֆիզիկապես հեռացած ողջ հայ ժողովրդին, որոնց հոգիները մշտապես արթուն, երկնքում շրջում, հսկում եւ մեզ հետ միասին պահպանում են մեր սուրբ հայրենիքը: Մենք ընդամենը մի թիզ հող ունենք եւ մի բուռ ժողովուրդ ենք աշխարհի վրա: Երբեւէ մեզ տվե՞լ ենք ամենաառանցքային հարցերի հարցը. ինչպե՞ս է լինում, որ հազարամյակներ շարունակ մենք աշխարհի հսկաների կողքին գոյատեւում ենք եւ, մեղմ ասած, չեն կարողանում մեզ վերջնականապես հոշոտել: Մի՞թե նրանք այդքան բարեգութ են: Իհարկե, ոչ:
Մեր գոյատեւման գաղտնիքը մեր Տիրոջ, մեր արդարացիության եւ երկնքից՝ մեր նախնիների հոգու պահապան ուժի եռյակ միասնության մեջ է: Ահա այն բանաձեւը, որ մինչեւ այսօր պահել, պահպանել է Հայաստան երկիրը եւ հայ ժողովրդին: Հայը պետք է չափազանց զգոն լինի եւ իր հետագա քայլերով չթուլացնի հիշատակված գործոններից թեկուզ մեկը, որպեսզի այդ եռամիասնությունը միշտ կայուն մնա, եւ չխաթարվի այդ բանաձեւի գործունեությունը: Այսօր հերթական փորձությունն է թեւածում Հայաստան երկրում: Արտագաղթն ու գործազրկությունը հասել են ահռելի չափերի: Երրորդ համաշխարհայինը հետզհետե ընդլայնում է իր աշխարհագրությունը, որից Հայաստանը եւս անմասն չէ, քանզի Ադրբեջանի ախորժակը նորից բացվել է եւ օգտվելով աշխարհի քաոսային վիճակից, դանդաղ քայլերով վերսկսել է պատերազմական գործողությունները Արցախի եւ Հայաստանի նկատմամբ: Երկրի տնտեսությունը քայքայված է, արդարությունը՝ խաթարված, կոռուպցիայի դեմ պայքարն սպասված պտուղները չի տալիս, ժողովուրդը վհատվում է, հուսալքվում: Գները երկրաչափական պրոգրեսիայով աճում են, ճարպիկները շարունակում են պղտոր ջրում ձուկ որսալ, հարուստները շարունակում են ավելի հարստանալ, աղքատներն ավելի են աղքատանում, ժողովուրդն ամեն ինչի նկատմամբ դարձել է անտարբեր, եւ բնական է, որ այս ամենի կողքին հայրենիքն աստիճանաբար դառնում է մերկ: Մի խոսքով, կարող ենք փաստել, որ այսօր երկրի ներքին կյանքը բավականին անհուսալի վիճակում է: Բնական է, որ այս ծանր վիճակում հայրենիքն առավել, քան երբեւէ, զգում է ամեն մեկիս կարիքը, եւ մեկ մարդու նման պետք է հայրենիքն առնենք մեր ձեռքերի մեջ եւ նրա նկատմամբ թույլ չտանք որեւէ ոտնձգություն:
Փորձենք ինքներս մեզ հարց տալ. այս պարագայում. ո՞րն է հայրենիքի մեղքը, որ մենք խռովում, զենքերը վայր ենք դնում եւ հեռանում: Պետք է շատ զգոն լինել եւ միշտ հիշել, որ հայրենիքը որեւէ բանի հետ շփոթել կամ նույնացնել չի կարելի: Իհարկե, հասկանալի է, որ մարդիկ այսօր նեղացած եւ խռոված են իշխանություններից, անարդարությունից ու նմանատիպ բազմաթիվ այլ բաներից: Եվ փոխանակ պարզելու ու որոնելու, թե որտեղից է գալիս այդ ամենը, ու փորձել դրանք շտկել, հայրենիքից ենք խռովում ու գնում: Լավ, հայրենիքն ի՞նչ կարող է անել մեզ համար, որ չի անում: Հայրենիքն ի՞նչ անի, երբ մեր մեջ կան ագահներ, դավաճաններ, գողեր, ավազակներ, թալանչիներ, ստրկամիտներ, խաբեբաներ, ապաշնորհ իշխանավորներ, վախկոտներ, խառնակիչներ, կռապաշտներ (այս շարքը կարելի է երկար շարունակել): Հայրենի՞քն է այս վիճակի հեղինակը եւ մեղավորը: Հայրենիքը մեղավո՞ր է, որ այսքան փոքր է: Մարդիկ, հայրենիքն ընդամենը տուն է, օջախ, որը մենք ենք կառուցում: Լավը եւ հզորը կառուցենք, ո՞վ է մեր ձեռքը բռնում: Հայրենիքը հողն է, օդը, գերեզմանները, ծառերը, ծաղիկները, բերք ու բարիքը, ճանապարհները, շենքերը, գետերը, լճերը: Հայրենիքը կոնկրետ է, այն սրբություն է, արժեք է, կարոտ է, հոգի է, սեր է, արժանապատվություն է, կանչ է, հայր է, մայր է, եղբայր է, քույր է, զավակ է, մանուկ է: Հայրենիքը հավասարապես է սիրում իր զավակներին, մնում է՝ զավակները սիրեն նրան: Երբեք չի կարելի հայրենիքին ցավ պատճառել, քանզի նա մանկան նման չափազանց զգայուն է՝ չափազանց փխրուն սիրտ ունի: Նրան ցավեցնելը նվազագույնը՝ սադիզմ է: Ամենափոքրիկ ցավն անգամ նրա վրա սպի է թողնում եւ որքան էլ փորձենք ամոքել, այն երբեք չի բուժվում: Հայրենիքից ամեն հայի հեռանալը՝ նրա սրտից մի պատառ պոկել է նշանակում, որի սպին երբեք չի փակվում: Ինչպե՞ս կարելի է այդ նուրբ սրտի խորքում, այդքան շատ վերքեր առաջացնել եւ անվերջ արնաքամ անել այն: Հեռացողները գնում են առանց հասկանալու, որ իրենցից հետո համարյա անհնար է լինելու կարգավորել բյուրավոր վերքերի մեջ թողած, բյուրավոր անգամներ սրախողխող արված, մոր սրտից ավելի նուրբ, բոլորին կյանք տված այդ մի բուռ արնաքամ սրտի վիճակը: Ճիշտ է, նա դեռ շնչում է, չի մահացել, քանզի պարտավոր է ուժ գտնել, սնել ու տեր կանգնել իր վերջին զավակին: Հայրենիքն իսկական մայր է: Նրան ընդամենը հարկավոր է, որ մնանք իր կողքին, հավաքվենք իր փեշերի տակ, քանզի նրա համար մեծ ու փոքր չկա, նրա համար բոլորը մանուկներ են, եւ մինչեւ վերջին շունչը, թեկուզ արնաքամ սրտով, փորձելու է պահապան հրեշտակ լինել մեզ՝ բոլորիս:
Մեր բոլոր կենսաբանական մայրերը սուրբ են, սակայն ֆիզիկապես՝ ժամանակավոր են, նրանց հոգին է հավերժ: Մենք ունենք մեկ հավերժական մայր, դա հայրենիքն է: Հազարամյակների ընթացքում մեր հայրենիքը օտար զավթիչների կողմից անասելի շատ ու հուժկու հարվածներ է ստացել, բայց փառք Տիրոջը, որ այսօր էլ նա կանգուն է եւ ոչ մեկի լծի տակ չէ: Նա մեր անկախ հայրենիքն է: Այս բառերն արտասանելիս յուրաքանչյուր հայ մարդ պետք է հուզմունք ապրի, պետք է նաեւ կորստյան վախ ապրի եւ ներդնի ամենաամենան, որպեսզի փոշու հատիկ անգամ չնստի մեր անկախության ճանապարհի վրա: Նա բոլոր հայերի լույսի եւ հույսի միակ աղբյուրն է: Պետք է շրջապատենք եւ մշտապես փայփայենք նրան, որ նրանից մազ անգամ չպակասի:
Հայրենիքը մենք ենք, եւ ամեն մեկիս կորստով՝ մեկ շնչով թուլանում է, մեկ հոգով պակասում: Ցավոք, գիտակցված, թե չգիտակցված, շատ հաճախ նրա զառամյալ ու հիվանդ սրտին բազմապիսի սթրեսներ ենք պատճառում, որոնց դիմակայելը չափազանց դժվար է: Որպեսզի հստակ գիտակցենք սա, բավական է ամեն մեկս ուղղակի մեր աչքի առջեւ ունենանք մեր կենսաբանական մայրիկին, հիշենք, թե որքա՞ն զգայուն է նրա սիրտը, եւ ամենափոքրիկ ցավն անգամ որքա՞ն խորն է թափանցում ու թուլացնում նրան: Հայրենիքից հեռանալով՝ հատիկ-հատիկ որբանում ենք եւ լքելով այն, թուլացնում ենք ոչ միայն նրան, այլեւ ողջ հայությանը եւ նվազագույնը՝ նույնչափ ոգեւորում եւ ուրախացնում մեր թշնամիներին: Եթե ամեն մեկս այսպես լքենք հայրենիքը, ապա այս պատերազմական վիճակում, ո՞վ պետք է պաշտպանի այն: Մի՞թե համատեղելի արժեքներ են՝ սրտնեղած վիճակով հայրենիք լքելը եւ այսքան թույլ, պատերազմական վիճակում գտնվող հայրենիքն անտեր թողնելը: Ո՞վ պետք է պաշտպանի մեր նախնիների գերեզմանները թշնամու ոտնձգություններից: Ի՞նչ պատասխան պետք է տանք այնտեղ ննջող մեր բյուրավոր հայրենակիցներին, ովքեր մեզ վստահել, ամուր հայրենիք են թողել ու հանգիստ խղճով հեռացել, իսկ մենք՝ առանց հասկանալու, շարունակաբար թուլացնում ենք այն:
Եթե անարդարությունն ու ծանր սոցիալական, տնտեսական վիճակն է մեզ մղում հեռանալ հայրենիքից, ապա պետք է ոչ թե լքել հայրենիքը, այլ մնալ եւ նպատակասլաց կերպով պայքարել ու շտկել այն բոլոր բացերը, որոնք առկա են երկրում: Այլ խոսքով, փոխանակ հեռանալու հայրենիքից, պետք է մնալ, նորոգել, շենացնել, ուժեղացնել այն: Չէ՞ որ այն մեր տունն է, իսկ հայը միշտ շենացրել է իր տունը: Լքելով հայրենիքը՝ մենք ամենքս՝ մեր բաժին հայրենիքն էլ ենք նվիրում այն մարդկանց, որոնց մեղքով ենք նաեւ հեռանում հայրենիքից:
Այլ խոսքով, հայրենիքը լքելով՝ սպանում ենք եւ նրան, եւ մեզ …
Ակնհայտ է, որ դա պարտվողի հոգեբանություն է եւ պարտվողի քայլ, քանզի նման դեպքում միակ ճիշտը մնալն է եւ համապատասխան քայլերով ամեն բան իր տեղը դնելը: Այսպիսի պահվածքի դեպքում մտածելու բան կունենան միայն նրանք, ովքեր ստեղծել են այս իրավիճակը եւ ովքեր էլ պետք է պատասխան տան այս ամենի համար: Պետք է շատ ամուր լինել եւ հաշիվ պահանջել նրանցից, ովքեր իրենց գործելակերպով ու պահվածքով խարխլում եւ թուլացնում են երկիրը: Չէ՞ որ հայրենիքը հավասարապես պատկանում է բոլորիս, եւ այս հարցում արտոնյալներ չկան: Հայրենիքի նկատմամբ բոլորի իրավունքները եւ պարտավորությունները հավասար են: Ինչպես մայրը, ճիշտ նույն կերպ հայրենիքը տարբերություն չի դնում իր զավակների միջեւ: Գաղտնիք չէ, որ այսօր մարդիկ միջանձնային՝ ոչ ճիշտ հարաբերությունների պատճառով ունեն բազմապիսի հակասություններ եւ փոխանակ ճիշտ մոտեցումներ ու լուծումներ տալու դրանց, նեղանում են միմյանցից եւ, նեղսրտելով ու խռովելով, մեղավոր հռչակում հայրենիքին, եւ փորձում հեռանալ: Եղբայր, եթե դուք չեք կարողանում իրար մեջ ձեր հարցերը նորմալ կարգավորել, երկիրն այստեղ ի՞նչ մեղք ունի, որ հանիրավի կերպով փորձում եք նրան էլ խառնել ձեր գործերին եւ ամեն ինչ բարդել նրա վրա:
Թող տպավորություն չստեղծվի, որ ես երկնքից եմ իջել եւ չեմ տեսնում, թե այսօր ի՞նչ է կատարվում մեր երկրում: Իհարկե, մեր երկրում այսօր չլուծված բազում խնդիրներ կան, որոնք թուլացնում, վհատեցնում եւ անհավատություն են ծնում մարդկանց մեջ: Բոլորս էլ հասկանում ենք, որ դրանք շատ-շատ են եւ ամենօրյա ծանր ազդեցություն են թողնում մարդկանց ապրելակերպի վրա: Հասկանում ենք նաեւ, որ դրանցից ամենաատելին անարդարությունն է: Եվ կարող է թվալ, թե այս պարագայում ամենահեշտ բանը խորտակվող նավը լքելն է: Բայց չէ՞ որ դա մեր նավն է, այն էլ՝ միակը, որը կորցնելով՝ ավելի նորը եւ ավելի լավը չենք ունենալու: Տիրոջ կողմից հայրենիքը տրվում է մեկ անգամ, ինչպես մարդու կյանքը, եւ միակ բանը, որ պետք է անել, ամեն գնով այն փայփայելն ու պահպանելն է: Այլ ցուցում աշխարհը դեռ չի տվել:
Երանի նրանց, ովքեր հայրենիք ունեն:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
14.12.2024