«Առավոտի» զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
– Պարոն Բադալյան, Ադրբեջանը հետեւողականորեն փորձում է հասնել նրան, որպեսզի ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում կասեցվի։ Ինչո՞ւ է սա Բաքվի համար կենսական նշանակության հարց համարվում։
– Ես չեմ կարծում, որ կենսական նշանակության հարց է, բայց առիթ է Բաքվի համար՝ նախ Երեւանի առաջ պայման դնելու համար՝ կապված թե սահմանազատման գործընթացի, թե նաեւ «խաղաղության պայմանագիր» ասվածի հետ։ Բացի դրանից, ես կարծում եմ, առավել էականը գուցե այն է, որ Բաքուն այդ հարցը դնելով՝ փորձում է բավական թանկ սակարկություն անել Եվրամիության հետ։ Ավելին, ես անգամ ունեմ մտավախություն, որ Ադրբեջանը կարող է այդ համատեքստում առաջ քաշել ընդհուպ Թուրքիայի ներգրավման հարց՝ որպես պայման իր համաձայնության, որ ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում։ Եվ Ադրբեջանը հիշեցնում է, որ ընդհանուր առմամբ այդ առաքելության գաղափարը համաձայնեցվել եւ որոշումը կայացվել է Պրահայի հայտնի քառակողմ ձեւաչափով հանդիպման ժամանակ։ Նկատի ունեմ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի հանդիպումը։ Նաեւ ուշադրության արժանացնենք այն հանգամանքը, որ շաբաթներ առաջ Ադրբեջանը դիտորդական առաքելության վստահելի չլինելու հարցը բարձրացրել էր ՆԱՏՕ-ի պատվիրակության առաջ։ Հարց է առաջանում՝ ՆԱՏՕ-ն ի՞նչ կապ ունի ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ։ Կարծում եմ՝ Ադրբեջանն այդ հարցը բարձրացնում է՝ մատնացույց անելով, օրինակ, Ֆրանսիայի հանգամանքը, որպեսզի հնարավորություն ու առիթ ունենա իր կողմից առաջարկել Թուրքիայի ներկայացուցիչների ներգրավման տարբերակ։ Ի դեպ, այս համատեքստում էլ ուշադրության է արժանի այն, որ Հայաստանի ու Եվրամիության միջեւ ամիսներ առաջ ստորագրվեց այդ առաքելության կարգավիճակի մասին նոր համաձայնագիր, որով ԵՄ-ն հնարավորություն է ստանում ներգրավել Եվրամիության ոչ անդամ երկրների ներկայացուցիչներ։ Հարց է առաջանում՝ Եվրամիության ինչի՞ն է պետք այդ ներգրավումը, չէ՞ որ ԵՄ-ն պետք է որ մարդկային ռեսուրսի կարիք չունենա։ Պատասխանը շատ հստակ է՝ դա անհրաժեշտ է քաղաքական ինչ-որ կոմբինացիաների համար՝ այդ դեպքի համար քայլ անելու իրավասություն ունենալու տրամաբանությամբ։ Ես կարծում եմ, որ Բաքուն իր այսօրվա պայմաններով ու պահանջներով նաեւ ահա այս մեծ սակարկությունն է նախապատրաստում Եվրամիության հետ։
– Իսկ կարո՞ղ է լինել այնպիսի սցենար, որ ԵՄ դիտորդները դուրս գան Հայաստանից։
Կարդացեք նաև
– Ես ամենեւին չեմ բացառի այդ տարբերակը, բայց Եվրամիության խոսնակը համենայնդեպս հայտարարել է, որ պատրաստ են այս հարցում աշխատել Ադրբեջանի հետ։ Այսինքն՝ այդուհանդերձ նրանք պատրաստ են Բաքվի հետ քննարկել առկա իրողությունները։ Ըստ իս՝ Եվրամիությունը շահագրգռված չէ դուրս գալ Հայաստանից, եւ դրա մասին վկայում է հենց այն, որ Հայաստանի հետ բավական համապարփակ համաձայնագիր կնքեցին։ Ավելին, դիտորդական առաքելությանը տրվեց դիվանագիտական ներկայացուցչության կարգավիճակ, դրանով նաեւ գաղտնիացվեց առաքելության տիրապետած ինֆորմացիան։ Եվ Հայաստանն այսօր հասանելիություն չունի այդ ինֆորմացիային։ Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ Եվրամիությունն այդուհանդերձ հակված է մնալ, եւ այդ մնալու համատեքստում կլինեն քաղաքական որոշակի քննարկումներ։ Եվ, ինչպես նշեցի, անկասկած կլինի քաղաքական սակարկություն։
Մեկ այլ տարբերակ էլ կա, ես այդ տարբերակը եւս ուշադրության կարժանացնեի։ Քանի որ լարվածության որոշակի հավանականություն կա, եւ մենք տեսնում ենք, որ այդ հավանականության մասին անգամ պաշտոնական Երեւանն է խոսել տարբեր առիթներով, չեմ բացառում, որ որոշակի վակուումային իրավիճակի առաջացումը Եվրամիության համար նույնիսկ կարող է օգտակար լինել՝ հնարավոր լարվածության դեպքում իր վրա մեծ պատասխանատվություն չունենալու համար։ Այսինքն՝ ինչ-որ անորոշություն, տուրբուլենտություն՝ կապված հետագա կարգավիճակի հետ, որը թույլ կտա ԵՄ-ին ասել, որ այդ անկանխատեսելիությունն ու անորոշությունը թուլացրեցին դիտորդական առաքելության ազդեցությունը, հետեւաբար, էսկալացիան կարող է պայմանավորված լինել նաեւ դրանով։ Եվ քանի որ այդ իրավիճակը բաժին է ընկնում 2025 թվականի առաջին ամիսներին, այդ ամիսները կարող են ունենալ այդ անկանխատեսելիությունը։ Օրինակ, ԱՄՆ-ում նոր վարչակազմ է, որը բավական դժվար կմտնի գործի մեջ, Ուկրաինայի հարցում քննարկումներ եւ այլն։ Եվ սա կարող է ինչ-որ ժամանակային տարածություն բացել Կովկասում էսկալացիայի համար։ Ես կարծում եմ՝ այս գործոնը եւս անհրաժեշտ է դիտարկել՝ հատկապես նկատի ունենալով, որ Ադրբեջանն իր հերթական ընտրություններն անցկացրեց 2024 թվականին՝ արտահերթ։ Հարց է առաջանում, թե ինչի՞ համար էր Բաքվին պետք 2025-ի առաջին ամիսներին հերթական ընտրությունների բեռից ազատվել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.12.2024