Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական հաղորդման մեջ գովել են հայերին,աղավաղել՝ մեր պատմությունը

Դեկտեմբեր 15,2024 19:58

«Մինուտնայա Իստորիա» ռուսական հեղինակավոր հարթակում այս անգամ անդրադարձ է կատարվել Ուրարտուին, Կիլիկիան Հայաստանին, հայերին, հայկական եկեղեցուն, հյուրն էլ արեւելագետ Աննա Ռոգոժինան  է եղել: Հաղորդման ընթացքում հնչել են մտքեր՝ աղաղակող սխալներով ու պատմական աղավաղումներով: Ուրարտուին վերաբերող հատվածի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն է խնդրել ուրարտագետ, պատմաբան Միքայել Բադալյանից, որը որպես հրավիրյալ դասախոս աշխարհի տարբեր համալսարաններում հանդես է գալիս դասախոսություններով, նա նաեւ մի քանի արշավախմբեր է ղեկավարել։

«Շատ ողջունելի է, որ վերջին ժամանակներում Հայաստանի պատմության վերաբերյալ անդրադարձներ են կատարում տարբեր հեղինակավոր հետազոտողներ, որոնք շեշտում են հայոց դերը, Հայաստանի դերը եւ կարեւորությունը, եւ դրանք իրականացնում են անաչառ հետազոտությունների հիման վրա: Տարբեր մասնագետներ կամ մարդիկ  փորձ են անում անդրադառնալ Հայաստանին, Հայաստանի պատմության տարբեր հարցերին՝ շատ հաճախ օգտագործելով գիտահանրամատչելի հարթակներ: Ես նայել եմ այդ հաղորդման սկզբի հատվածը, որտեղ անդրադարձ էր կատարվում հայերին եւ Ուրարտուին: Մտքերի հեղինակի հանդեպ ամենայն հարգանքով՝ պետք է նշեմ, որ նրան չեմ ճանաչում, նրա անունը երբեք չի հանդիպել ուրարտագիտության, Հայաստանի հնագույն պատմության համատեքստում:

Շատ տարօրինակ էր, որ դիսկուրս էր կատարվում Հայաստանի հնագույն պատմությունից մինչեւ մեր ժամանակները, Կիլիկիա եւ այլն, եւ շատ դժվար է կարծել, որ կլինեն մասնագետներ, որոնք կարող են իրենց կյանքը նվիրել այս բոլոր հարցերի համակողմանի ուսումնասիրությանը եւ լուրջ դեմքով հետեւություններ անել»,-ասաց Միքայել Բադալյանը:

Գալով Ուրարտուին՝ նա նշեց. «Բանախոսը շատ աղոտ տեղեկություններ ունի Ուրարտուի վերաբերյալ, ինչը փաստում են իր հայտնած մտքերը: Օրինակ այնտեղ հնչում է, որ իբր այսօր շատ ակտուալ է ուրարտական տեսությունը, եւ հաղորդավարը դրանով ասում է, որ դա նաեւ միջոց է, որով հնեցվում է հայերի պատմությունը: Իրականում Ուրարտուն, հայերի ու Հայաստանի պատմության մի հատվածն է, եւ Հայաստանի պատմությունը սկսվում է շատ ավելի վաղ ժամանակներից, քան Ուրարտուի պատմությունը, Ուրարտուն մի կարեւոր փուլն է, երբ հայկական լեռնաշխարհում ստեղծվում էր կայսրություն, նոր տիպի պետականություն էր ձեւավորվում:

Լավ կլիներ, որ մեր հետազոտողները ծանոթանային, օրինակ, հայերի վերաբերյալ արված վերջին ԴՆԹ հետազոտություններին, թե ինչ են խոսում, այդ արխեոգենետիկ հետազոտությունները, թե քանի հազարամյակի  շարունակականություն է նկատվել հայերի մեջ, նայեին հնագիտական մշակույթների ժառանգականությունը եւ շարունակականությունը:

Այդ հետազոտողը նշում է, որ  իբր Բորիս Պիոտրովսկին է հայտնաբերել Էրեբունին: Նա անգամ տեղյակ չէ, որ Բորիս Պիոտրովսկին Էրեբունու հայտնաբերման հետ կապ չունի: Էրեբունու հետազոտությունները սկսվել են դեռեւս 19-րդ դարի վերջին քառորդին՝ ռուս հնագետ Իվանովսկու գլխավորությամբ: Այսինքն, 1890-ականներից սկսած Էրեբունին՝ Արին Բերդը հայտնի էր եւ 1950թ հայտնի դարձավ նաեւ, որ այդ բլուրը կոչվել է Էրեբունի: Բորիս Պիոտրովսկին եղել է Էրեբունու արշավախմբի գիտական խորհրդատուն, բայց նա ոչ հայտնաբերել է Էրեբունին,  ոչ էլ այնտեղ հետազոտություններ է իրականացրել: Պիոտրովսկին  հետազոտություններ է իրականացրել մեկ այլ կարեւոր հուշարձանում, որը հայտնի է որպես Կարմիր բլուր կամ Թեյշեբաինի անունով:

Ասում է, որ ուրարտական քաղաքակրթությունը գոյություն է ունեցել Ք.Ա. 8-6-րդ դարերում: Սա եւս խոսում է բանախոսի՝ թեմային անտեղյակ լինելու մասին, քանի որ Ուրարտուի, ուրարտական արքաների մասին տեղեկությունները սկսում են Ք.Ա. 9-րդ դարի կեսերից, այլ ոչ թե 8-րդ դարից, իսկ մեկ դարը շատ կարեւոր եղանակ է ստեղծում:

Հեղինակը նշում է , թե հայերի եւ Ուրարտուի միջեւ կարծես կապ չկա, եւ հայերը Ուրարտուի անմիջական ժառանգորդը չեն, բերում է օրինակներ, որ անհնար է խոսել անմիջական ժառանգականության մասին, քանի որ հայերենը եւ ուրարտերենը տարբեր լեզուներ են, տարբեր ընտանիքների են պատկանում, ուրարտացիները օգտագործել են սեպագիրը, իսկ հայերը չեն ունեցել սեպագիր: Սա շատ թույլ  դիտարկում է. բանախոսը տեղյակ չէ, որ սեպագրին զուգահեռ՝ Ուրարտուում եղել է նաեւ մեհենագիր եւ այդ մեհենագրերից շատերի նախատիպերը հանդիպում են նախաուրարտական ժամանակաշրջանում, եւ դրանք կիրառվել են նույնիսկ միջնադարյան Հայկական նշանագիրք Իմաստոցում: Այսինքն, այս առումով էլ գործ ունենք շարունակականության հետ: Երկրորդը՝ ուրարտերեն ասածը  շատ պայմանական անուն է, որը տրվել է այդ լեզվին: Եվ եթե  մենք խոսում ենք ուրարտերենի եւ հայերենի փոխառնչությունների մասին, պետք է հաշվի առնենք, որ որքանով ես եմ տեղյակ, ուրարտերենից մեզ են հասել մոտ 500 բառեր, որոնց կեսը չի թարգմանվում կամ խիստ հարցականով է թարգմանվում, իսկ թարգմանվող բառերից շատերն այսօր էլ գործածվում են հայոց լեզվում: Օրինակ՝ մենք ասում ենք՝ ես, իրենք ասում են՝ եշե, մենք ասում ենք՝ եւ, իրենք ասում են՝ էվա, մենք ասում ենք ծով, իրենք՝ ծուէ, ուրիշը՝ ուլիշե, ուղտը՝ ուղտու… Ցանկը կարող ենք շարունակել…»:

Ուրարտագետը հավելում է. «Օրինակ, Աքեմենյան Իրանն ուներ սեպագիր, իսկ Սասանյան Իրանը չուներ: Դա նշանակում է, որ Սասանյան Իրանը Աքեմենյան Իրանի ժառանգո՞րդը չէ… Երբ մարդ խոսում է լեզվի մասին, պետք է մի քիչ տարածաշրջանի պատմությունն իմանա: Մենք կարող ենք գոնե ասել, որ այսօր հայերենում մինչ օրս գործածվում են ուրարտական սեպագիր աղբյուրներում հիշատակված տասնյակ բառեր, դրա մասին տարբեր անդրադարձեր կան: Ես սա ասում եմ որպես հնագետ:

Հայաստանի Հանրապետությունում եւ այլ տեղերում իրականացված վերջին հնագիտական պեղումները փաստում են ժառանգականության եւ շարունակականության մասին: Օրինակ՝ Կարմիր բլուրում մենք պեղեցինք մի կառույց, որի նմանը կա նաեւ անտիկ Հայաստանում՝ Հողմիկում, եւ որը իր հատակագծով հիշեցնում է հայկական միջնադարյան քարավանատները: Այսինքն, մենք ունենք շարունակականություն, մենք  ունենք ուրարտական խեցեղեն, որի գործածությունն ունենք  Երվանդյան Հայաստանում՝ հետագա ժամանակաշրջանում, նշանակում է՝ ճարտարապետական ավանդույթների շարունակականություն ունենք, էլ ինչի՞ մասին  պետք է խոսենք: Կրկնում եմ՝ տարբեր ասպեկտներով ունենք շարունակականություն: Իհարկե, երբ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները սկսվեցին, հելլենիզմը մեծ ազդեցություն ունեցավ տարածաշրջանի ժողովուրդների, պետությունների, այդ թվում նաեւ Հայաստանի վրա, ինչը նորմալ է:

Հաղորդման  բանախոսը խոսում է Դարեհի մասին, ասում է՝ այնտեղ Հայաստանը հիշատակվում է Առմինիա ձեւով, որը կրկին սխալ է, այնտեղ Հայաստանը հիշատակվում է երեք անուններով՝ Արմինա կամ Արմինի, Հարմինույա եւ Ուրարտու ձեւերով: Ուրարտուն հոմանիշ է Արմինային: Հեղինակը տեղյակ չէ, որ դրանից շատ ավելի վաղ Ուրարտուն հիշատակվում է նաեւ Բաբելոնյան տեքստերում: Բացի դրանից,  ինքը նշում է, որ Դարեհի Բեհիսթունյան արձանագրությունում Հայաստանը հիշատակվում է որպես սատրապություն: Շատ տարօրինակ  է, որ այդ բանախոսը տեղյակ չէ, որ Դարեհը ստիպված է եղել 5 արշավանք իրականացնել հայերի դեմ: Դա վկայում է, թե այն ժամանակ Հայաստանում ինչ հզոր քաղաքական ու ռազմական ուժ է եղել, որ Աքեմենյան բանակը ստիպված է եղել 5 անգամ ճակատամարտ մղել: Ուրեմն որտեղի՞ց եկան հայերը, հո երկնքից չընկա՞ն… Ի դեպ, առաջին ճակատամարտերն էլ տեղ են ունեցել Հայաստանի սահմաններից դուրս: Պատկերացրեք, թե ինչքան հզոր պետք է  լինես դու ռազմական եւ քաղաքական առումով, որ ճակատամարտերը աքեմենյան բանակի դեմ մղես քո սահմաններից դուրս: Կամ նույն բանախոսն ասում է, որ իբր հույն պատմիչները խոսում են Այրարատյան թագավորության մասին: Ինձ հետաքրքիր է, թե որ հույն պատմիչն է խոսում Այրարատյան թագավորության մասին: Ես ինքս երբեք նման որեւէ հիշատակության չեմ հանդիպել»:

Միքայել Բադալյանն ընդգծում է. «Ես խոսեցի հաղորդման  ընդամենը մի քանի րոպեների մասին, որտեղ տարբեր տարրական սխալներն  կան, ինչպես օրինակ, որ իբր Էրեբունին Պիոտրովսկին է հայտնաբերել, որ իբր Ուրարտուն Ք.Ա. 8-6-րդ դարերում է եղել, իբր հույն պատմիչները հիշատակում են Այրարատյան թագավորության մասին եւ այլն: Փաստորեն այս մարդը խորապես չի տիրապետում թեմային… Այո, նա կարող է իր հաղորդման մյուս մասում գովեստի խոսքեր ասել հայերի մասին: Ես չգիտեմ իր մղումները, բայց սա կարող է լինել մի հետաքրքիր հնարք, որով մի կողմից գովում են հայերին, բայց թիրախային հատվածներում այլ բան են անում: Ես հույս ունեմ, որ այս դեպքում չգիտակցված են արել: Մենք շատ լավ գիտենք, թե այսօր Ուրարտուն ինչ կարեւոր նշանակություն ունի, եւ մեր ո՛չ բարեկամներն ինչպես են ջանում ամեն կերպ կտրել Ուրարտուի եւ Հայաստանի ժառանգականության կապը: Եվ այն, ինչ ասվում է այս հաղորդման մեջ, կարծես ջուր լցնի նրանց ջրաղացին, նաեւ ջուր լցնի բանախոսի՝ ոչ տեղեկացված լինելու առումով:

Ինձ համար շատ տարօրինակ է, որ նույն մարդը խոսում է հայերից, եւ Կիլիկյան Հայաստանի, եւ Ուրարտուի մասին, եւ միջնադարյան Հայաստանի մասին, դա նույն բանն  է, որ սրտի բժիշկը աչքի վիրահատություն անի, ատամնաբուժական միջամտություններ անի, աղիքները վիրահատի: Հիմնականում ողջունվում են նեղ մասնագիտական գիտելիքները եւ դիրքորոշումները:

Ինչպես արդեն նշեցի, ես հաղորդման  միայն առաջին հատվածն եմ նայել, բայց տեսա, որ խոսում են մեր պատմության այլ դրվագների մասին եւս, այս պարագայում մենք գործ ունենք խիստ աղոտ, հեղհեղուկ ոչ ճշգրիտ՝ որպես փաստեր ներկայացվող ցանկությունների հիման վրա կառուցված հաղորդման հետ: Մենք պետք է զգույշ լինենք նման հաղորդումներից եւ դրանք տարածելուց, ու կարեւոր չէ, որ այնտեղ  մեկ-երկու գովեստի խոսք ենք լսում մեր մասին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031