Ավանդույթ է ձևավորվել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում՝ յուրաքանչյուր ամիս հանձնաժողովի անդամներով և աշխատակազմով այցելել համայնքներ, լսել բնակիչների բարձրաձայնած մտահոգությունները, խնդիրները և մեր իրավասությունների շրջանակում գտնել դրանց կարգավորման հնարավորությունները։ Նաև յուրաքանչյուր շաբաթ առանձին այցեր եմ իրականացնում տարբեր բնակավայրեր։
Այս անգամ հանձնաժողովի գործընկերներիս՝ Մարինա Ղազարյանի և Տիգրան Պարսիլյանի հետ եռօրյա այց ենք իրականացրել Լոռու մարզ, շրջայցեր ենք ունեցել Վանաձոր, Ալավերդի, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Գյուլագարակ և այլ համայնքներում։ Խնդիրները տարաբնույթ են՝ ներքին ոռոգման ցանցի բացակայություն, միջհամայնքային ճանապարհների հիմնանորոգում, ջրագծերի անմխիթար վիճակ, բարձրավոլտ էլեկտրաէներգիայի համար նախատեսված և վաղուց շարքից դուրս եկած հենասյուներ, ինքնակամ կառույցների սեփականաշնորհման հետ կապված դժվարություններ և այլ հարցեր։
Հավաքագրել ենք բոլոր խնդիրները՝ դրանց կարգավորման ուղիները քննարկելու նպատակով։
Իհարկե, նաև պետք է փաստեմ, որ վերջին մի քանի տարիներին շատ աշխատանքներ են արվել, բնակիչները գոհունակությամբ էին նշում Կառավարության համաֆինանսավորմամբ իրենց բնակավայրերում իրականացված մի շարք ծրագրերի մասին, որոնք շարունակական բնույթ են կրում։
Ռուստամ ԲԱՔՈՅԱՆ
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր