Ալիեւը, օգտվելով Հայաստանի լռությունից, առկա կամ ծագող խնդիրերը նենգափոխում է ոչ միայն հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերություններում, այլեւ միջազգային հարթակներում: Նա շատ հանգիստ ամենուրեք առաջ է տանում իր ստերը, գիտի, որ Փաշինյանը ձայն չի հանելու: Ավելին՝ Ադրբեջանի ղեկավարը հետեւողականորեն թելադրում է իր խնդիրներն ու պահանջները, իսկ հայկական կողմը, ի դեմս վարչապետի աթոռը զբաղեցնող անձի, հանձն է առնում դրանք աստիճանաբար (որպեսզի շատ աչք չծակի) իրականացնել: Դա պարզ երեւում է Փաշինյանի որոշ հայտարարություններից, որոնց բովանդակությունը, կարծես թե, Ալիեւի խոսույթի ու մտքերի արտացոլանքն է:
Այդպիսի ներդաշնակության օրինակները բազմաթիվ են, բայց հոդվածը չծանրաբեռնելու համար կբավարարվենք մի քանիսի հիշատակմամբ: ՀՀ Սահմանադրության տեքստում Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ, իբր, տարածքային հավակնությունների առկայության հենքին՝ տուրք տալով Ալիեւի դժգոհություններին, Փաշինյանը նախ՝ Անկախության հռչակագրի եւ Մայր օրենքի նսեմացման թեմա բացեց, որին ժամանակ առ ժամանակ անդրադառնում է տարբեր դիտանկյուններից, ապաեւ նոր Սահմանադրություն ընդունելու որոշում կայացրեց: Հռչակագրի խնդիրն անհամեմատ բարդ է, այն գրչի մի հարվածով չես լուծի՝ այստեղ գործ ունենք պետության ծննդյան վկայականի հետ, որքան էլ Փաշինյանն այն քամահրանքով «կադաստրի թուղթ» կոչի:
Դա նրա կողմից ՀՀ Անկախության հռչակագիրը, որն ամեն հայի հպարտության առարկան է, անվանարկելու առաջին քայլն էր: Հաջորդիվ նա չափն անցավ՝ հայտարարելով, թե մեր Հռչակագիրը պետության չգոյության մասին է: Ու այդպես Ալիեւ-Էրդողան զույգի ճաշակով ու ցանկությամբ հերթը պետական խորհրդանիշներին հասավ, ինչպես նաեւ՝ «Արարատ-Արագած», «Պետություն-Հայրենիք», «պատմական Հայաստան-իրական Հայաստան» հակադրություններին: Վերջերս էլ հրապարակ նետեց նոր բանավեճի օրակարգ՝ Արցախի հարցը համեմատելով իննամսյա անպտուղ հղիության հետ, իսկ «ազգ-բանակ» բանաձեւը դիտարկելով որպես աշխարհի կողմից Հայաստանին «ազգ-նահատակ» ընկալելու խթան:
Այդպիսով՝ մինչ Փաշինյանը մարդկանց գլուխները լցնում է խրթին, խառնիճաղանջ ու սնամեջ դատողություններով, իսկ դրանցից ազատ ժամանակն անցկացնում հեծանիվ քշելով կամ տիկնոջ ու դստրերի հետ արտասահմանյան «վոյաժների» մեկնելով, Իլհամ Ալիեւը նրա քթի տակ զորավարժանքներ է անցկացնում, շարունակ թարմացնում իր զինապահեստները եւ ակնհայտորեն նախապատրաստվում նոր ռազմական արկածախնդրության: Ո՞ւմ կամ ինչի՞ վրա է հույսը դրել մեր Գերագույն գլխավոր քաջնազարը, որի դեմքին մտահոգության, խանդի ոչ մի նշան չի ուրվագծված: Անգամ սիրիական աշխարհացունց դեպքերից հետո:
Կարդացեք նաև
Հայաստանի վաղվա օրը անորոշության մշուշով է պատված: Ալիեւը ՀՀ ղեկավարությանն ուղղորդում է բանակցություններ սկսել «Արեւմտյան Ադրբեջան» հորջորջվող համայնքի հետ, ինչը կնշանակի անհայտ, ապօրինածին ինչ-որ կազմավորման պաշտոնական ճանաչում: Ավելի մեծ նվաստացում միջպետական հարաբերություններում դժվար է երեւակայել, ավելի շառաչյուն ապտակ Փաշինյանը Ալիեւից չէր «կերել», էլ չասած պատվի ու արժանապատվության բացահայտ ոտնահարման մասին: Փաշինյանը հասկացա՞վ իր ստորացման դրդապատճառը: Հազիվ թե: Սա «Արեւմտյան Հայաստան» եւ «Արեւմտյան Ադրբեջան» հասկացությունների միջեւ հավասարության նշան դնելու հետեւանքն է: Վայելի՛ր:
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում