Ունքը դզելու փոխարեն
Ամենահետաքրքիրը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի արձագանքն էր: Սա Հակոբ Ասլանյանին իբր փոսից հանելու համար մի նամակ է ուղարկում, որ Հակոբ Ասլանյանն դնի իր էջում և որով պետք է զղջար իր հայտարարության համար, ասեր, որ ղալաթ է արել, ՔՊ-ն շատ էլ լավ կուսակցություն է:
Մինչ հանրությունը կղժժար նախարարի այս նամակի վրա, վերջինիս մամլո խոսնակն ավելի է ղժժացնում վիճակը, պարզաբանելով, թե «Հակոբ Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով», այ դրա համար էլ փորձել է օգնել:
Մտնում ենք Վիքիպեդիա, կարդում այս երկուսի կենսագրությունները: Գրված է. Հակոբ Ասլանյանը 2003-2010 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Երևանի թիվ 164 դպրոցում, իսկ 2010-2015 թվականներին՝ Երևանի թիվ 127 ավագ դպրոցում։ Մխիթար Հայրապետյանի կենսագրությունում էլ գրված է. 2007 թվականին ավարտել է Երևանի N127 դպրոցը։
Կարդացեք նաև
Ոնց գումարեցինք, հանեցինք, ինչ բանաձև կիրառեցինք, չի ստացվում. Հակոբ Ասլանյանը չէր կարող Մխիթար Հայրապետյանի ուսուցիչը լինել: Մխիթարը թիվ 127 դպրոցն ավարտել է 2007 թվին, ու նոր երեք տարի անց Հակոբ Ասլանյանը եկել է այդ դպրոց: Բա ո՞նց է դաս տվել: Շատ մութ պատմություն է: Երևի չաթով է փոքրիկ Մխիթարին դաս տվել, կամ օնլայն-ուսուցում, դպրոցական ժամերից դուրս: Էդ արդեն Փաշինյանի գործն է. թող վերցնի այս երկուսի հեռախոսներն ու մեջի եղածը ուսումնասիրի, հասկանա, թե ինչն է կապում Մխիթար Հայրապետյանին ու Հակոբ Ասլանյանին:
Շեֆից են սովորել
Բա որ իշխանական քարոզիչներից մեկը գրել էր, թե կուսակցության համամասնական ցուցակով ընտրված պատգամավորի մանդատի հարցը պիտի օրենքով փոխել: Թե էս ի՞նչ բան է, որ մեկը կուսակցության թևի տակ պատգամավոր է ընտրվում, իսկ հետո սկսում «խաղեր տալ»: Դա անբարոյականություն է:
Դե բարև ձեզ: Չեն էլ հասկանում, որ նման մտքերով Նիկոլ Փաշինյանին անբարոյականության մեջ են մեղադրում: Ձեր Փաշինյանը չէ՞ր, որ ժամանակին ՀԱԿ-ի ցուցակով պատգամավոր դարձավ, հետո սկսեց «խաղեր տալ», հետո հայտարարեց, որ էլ ոչ մի ՀԱԿ խմբակցություն, որ մենակ ՔՊ-ն է «ասնավանի», բայց մանդատը վայր չի դնելու:
Հիմա Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն արել են նույնը, ինչ Նիկոլ Փաշինյանը: Խմբակցությունից դուրս են եկել, բայց մանդատը վայր չեն դրել: Էլ ի՞նչ եք հիստերիկացել, օրենք-մoրենք հիշել: Մի հատ մտածեք, որոշեք, թե անբարոյականության պահը ոնց դզեք-փչեք:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»