Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր ուներ երկու ներկայացուցիչ:
Սկզբում պայքարի մեջ մտավ 109 կգ քաշային կարգում հանդես եկող Գարիկ Կարապետյանը: Մեր ծանրորդն առաջին մոտեցմամբ ցույց տվեց 183 կգ, որից հետո երկու անգամ չկարողացավ բարձրացնել 188 կգ ծանրաձողը, ընդ որում, նա վերջին մոտեցմամբ վնասեց ձեռքը եւ ի վիճակի չեղավ պայքարը շարունակել հրումում: Այդուհանդերձ, Կարապետյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Ավելի ուշ մրցահարթակը տրամադրվեց 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանին, որը, սակայն, մեդալների հավակնություն ի սկզբանե չուներ: Տաթեւը երկամարտում արձանագրեց 230 (105+125) կիլոգրամ եւ զբաղեցրեց 13-րդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ